Հայաստանցի միգրանտներին խորհուրդ են տալիս այս տարի զերծ մնալ ՌԴ մեկնելուց

Հայաստանցի միգրանտներին խորհուրդ են տալիս այս տարի զերծ մնալ ՌԴ մեկնելուց
Հայաստանցի միգրանտներին խորհուրդ են տալիս այս տարի զերծ մնալ ՌԴ մեկնելուց

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունից հետո դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիներից շատերը շարունակում են բախվել խնդիրների հենց ՌԴ սահմանին: Չնայած ԵՏՄ անդամակցությունից հետո երկրների աշխատաշուկաները դառնում են միասնական, ինչը ենթադրում է աշխատուժի ազատ տեղաշարժ, Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտներից շատերի մուտքը ՌԴ դեռ մնում է արգելանքի տակ:

Մասնագետները խորհուրդ են տալիս աշխատանքային միգրանտներին ծանոթանալ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությանը, իմանալ սեփական իրավունքները և հնարավորության դեպքում 2015 թվականին զերծ մնալ ՌԴ մեկնելուց: Այդ ժամանակահատվածում, նշում են մասնագետները, կավարտվի Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության դինամիկ փոփոխությունների ու խստացումների փուլը, և մարդիկ կտեսնեն որոշակիություն: Բացի այդ, այս պահի դրությամբ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի անկման և ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում սկսում կորել աշխատանքային միգրացիայի տնտեսական իմաստը:
 
Ըսկ փորձագիտական տվյալների՝ տարեկան Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում մոտ 200-220 հազար մարդ: Աշխատանքային միգրացիան նրանց ընտանիքների համար ապրուստի միջոց է: Արտագնա աշխատանքներից գոյացած գումարը, որը մասնավոր տրանսֆերտների տեսքով բանկերի միջոցով փոխանցվում է Հայաստան, տնտեսության, հատկապես սպառման ոլորտի համար ապահովում է լրացուցիչ միջոցներ:
 
Անցած տարում, սակայն, ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը, հիմնականում ռուբլու արժեզրկման պատճառով, կրճատվել է մոտ 10 տոկոսով:  2013թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 1 միլիարդ 727 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ին 1 միլիարդ 554 միլիոն դոլար:
 
«Հաշվի առնելով Ռուսաստանում տարբեր պատճառներով արդեն երկու տարի շարունակ ընթացող միգրացիոն օրենսդրության խստացումները և վատթարացող տնտեսական վիճակը, ես խորհուրդ կտայի Հայաստանի քաղաքացիներին հնարավորության դեպքում այս տարի զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց: Այս ընթացքում ՌԴ միգրացիոն քաղաքականության և Ռուսաստանի տնտեսական վիճակի մեջ կմտնի որոշակիություն: Կամ եթե մարդիկ պետք է մեկնեն և այլ տարբերակ չունեն, անպայման երաշխիք ստանան, թե որտեղ, ինչ աշխատանք և ինչ պայմաններով են առաջարկվում», – հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
 
«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ հունվարի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների հետևանքները Հայաստանի համար» թեմայով: Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման ազդեցությանն աշխատանքային միգրացիայի խնդիրների վրա հատկապես Շիրակի մարզում:
 
Քննարկման բանախոսներն էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության  Զբաղվածության պետական գործակալության Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Ամալյա Ադամյանը, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ Մկրտիչ Ճարտարյանը, ժողովրդագրագիր Ռուբեն Եգանյանը, Անդրեյ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավաբան Վանուհի Գասպարյանը, փաստաբան Թամարա Յայլոյանը և «Կոմպաս» hասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտաշես  Բոյաջյանը:
 
ՌԴ միգրացիոն օրենքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով միայն անցած տարի մոտ 50 հազար ՀՀ քաղաքացու մուտք արգելափակվել է այդ երկիր՝ 3-5 տարով: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի միգրացիոն ծառայությունւց «ռիսկի գոտում» գտնվում է ավելի քան 150 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր այս պահին գնտվում են Ռուսաստանում, և նրանց մուտքը կարգելափակվի, երբ դուրս գան երկրի սահմաններից:
 
