Խորհրդարանական ընդդիմությունը աշխատում է իշխանության հետ. նրանք են իշխանության երկարատև կառավարման գլխավոր հենարանը. Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, ներքաղաքական կյանքի զարգացումների ֆոնին տեսանելի է ակնհայտ լարվածություն իշխանության ու Եկեղեցու միջև՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, որը գլխավորում է իշխանության հրաժարականի պահանջով շարժումը։ Ինչպե՞ս եք գնահատում առկա իրավիճակը։

– Բնականաբար, իշխանությունը պետք է ստեղծի այդպիսի լարվածություն, ու, ընդհանրապես, իշխանության կողմից քարոզչական միտումն այն է, որ այս շարժումը կապում են Եկեղեցու հետ, այնինչ Բագրատ Սրբազանն ու այլ հոգևորականներ, որոնք պաշտպանում են Սրբազանին, բազմիցս հայտարարել են, որ այս շարժումը Եկեղեցու շարժում չէ ու Եկեղեցու հետ կապ չունի, ստացել է Վեհափառի օրհնությունը, բայց շարժումը Եկեղեցու հետ կապ չունի։ 

Իշխանության հեռահար նպատակն այն է, որ եթե շարժումը հետագայում չհաջողի, իշխանությունը հնարավորություն ունենա պարծենալու, որ 1700-ամյա Հայ Առաքելական Եկեղեցին պարտվեց իշխանությանը։ Բնականաբար, Բագրատ Սրբազանն էլ փորձում է մարդկանց բացատրել, որ շարժումը Եկեղեցու հետ կապ չունի, որպեսզի նաև փարատի բոլոր այն կասկածները, որոնց մարդիկ, ելնելով անիրազեկությունից, հավատում են, թե այս շարժումը նպատակ ունի Հայաստանում հաստատել կղերական իշխանություն ու այսպիսի ցնդաբանություններ, ապատեղեկատվություն, որոնք տարածվում են հասարակության լայն շերտերում ու քարոզվում իշխանության կողմից։ 

– Ինչպես նշեցիք,  ապատեղեկատվության տարածումը որքանո՞վ է ծառայում նպատակին, և այն տարածվում է միայն իշխանությա՞ն կողմից։

– Ո՛չ իհարկե, քաղաքական դաշտը բևեռացված է, բացի նախկին իշխանություններից, որոնք այս պահին խորհրդարանում են, և ներկա իշխանությունից, կան նաև այլ շերտեր, որոնք իրականացնում են իրենց քարոզչությունը, բայց հիմնական քարոզչական երկու ճակատները պատկանում են իշխանությանը ու խորհրդարանական ընդդիմությանը։ 

Իմ դիտարկմամբ՝ այս պահին խորհրդարանական ընդդիմության ու իշխանության շահերը համընկնում են ապատեղեկատվություն տարածելու իմաստով, որպեսզի մեծ վնաս հասցվի շարժմանը։ 

Մենք տեսնում ենք, որ սկսվել են իրավական գործընթացներ, որոնք խորհրդարանական ընդդիմության դաշտում են: Այդ իրավական գործընթացները չեն կարող հաջողություն ունենալ այն պարագայում, որ որևէ ՔՊ-ական պատգամավոր չի համաձայնելու մասնակցել այդ գործընթացին, հետևաբար հարց է բարձրացվելու, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ծայրահեղ միջոց, վայր դնի մանդատները, ինչը ընդդիմությունը չի ուզում ու չի էլ անելու։ 

Եթե շարժումը հասնի այն կետին, որ կարողանա ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության վրա, որպեսզի մանդատները վայր դնեն, դա, բնականաբար, իրենց շահերից չի բխում, դրա համար թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ մեդիան մեծ մասամբ այս երկուսի ձեռքին է, տարածվում է ապատեղեկատվություն, որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ, թե իրականում ինչի՛ն է ծառայում այս շարժումն ու ի՛նչ նպատակ ունի: 

Իհարկե, շարժման խնդիրն էլ կա այստեղ, որովհետև հարթակից հնչեցին բազմաթիվ թեզեր, որոնք իրականում, իմ կարծիքով, վնասեցին շարժմանն ու ընկալելի չէին հասարակության համար։ Այն, որ այս գործընթացը միակողմանի զիջում է ու պետք է կասեցվի, ընդունելի թեզ էր մարդկանց համար, ու պետք է դրա վրա հիմնվել։ 

– Այսինքն՝ ձեր գնահատմամբ, խորհրդարանական ընդդիմությունը և՞ս կողմ չէ, որ այս շարժումն իրականում հաջողի։

– Ես բազմիցս նշել եմ, որ խորհրդարանական ընդդիմությունն աշխատում է իշխանության հետ, ու նրանք են իշխանության երկարատև կառավարման գլխավոր հենարանը։ Սա խորհրդարանական ընդդիմության ու իշխանության միջև քաղաքական պայմանագիր է, եթե իրենք ուզեին, որ շարժումը հաջողի, նրանք առնվազն կընկալեին այն քաղաքական միտքը, որը մենք վերջին ժամանակներս բարձրացնում ենք՝ կապված ժողովրդի կողմից իրենց նկատմամբ մտահոգությունների հետ։ Այդ մտահոգությունները փարատելու փոխարեն նրանք ավելի են սրում իրավիճակը ու ավելի ակնհայտ են ցույց տալիս, որ իրենք ունեն իշխանություն վերցնելու ձգտում, սա շատ է օգնում իշխանությանը։ 

– Տիկի՛ն Սամսոնյան, իսկ շարժումը հաջողելու շանսեր ունի՞, թե՞ ոչ։

– Ոչինչ չեմ բացառում։ Նախ պետք է ասեմ, որ 2018-ից հետո Հանրապետության հրապարակը ոչ մի անգամ այդքան մարդաշատ չէր եղել, ինչը նշանակում է, որ այս շարժումը ի սկզբանե ունեցել է հաջողություն, իսկ որպեսզի մեծացնի հաջողությունը, պետք է ունենա հստակ գործողությունների ծրագիր: 

Բացի քաղաքական նպատակից ու արժեքից՝ ես այս շարժումը նաև դիտարկում եմ շարժում ատելության քարոզի դեմ: Բոլորովին պատահական չէ, որ շարժման առաջնորդը հոգևորական է։ Քանի որ ատելությունը տարածում են քաղաքական գործիչները, քաղաքական խոսքը հիմնվում է միայն ատելության խոսքի վրա, բնական է, որ քաղաքական գործիչները չէին կարող առաջնորդել շարժում ու քարոզել համերաշխություն ու այսքան լայն կոնսոլիդացիա ապահովել։ 

Այո՛, կան քաղաքական ուժեր, որոնք փորձել են դա անել, մենք էլ ենք 2021-ին դա արել, բայց դա լայն զանգվածներին չի հասել, իսկ հոգևորականի կողմից այն հասանելի դարձավ, ու դա պետք է գնահատել։ 

Մյուսը՝ ես այս շարժումը դիտարկում եմ որպես շարժում ու պայքար տգիտության դեմ, այս շարժումը հնարավորինս վառ կերպով արտահայտեց իշխանության ներկայացուցիչների գիտելիքների չափը, պակասը պետության, Եկեղեցու, կրոնի ու քաղաքականության փոխհարաբերության վերաբերյալ։ Սա հիանալի ինդիկատոր էր, որպեսզի հասարակությունը հասկանա, թե իշխանությունը ի՛նչ պատկերացում ու վերաբերմունք ունի ազգային Եկեղեցու, պատմության վերաբերյալ ու որքանով է գիտակցում երկրի առջև ծառացած խնդիրները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am