Էրդողանն ասել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար հնարավորություններ կստեղծի

ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի, մասնավորապես այսպես կոչված «միջանցքի» մասին:

Պատասխանելով այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հարցին՝ Էրդողանը նշել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություններ կստեղծի:

«Այստեղ անցկացվելիք մայրուղին և երկաթուղին ամբողջ տարածաշրջանի երկրներին առևտրային և տնտեսական հնարավորություններ կտա: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Էրդողանը:

Նա նորից կրկնել է իր այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ևս կողմ է «6-յակ հարթակ» ստեղծելու իր առաջարկին: