«Հասարակությունն արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով «կպայքարի», որ գործող նախագահը չդառնա վարչապետ». Արմեն Բադալյան

«Հասարակությունն արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով «կպայքարի», որ գործող նախագահը չդառնա վարչապետ». Արմեն Բադալյան
«Հասարակությունն արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով «կպայքարի», որ գործող նախագահը չդառնա վարչապետ». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

– Պարո՛ն Բադալյան, ապրիլի 9-ին ընդառաջ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքների շարք է սկսել: Ճակատի անդամները հանրությանը կոչ են անում դուրս գալ հանրահավաքների: Ըստ նրանց՝ պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ժողովրդից թալանված միջոցները վերադարձնել: Որքանո՞վ է իրատեսական այս քայլերի իրականացումը:

– Ոչ միայն այս, այլև արդեն վերջին 3-4 տարիների ընթացքում ընդհանրապես բոլոր հանրահավաքներն այլևս ոչինչ չեն տալիս: Նախ՝ մարդիկ ինտերնետի ու հեռուստատեսության միջոցով են հետևում դրանց, դրա համար շատ քչերն են մասնակցում հանրահավաքներին: Այդ հանրահավաքները սկսեցին ոչինչ չտալ 2008 թվականի մարտի մեկից հետո սկսված գործընթացների ժամանակ, հատկապես երբ 2011 թվականին սկսվեց, այսպես կոչված, երկխոսությունը:

Ահա այդ ժամանակ պարզ դարձավ, որ հասարակության մեջ ոչ մի դեր չի խաղում մոբիլիզացիոն գործոնը, քանի որ հասարակության մեջ այդ մոբիլիզացիան ուղղված է ոչ թե երկրի ներսում ինչ-որ գործողություններ իրականացնելուն, այլ արտագաղթելուն:

Դրա համար հանրահավաքներն այլևս ոչինչ չեն տալիս և չեն էլ տալու: Իհարկե, կլինեն հանրահավաքներ, երբ ընտրությունների ինստիտուտը նորից վերականգնվի: Այդ ժամանակ միգուցե հանրահավաքները նորից խորհրդանշական դեր կատարեն, բայց հիմա դրանք այլևս ոչ մի դեր չեն կատարում, անկախ նրանից, թե ով է կազմակերպում:

– Իսկ ի՞նչ կարելի է անել այս պայմաններում:

– Ես չեմ պատրաստվում խորհուրդներ տալ քաղաքական գործիչներին: Դրա համար պետք է դիտարկեն քաղաքական գործընթացները, իրենց առաջ նպատակ դնեն՝ ինչ-որ բանի հասնելու համար, տեսնել, թե հարևան երկրներում ինչպես են հասնում նպատակներին և այլն: Դա բավական բարդ մասնագիտական աշխատանք է, և նրանք, ովքեր սկսում են այդ գործընթացը, պետք է դրանով զբաղվեն:

– Մենք առաջին անգամ չենք լսում, որ քաղաքական գործիչները հայտարարում են անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին: Որքանո՞վ է դա իրականանալի քայլ:

– Անկախ նրանից, թե հանրահավաքում ինչ կխոսեն, դա բացարձակ անիմաստ քննարկում է: Ժամանակավոր կառավարության ստեղծում, կուլակաթափություն և այլն՝ դրանք ուղղակի անիմաստ հայտարարություններ են: Մարդիկ այդ մասին խոսում են, որովհետև կարծում են, թե դա է իրենց փրկությունը: Կամ միգուցե մտածում են՝ դրա պահանջարկը կա:

– «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ով որպես հանդիսատես միացել էր հանրահավաքին,  հայտարարել է, որ իրենք բռնի քաղաքական պայքարին կողմնակից չեն: Շատ են խոսակցություններն այն մասին, որ այսօրվա ընդդիմությունն իշխանությանը ձեռնտու դիրքերից է հանդես գալիս: Այդպե՞ս է։

– Ո՛չ, այդպես չէ: Այլ կերպ կարող ենք ձևակերպել՝ ոչ թե ընդդիմությունն է իշխանությունների համար ցանկալի ելույթներ ունենում, այլ հասարակությունը Հայաստանում արդեն «մահացած» է: Ա՛յ դա իշխանություններին ձեռնտու է: Հասարակությունը մտածում է երկրի մասին, իսկ եթե տվյալ երկրում հասարակությունը «մահանում» է և վերածվում բնակչության, այդ բնակչությունն սկսում է մտածել իր անձնական խնդիրները հեշտացված ու կարճ ճանապարհով լուծելու մասին:

Իսկ այդ շատ կարճ միջոցը կամ պայքարի ամենաարդյունավետ ձևը դա արտագաղթն է, ինչը մենք տեսնում ենք: Մարդիկ ուղղակի արդեն հեռանում են այս տարածքից: Դա տեղի է ունենում արդեն 2008 թվականի մարտի մեկից հետո: Եվ արտագաղթը կշարունակվի, երբ գործող նախագահը կդառնա վարչապետ: Կպայքարի՞ արդյոք հասարակությունը, որ գործող նախագահը չդառնա վարչապետ:

Այո՛, կպայքարի, բայց պայքարը տեղի չի ունենա իրեն սպառած հանրահավաքի միջոցով: Պայքարը տեղի կունենա արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով: Մարդկանցից շատերը հույս ունեին, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը կարող էր ինչ-որ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա կամ Հայաստանում ժողովրդավարության հաստատման վրա դրական ազդել, բայց տեսնում ենք, որ դա էլ տեղի չի ունենում:

Եվ, բնականաբար, մարդիկ այլևս չեն սպասելու, թե 2022 թվականին ինչ ընտրություններ կլինեն, հետո՝ 2027-ին, ուղղակի հենց այսօր արդեն գնում են, երեկ գնում էին, վաղը նույնպես գնալու են: Ահա պայքարը գործող նախագահի ու ապագա վարչապետի դեմ հենց այսպես կարտահայտվի:

– Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով դատախազությանը կոչ էր արել հարցաքննության կանչել Քոչարյանին: «Իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստ»,- ասել է Քոչարյանը: Ի՞նչ է սրանով նա հասկացնում քաղաքական դաշտին:

– Երկրորդ նախագահը շատ հստակ հասկացրեց, որ Մարտի մեկի միակ թիրախն ինքը չի դառնալու: Նա քննադատեց ընդդիմադիր գործչին, բայց հարցաքննության մասին խորհրդարանում ելույթներ ունեցան նաև ՀՀԿ-ական գործիչները: Ուղղակի այս հայտարարությամբ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատեց՝ եթե Մարտի մեկի միակ մեղավոր են փորձում ճանաչել երկրորդ նախագահին, ապա այդպես չի լինի:

Այնտեղ կան ուրիշ մեղավորներ, ովքեր հենց դրա կազմակերպիչներն են: Ես ենթադրում եմ, որ դա ուղղված չէր միայն ընդդիմադիր գործչին, այլ գործիչների ևս վերաբերում է, ովքեր կարող են փորձել ապրիլին սպասվելիք այս իշխանափոխության գործընթացում մեղադրանքի սլաքն ուղղել երկրորդ նախագահի դեմ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am