Հայաստանը, մանավանդ կրած պարտությունից հետո, ի զորու չէ միայնակ իր սեփական անվտանգության երաշխավորը լինել. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի վժամանակ հետևյալ միտքն է արտահայտել․ «Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»։ Նկատի առնելով այն վիճակը, որում Հայաստանն է այսօր, որքանո՞վ է իրատեսական Հայաստանի համար այս բանաձևի կիրառումը։

– Այն, ինչին ականատես եղանք հարցազրույցի տեսքով, եթե վերնագրելու լինեմ՝ կասեմ «Իրականությունից կտրված «լեգիտիմականը»»։ Կարող ենք ֆիքսել հետևյալը, որ ունենք երկրի ղեկավար, որը բացահայտ կասկածի տակ է դնում Հայաստանի պետականությունն ու լինելությունը։ Կտրված լինելով իրականությունից՝ արտահայտում է ուտոպիկ մտքեր։ Ունենք ղեկավար, որն առ այսօր չի կարողանում պատասխանել, թե մենք ինչո՛ւ ենք դեռ շարունակում մնալ ՀԱՊԿ-ի կազմում։ 

Ձեր բուն հարցին անդրադառնալով ասեմ, որ Հայաստանը, մանավանդ կրած պարտությունից հետո, ի զորու չէ միայնակ իր սեփական անվտանգության երաշխավորը լինել, էլ ուր մնաց առանց արտաքին օգնության փորձի պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, առավելևս, երբ այս տանդեմը Շուշիի հռչակագրով կայացած գործոն է։ 

Եթե մենք ունենայինք ռազմաքաղաքական այնպիսի կարգավիճակ, հզոր բանակ, որը կարող էր սեփական անվտանգության մասին հոգ տանել, ես կասեի, որ շատ խելամիտ բաներ է ասում, միանշանակ պետք է առաջնորդվել այդ բանաձևով, բայց, նորից եմ կրկնում, Հայաստանն այս պահի դրությամբ իր ունեցած ռազմական ներուժով չի կարող դիմագրավել արտաքին ցանկացած մարտահրավերի, թեկուզ դա լինի միայն Ադրբեջանից եկող։ 

Մեր կարգի երկրները պետք է գոնե մեկ հեգեմոն երկրի հետ կա՛մ դաշնակցային հարաբերություններով հանդես գան՝ որպես ռազմաքաղաքական դաշնակիցներ, կա՛մ որևէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինեն։ Հիմա գործող իշխանությունը փորձում է ապառազմականացված երկիր ստեղծել, բայց իրենց մոտ դա չի ստացվում։ 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանը, ըստ էության, ուղիղ՝ առանց միջնորդի, գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների։

– Ցանկացած երկկողմ բանակցություն ողջունում եմ, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ այսպես կոչված բանակցություններն ընդամենը ադրբեջանական ղեկավար կազմի պարտադրած երկխոսության մասին է։ Ադրբեջանի ղեկավարը հենց երեկ է հայտարարել, որ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պատրաստած փաստաթղթի հիման վրա», հետևաբար չենք կարող խոսել բալանսավորված, հավասարակշռված բանակցությունների մասին։ Մեր ղեկավարությունը տրվել է սրան, ու այսօր մենք տեսնում ենք միակողմանի զիջումները։ 

Իմ դիտարկմամբ՝ սա Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն է, որ, այնուամենայնիվ, նրանք կարողացան այնպես անել, որ առանց միջնորդի, առանց միջազգային որոշակի մանդատների Հայաստանին ներքաշեցին երկկողմ բանակցության փաթեթի տակ ու կարողացան ճնշում գործադրելով հասնել իրենց նպատակին։ Այս համատեքստում տավուշյան դեպքերը դեռ նախերգանքն են, որովհետև դրանից հետո հասնելու են Գեղարքունիքի գյուղեր, հետո՝ դեպի հարավ և այլն, և այլն։

– Պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանը ինչպե՞ս կարողացավ հասնել ձեր ասած դիվանագիտական հաղթանակին, դրա համար կար միջազգային կոնսոլիդացիա՞, թե՞ հայկական կողմը չպնդեց, որ առանց միջնորդների ինքը չի բանակցելու։

– Մի շարք երկրներ ոչ թե ողջունում են ձեռք բերված երկկողմ համաձայնությունների մասով, այլ՝ ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները, բայց ոչ մեկը չի ասում, որ ողջունում են առանց միջնորդության գործողությունները, նրբությունը սա է։ Մի շարք երկրներ, ընդհակառակը, նշում են, սա ներքին ինֆորմացիա է, որ այս պարագայում մենք ոչ մի երաշխիք չունենք, որ ձեռք բերված երկկողմ համաձայնությունները հետո գործելու են, իսկ երբ կա միջնորդ, դա լուրջ հանգամանք է, որովհետև այդ պարագայում կողմերը «փախչելու» տեղ չունեն։ 

– Գլխավոր մեղավորը, պատճառը ո՞վ և ի՞նչն է, որ Ադրբեջանը կարողացավ հասնել երկկողմ բանակցելուն։

– Գլխավոր մեղավորը՝ որպես այդպիսին, Հայաստանն է, որը համաձայնել է, որ բոլոր գործընթացներն անխտիր այսուհետ պետք է իրականացվեն երկուստեք, դրանով իսկ ռիսկի տակ դրել մի շարք գործընթացներ, որոնք հիմա տեղի են ունենում ու ունենալու են հետագայում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am