«Հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են». Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն երեկ իր նստավայրում հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես փոխանցում են նախագահականից, Սարգսյանն ու Փաշինյանը քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: 

«Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները:

«Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի»,- ասել է Փաշինյանը:

Արմեն Սարգսյանն էլ ասել է, որ վստահ է, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների:

«Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում»,- ասել է Սարգսյանը:

Ի պատասխան Փաշինյանը նկատել է, որ շատ քննարկումներ կան, և մտավախություններ են հնչում, թե ինչ ուղով կընթանան Հայաստանում քաղաքական գործընթացները: «Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»,- ասել է Փաշինյանը:

Արմեն Սարգսյանն ասել է, թե ուրախ է լսել, որ այս ամենը կիրականանա:

«Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով իրենք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավարական երկիր: Ընտրությունն իրականում առաջին քայլն է»- ասել է Սարգսյանը:

Փաշինյանը նկատել է, որ «քանի որ մենք հեղափոխություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են»:

«Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել: Արևմտյան տեսաբաններից մեկը ժողովրդավարությունը բնորոշել է որպես առանց բռնության փոփոխությունների հնարավորություն: Ընդհանուր առմամբ նկատի է առնվում ընտրությունները, քվեաթերթիկով արված իշխանափոխությունը կամ հեղափոխությունը: Ես համոզված եմ, որ այդ ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանն էլ ի պատասխան հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: