Պատերազմներում պարտված առաջնորդներն ու նրանց ճակատագիրը․ համառոտ ակնարկ. Fip.am

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունից հետո, որով Արցախի մի շարք տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, հայ քաղաքական ուժերն ու գործիչները սկսեցին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ պատերազմում պարտված ղեկավարը չպետք է շարունակի կառավարել երկիրը։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ դեկտեմբերի 5-ին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարեց, որ օրինաչափություն է, երբ պարտված և կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները հեռանում են:

«Պատմության մեջ ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է և իշխանությունը չի փոխվել. դա Իրաքի առաջին պատերազմն էր 91 թվին: Սադամ Հուսեյնը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգը օգտագործելով, հետո վատ ավարտեց՝ կախեցին»,- ասել է Քոչարյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վերջին 50 տարվա ընթացքում խոշոր պատերազմների պատմությունը՝ պարզելու, թե ինչ հետևանքներ են ունեցել դրանք պարտվող կողմի առաջնորդների համար: 

Հնդկաստան-Պակիստան երրորդ պատերազմ (1971)

Քաշմիրի համար մղված ռազմական երկու գործողություններից հետո՝ 1971 թվականին, Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվեց երրորդ պատերազմը՝ այս անգամ Արևելյան Պակիստանում (Բանգլադեշ), որի բնակչությունը պայքար էր մղում անկախության համար: Փաստացի, Հնդկաստանը միջամտեց Պակիստանի քաղաքացիական պատերազմին՝ որպես Արևելյան Պակիստանի դաշնակից, ինչի արդյունքում այն անկախություն ձեռք բերեց:

Պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունը դրվեց բանակի գլխավոր գերագույն հրամանատար, նախագահ Յահյա Խանի վրա, որը, ըստ նրա քաղաքական հակառակորդների, ձախողել էր պատերազմի պլանավորումը, ինչի հետևանքով երկիրը մասնատվել էր, իսկ 90,000 պակիստանցիներ գերի էին ընկել:

Պակիստանի նախագահն արդյունքում հրաժարական տվեց և հայտնվեց տնային կալանքի տակ

Նորանշանակ նախագահ Զուլֆիքար Ալի Բհուտոյիին հաջողվեց 1972 թվականին համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ, ինչի շնորհիվ 90,000 պակիստանցի գերիներ վերադարձան հայրենիք: Ավելին՝ Հնդկաստանը զորքերը դուրս բերեց պատերազմի ժամանակ նվաճած տարածքներից:

Ահեղ դատաստանի պատերազմ (1973) 

1973 թվականին արաբական մի շարք երկրների աջակցությամբ Եգիպտոսը և Սիրիան հարձակում սկսեցին Իսրայելի դեմ: Պատերազմում հաղթեց Իսրայելը՝ ռազմական գործողությունները տեղափոխելով Սիրիայի և Եգիպտոսի տարածքներ:

Չնայած դրան՝ պատերազմի սկսվելը և մարդկային կորուստները Իսրայելում ընդունվեցին որպես մեծ ձախողում: Իսրայելական ողջ կառավարությունը՝ վարչապետ Գոլդա Մեյերի ղեկավարությամբ, հրաժարական տվեց, թեև նրա կուսակցությունը հաղթել էր ընտրություններում նույն տարում:

Ի տարբերություն դրա, Եգիպտոսում և Սիրիայում առաջնորդները չփոխվեցին: Սիրիայում Հաֆեզ ալ-Ասադը նախագահի պաշտոնում մնաց մինչև մահ՝ 2000 թվականը: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը ղեկավարեց երկիրը մինչև 1981 թվականը: Նա սպանվեց իսլամիստ ծայրահեղականների կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: 

Հյուսիսային Կիպրոսի բռնազավթում (1974)

1974 թվականի հուլիսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու 3 տոկոսը։ Դրա արդյունքում Հունաստանի ռազմական խունտան ստիպված էր հեռանալ: Երկրում իշխանության եկան ժողովրդավար ուժերը: Օգոստոսին Թուրքիայի ուժերը կրկին ներխուժեցին և գրավեցին կղզու մոտ 34%-ը։

Օգադենի պատերազմ (1977-78)

1977 թվականին Սոմալիի և Եթովպիայի միջև Օգադենի շրջանի համար երկարամյա հակամարտությունը զինված փուլ մտավ: Պատերազմում Սոմալին ծանր պարտություն կրեց: 1979-ին Սոմալիի նախագահ, Սոմալիական հեղափոխական սոցիալիստական կուսակցության հիմնադիր, ռազմական գործիչ Մուհամեդ Սիադ Բարեն չհեռացավ պաշտոնից: Նա կառավարեց երկիրը մինչև 1991 թվականը, երբ ստիպված էր փախչել երկրից՝ սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով: 

Ֆոլկլենդյան պատերազմ (1982)

Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև Ֆոլկլենդյան կղզիների համար մղված պատերազմը սկսվեց 1982 թվականի ապրիլ 2-ին և ավարտվեց նույն տարվա հունիսի 14-ին՝ արգենտինական ուժերի պարտությամբ: 3 օր անց՝ հունիսի 17-ին, Արգենտինայի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, ռազմական խունտայի անդամ Լեոպոլդո Գալտիերին հրաժարական տվեց

Իրաքա-քուվեյթյան պատերազմ (1990-1991)

