44 գերի՞, թե՞ հերոս. ո՞վ է որոշում

Մհեր Արշակյան

44 հայ գերի վերադարձավ Հայաստան: Ու հասարակությունն անմիջապես երկփեղկվեց. մի մասի համար նրանք հերոս են, ավելի փոքր մասի համար, մեղմ ասած, հերոս չեն: Այս ավելի փոքր մասը բացարձակապես չգիտի, թե նրանք ինչ պայմաններում են գերի ընկել: 

Նրանց հերոս անվանողները, առնվազն, գիտեն` եթե նրանք մարտի դաշտում են եղել, արդեն սխրանք է:

Եվ, ընդհանրապես, նկատե՞լ եք`44 գերու արարքին որակում են տալիս նրանք, որոնք այդպես էլ չհասկացան, թե մյուսները, այսինքն՝ գերի չընկածները, ինչպե՞ս են ողջ մնացել այդ մսաղացի մեջ:

Կամ, հանրապետական Միհրան Հակոբյանը գրում է` պարտված բանակը հերոսներ չի ունենում:

Երիտասա՛րդ, գուցե նրանց շնորհիվ Ղարաբաղից ինչ-որ բան է մնացել հայերին, գուցե կռվի դաշտում նրանք կրակել են բոլոր փամփուշտները և նույնիսկ «պատվի», այսինքն՝ ինքնասպանության փամփուշտ չի մնացել մոտները թշնամու ձեռքը չընկնելու համար: 

Ավելին, ոչ միայն մեր գերիներն են հերոս, հերոսն այն ադրբեջանցիներն են, որոնք չեն սպանել մեր տղաներին:

Որոնք 44 հայ մոր անզավակ չթողեցին: Այն ադրբեջանցիներն են հերոս, որոնց գազանություններին Միհրան Հակոբյանը չի կասկածում, որոնք, գուցե, մեր տղաներին նվաստացրել են ինչպես կարողացել են, բայց նրանք հերոս են, որովհետև մեր տղաները կան: Ի՞նչ բազար եք ծավալել Ֆեյսբուքում:

Իբր թե մեզ սովորեցնում եք, թե ո՛ւմ ընկալենք հերոս: Վերջում էլ Միհրան Հակոբյանն ասում է, որ շնորհակալությունը պետք է հայտնել մեկ մարդու` Վլադիմիր Պուտինին: Չես հավատա, բայց եթե շնորհակալություն հայտնելով լինի՝ չափազանց շատ մարդիկ կան: 

Դու քեզ մի անգամ պատկերացրե՞լ ես գերու վիճակում, դու տեղյա՞կ ես, թե ինչեր են տեսել այդ տղաների աչքերը: Տեղյա՞կ ես, թե ինչն է նրանց ապրելու ուժ տվել, ու եթե ամբողջ երկիրը քեզ նման մտածեր, գուցե էդ տղերքը վախենային Հայաստան վերադառնալ: Էդ տղաները դեռ նույնիսկ իրենց մոր երեսը չեն տեսել, դուք այստեղ որոշում եք, թե ովքեր են նրանք Հայաստանի, այսինքն՝ նաև իրենց մո՞ր համար:

Ժողովո՛ւրդ, էս պատերազմը, որ տեսել են մեր տղաները, դեռևս աշխարհի ոչ մի ազգ չի տեսել, հենց միայն իրենց տեսածով են հերոս մեր տղաները:

Դո՛ւ` Միհրա՛ն, դո՛ւք` մյուսնե՛րդ, այսուհետև էս կյանքում կողմնորոշվելու եք ըստ նրանց տեսածի ու ապրածի, հասկանո՞ւմ եք, դուք երեխաներ եք ունենալու ու նրանց մարդ եք դարձնելու ըստ նրանց տեսածի ու ապրածի:

Ասենք թե էդ տղաները հերոս չեն, ասենք թե մի ծակ են գտել ու մտել դրա մեջ, որն իրենց չի փրկել: Բայց նրանք թշնամու մոտ են եղել, որին դուք թուրք եք ասում, ուրեմն բարի եղեք կյանքում տարբերել ուղղակի կռիվն ու մղձավանջները: Ուղղակի սսկվե՛ք: Ուղղակի մի՛ քննարկեք, թե ովքեր են այդ տղաները: 

Քիչ է մնում ասեք, թե ի՛նչ կարիք կար էդ տղաների համար ամբողջ աշխարհը խառնել իրար, նրանք պարտված բանակի զինվորներ են, թող վճարեն մեր պարտության համար:

Բայց էդ դեպքում Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհակալությունը սպառման տարածք չէր ունենա: Իրենց գերիների համար Իսրայելի պետական մոտեցման մասին չեմ ուզում գրել, նրանք նույնիսկ մարդ չեն ուղարկում բանակ, նրանք ՀՐԵԱ են ուղարկում ու ըստ այդմ տառապում գերի ընկած ՀՐԵԱՅԻ համար: Իսկ գերի ընկած ՀՐԵԱՆ պետության էս գլխից ունեցած քաղաքականությամբ է հասկանում, որ ինքը բանակում իր ազգի հերոսն է: 

Ուրեմն սպասեք, մինչև այդ տղաները կասեն` մեզնից ի՞նչ հերոս: Բայց միայն իրենց մորը, հորը, քրոջը գրկելուց հետո:

Մհեր Արշակյան

MediaLab.am