Անցած տարի Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին, ըստ որի՝ ՌԴ մուտքն արգելափակված հայաստանցիների գործերը, համաձայն իրենց դիմումի, առանձին կարգով կքննարկի ռուսական միգրացիոն ծառայությունը: Բազմաթիվ ՀՀ քաղաքցիներ դիմել են ՌԴ միգրացիոն ծառայություն՝ իրենց գործերը վերանայելու և մուտքը դեպքի երկիր բացելու խնդրանքով, սակայն դիմումների միայն 30 տոկոսն է բավարարվում:  
 
Մինչդեռ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումները շարունակվում են: Թեև Հայաստանը, ինչպես նշում են բանախոսները, որպես ԵՏՄ անդամ, որոշակի արտոնություններ է ստացել, սակայն դրանք կիրառվում են կամայականորեն: 
 
«Բավականին մեծ արտոնություններ կան Ռուսաստանի միգրացիոն օրենքում ԵՏՄ անդամ երկրների համար, բայց միևնույն ժամանակ կան դեռ թերի կողմեր: Այն, որ աշխատանքի համար այլևս թույլտվություն չի պահանջվելու, արդեն բավականին մեծ արտոնություն է, քանի որ պատենտի երկարացման համար մեծ գումար էր պահանջվում», – նշեց  իրավաբան Վանուհի Գասպարյանը՝ հավելելով, որ երբեմն միգրանտների մուտքը Ռուսաստանը արգելափակում են անգամ 15 տարով, ինչն օրենքով նախատեսած չէ: «Սա բացարձակ հակասություն է, քանի որ օրենքը նախատեսում է առավելագույն 10 տարի ժամկետով արգելանք»,- հայտարարեց իրավաբանը։
 
Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ Մկրտիչ Ճարտարյանը, ով զբաղվում է Շիրակի մարզում նաև ՌԴ մուտքն արգելափակված աշխատանքային միգրանտների հարցերով, նշեց, որ ամենամեծ խնդիրն միգրանտների մոտ օրենքների մասին տեղեկացվածության պակասն է:  
 
«Ոչ մի հայ միգրանտ օրենքներին չի տիրապետում թե՛ մեր թե՛ Ռուսաստանի, և հանդիպում է լուրջ դժվարությունների: Ցանկացած հարցում այնտեղի իշխանությունները կարող են մեր միգրանտների հետ վարվել այնպես, ինչպես ուզում են», – ասաց նա: Ըստ քաղաքապետարանի ուսումնասիրությունների՝ մարդիկ, ովքեր դիմում են ներկայացրել ՌԴ մեկնելու և մերժում ստացել, նրանց 90 տոկոսը տեղյակ չի եղել օրենքներից: Անցած տարվա ընթացքում միայն 43 գյումրեցու արգելանք է հանվել, իսկ մյուսներին չի թույլատրվել սահմանը հատել։
 
Իրավական առումով խնդիր կա նաև արգելանքի բողոքարկման հետ, տեղեկացրեց փաստաբան Թամարա Յայլոյանը: «Միգրանտը տեսականորեն կարող է բողոքարկել արգելանքը, բայց դա այդքան էլ հետշ գործ չի: Բողոքարկելու համար նրանց տրվում է 10-15 օր, ինչ բավարար չէ անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու և համապատասխան կառույցներին ներկայացնելու համար», – նշեց նա:
 
Ամփոփելով քննարկումը՝ Ռուբեն Եգանյանը նշեց, որ թեև ԵՏՄ անդամակցությունը տեսականորեն նշանակում է կապիտալի, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժ, սակայն «գործնականում որևէ ակնկալիք չունեմ, որ Ռուսաստանում հայ միգրանտների վիճակը կբարելավվի»:

Մեդիա կենտրոն

http://www.youtube.com/watch?v=y8oJxxRoE9I