1990 թ․ օգոստոսին Իրաքը ներխուժեց Քուվեյթ՝ նավթային մեծ պաշարների տիրելու համար: Հաջորդ տարվա հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջեց Իրաքից զինված ուժերը դուրս բերել Քուվեյթից, սակայն երկրի նախագահ Սադամ Հուսեյնը հրաժարվեց: Ի պատասխան, ԱՄՆ-ի գլխավորությամբ 34 երկրներ սկսեցին ռմբակոծել Իրաքի ռազմավարական կարևոր օբյեկտները, այնուհետև կոալիցիայի զորքերը շարժվեցին արդեն դեպի Իրաք: Ի վերջո, Հուսեյնը ստիպված էր զորքերը դուրս բերելու համաձայնագիր ստորագրել: Պարտությունից հետո Սադամ Հուսեյնը պահեց իշխանությունը մինչև 2003 թվականը։

Ղարաբաղյան առաջին պատերազմ (1992-94)

Արցախի ազատագրական պայքարը լայնածավալ պատերազմի վերածվեց 1992 թվականին: Հրադադարի պայմանագիր կնքելու պահին՝ 1994 թվականին, հայկական կողմը վերահսկում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի գերակշիռ մասը և հարակից յոթ շրջանները: Պարտությունից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը չհրաժարվեց իշխանությունից և այդ պաշտոնում մնաց մինչև մահը՝ 2003 թվականը:

Հատկանշական է, որ Ալիևը պաշտոնում ընտրվել էր 1993 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ պատերազմի ավարտից ամիսներ առաջ: Նրանից առաջ Ադրբեջանը երկու նախագահ էր հասցրել փոխել՝ Աբուլֆազ Էլչիբեյը և Այազ Մութալիբովը

Չեչենական առաջին պատերազմ (1994-96)

1994 թվականին չճանաչված Իչկերիայի չեչենական հանրապետությունը ռազմական գործողություններ սկսեց Ռուսաստանի Դաշնության դեմ: Երկու տարի տևած պատերազմի արդյունքում Ռուսաստանի զորքերն ամբողջությամբ դուրս բերվեցին Չեչնիայից, իսկ հանրապետության կարգավիճակի մասին որոշումը հետաձգվեց մինչև 2001 թվականը:

Այս անհաջողությունից հետո ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հրաժարական չտվեց: Նա ղեկավարեց երկիրը մինչև 1999 թվականը: 

Կոսովոյի պատերազմ (1998-99)

Կոսովոյի պատերազմը սկսվել է Հարավսլավիայից (Սերբիա և Մոնտենեգրո) անկախության համար: Ալբանացիներին օդային աջակցություն էր տրամադրում  Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ): Ռազմական գործողությունների արդյունքում հարավսլավական զորքերը ստիպված էին լքել Կոսովոն, և տարածաշրջան մուտք գործեցին ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ զորքերը: Տարածաշրջանի վարչական ղեկավարումն անցավ տեղի ալբանացիներին, որոնք կազմում էին Կոսովոյի բնակչության մեծ մասը։

2000 թվականի նախագահական ընտրություններին մասնակցում էին Հարավսլավիայի երկար տարիների նախագահ Սլոբոդան Միլոշևիչը և Վոիսլավ Կոշտունիցան: Ընտրությունների առաջին փուլում գործող նախագահը հավաքեց ձայների 50.1 տոկոսը: Կոշտունիցան հայտարարեց, որ իր օգտին ձայները մի քանի հարյուր հազարով ավելին են եղել: Սկսվեցին զանգվածային ցույցեր դեմոկրատ թեկնածուի օգտին: Ի վերջո, Միլոշևիչը ստիպված էր հրաժարական տալ։ 

Ռուս-վրացական պատերազմ (2008)

2008 թվականի օգոստոսի 8-ին սկսվեց պատերազմ Վրաստանի և Ռուսաստանի միջև: Ռուսական զորքերն աջակցում էին Աբխազիային և Հարավային Օսիային, որոնք դեռ 90-ականներին պայքարում էինք ինքնիշխանության համար: Օգոստոսի 12-ին արդեն ռուսական զորքերը գտնվում էին Վրաստանի խորքում՝ Թբիլիսիից 35 կմ հեռավորության վրա: Այս պայմաններում օգոստոսի 16-ին ստորագրվեց կրակը դադարեցնելու մասին համաձայնագիր: Օրեր անց ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Պատերազմի արդյունքում Վրաստանը վերջնականապես կորցրեց վերահսկողությունը երկու շրջանների նկատմամբ:

Չնայած զանգվածային ցույցերին՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրաժարական չտվեց: Նա պաշտոնից հեռացավ 2013 թվականին՝ իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո: Դրանից հետո նա հեռացավ Վրաստանից և Ուկրաինայի քաղաքացի դարձավ:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե պատերազմում պարտված երկրների իշխանությունների հրաժարական տալը օրինաչափություն է, միանշանակ չէ: Կան մի շարք օրինակներ, երբ պարտված կողմերի առաջնորդները չեն լքել իրենց պաշտոնները: Սակայն հատկանշական է նաև, որն այդ իշխանությունները հիմնականում եղել են ավտորիտար համակարգի ներկայացուցիչներ: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում ներքաղաքական իրավիճակն ու պայմանները տարբեր են։ 

Լուսինե Ոսկանյան

www.Fip.am