«Խայտառակություն է, ուղղակի բառեր չկան բնութագրելու այդ մարդկանց որակը». Արփի Դավոյանը՝ ընդդիմության որոշման մասին

Լուսանկարը՝ ԱԺ-ի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը

– Տիկի՛ն Դավոյան, ձեր խմբակցության որոշմամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Խորհրդարանական ընդդիմադիր ձեր գործընկերներն ասւմ են, որ տեղյակ չեն եղել հանձնաժողովի ստեղծման մասին։ Կխնդրեմ մանրամասնեք՝ ո՞րն է քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը։

– Քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը շրջանառվել է դեռևս պատերազմի ավարտից հետո, որպեսզի քննենք ու տեսնենք, թե ինչ խնդիրներ ու բացթողումներ կային, որոնք հանգեցրին այն իրողությանը, ինչ ունեցանք։ Դեռ դեկտեմբեր ամսին ենք խոսել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, հետևաբար որևէ մեկը չէր կարող այդ մասին չիմանալ։

Անգամ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ժամանակ, երբ ընդդիմությունն առաջադրում էր Ղազինյանի թեկնածությունը, անընդհատ շեշտում էր, որ իշխող խմբակցությունը չի ուզում նրան ընտրել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, որովհետև նա քննիչ հանձնաժողովում կարող է խանգարել իշխող խմբակցությանը։ Այսինքն՝ թեզը, թե իրենք տեղյակ չեն եղել, ես չգիտեմ ինչպես մեկնաբանել։

– Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունն էլ որոշել է, որ չի մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին։

– Դա ուղղակի անվանում չունի, որովհետև այդ մարդիկ, ըստ իս, խուսափում են ներկա լինելու այդ աշխատանքներին ու տեսնելու՝ ինչ է իրականում կատարվել։ Կարծում եմ, դա խայտառակություն է, ուղղակի բառեր չկան բնութագրելու այդ մարդկանց որակը, որևէ պատճառաբանություն չի կարող լուրջ ընդունվել։

Նախ՝ որ ասում են, թե դա իշխանության հանձնաժողովն է․ անհրաժեշտ է նկատել, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է համաձայն ՀՀ Սահմանադրության, ու ըստ այդմ այդ հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել միայն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, և, բնականաբար, քննիչ հանձնաժողովում մեծամասնություն է կազմելու օրվա իշխանությունը՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին իշխանությունը։ Դա սահմանված է Սահմանադրությամբ, այն Սահմանադրությամբ, որի համար իրենք իրենց կոտորել են 2015 թվականին, դա նույն Սահմանադրությունն է, մենք որևէ բան չենք խախտել։

– Ընդդիմության հայտարարության մեջ նշվում է, «որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։ Այս և այլ դիտարկումներին համակարծիք չե՞ք։

– Չեմ կարծում, թե արժի այդ և նման այլ ձևակերպումները մեկնաբանել։ Այդ հանձնաժողով կանչվելու են այն մարդիկ, որոնք առնչություն են ունեցել պատերազմական գործողություններին, անկախ նրանից՝ իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ են։

Ճիշտ կլիներ, որ այդ մարդիկ ներկա լինեին ու իրենց հուզող հարցերը տային հենց այն մարդկանց, որոնց մասին իրենք ասում են՝ դավաճան են։ Իսկ եթե չեն ուզում մասնակցել, մեզ մոտ արդեն հարցեր են ծագում, թե ինչո՞ւ են այդ մարդիկ հրաժարվում մասնակցությունից։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ չեն ուզում մասնակցել, տիկի՛ն Դավոյան, սա հերթական բոյկո՞տն է, թե՞ այլ պատճառ կա։

– Գուցե իրենք չեն ուզում իրենց պատասխանատվությունն ունենալ այդ հարցում, որովհետև ընդդիմության շատ ներկայացուցիչներ ևս մասնակցել են պատերազմին, ու կհնչեն նաև իրենց զինակից ընկերներին ուղղված շատ հարցեր, ու գուցե չեն ուզում ներկա լինել ու հարցեր տալ իրենց ընկերներին։

Գուցե նաև դա է պատճառը, չգիտեմ, համենայնդեպս, սա աբսուրդ է․ այդ մարդիկ շարժվում են իրենց օրակարգով, գերադասում են մեղադրել իշխանությանը։ Մասնակցելով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նրանց քննադատությունը գուցե կառուցողական կլիներ, բայց նրանք կառուցողականությունը դնում են մի կողմ ու ցանկանում շարժվել այն վարկածներով, որոնք իրենք են հորինել, որոնց հարմարվել են։ Նրանք չեն ուզում գալ կառուցողական դաշտ և իրենց քննադատությունը կառուցել փաստերի հիման վրա․ սա ուղղակի փախուստ է հանձնաժողովից ու օբյեկտիվ իրականությունից։

– Անկախ հանգամանքից, որ ընդդիմությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, հանձնաժողովը կգործի՞։

– Վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը կտրվի, մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում, այդ հանձնաժողովի անդամ չեմ։

– Քանի որ նման հանձնաժողովի նախադեպ արդեն ունեցել ենք, խոսքս ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին է, կարծում եք՝ այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքները գոհացուցի՞չ կլինեն, որովհետև նախորդի արդյունքներից հանրությունն այնքան էլ գոհ չէր։

– Մինչ բուն հարցին պատասխանելս, անպայման ուզում եմ նշել, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին նախորդ գումարման խորհրդարանական ընդդիմությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել ու իր ներդրումն է ունեցել աշխատանքների կայացման մեջ, ինչը գնահատելի է։ Նախկին խորհրդարանական ընդդիմությունը նման հարցերում շատ կառուցողական էր ու չէր շարժվում անձնական շահով, առաջին տեղում պետական շահն էր՝ ի տարբերություն այս ընդդիմության։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների եզրափակիչ զեկույցը կա ԱԺ-ի գաղտնի բաժնում, որին կարող են ծանոթանալ բոլոր պատգամավորները։ Զեկույցը հանրային հնչեղություն չունեցավ, որովհետև դրա հրապարակումը համընկավ 44-օրյա պատերազմի օրերի հետ։

– Տիկի՛ն Դավոյան, համեմատեցիք յոթերորդ և այս գումարման խորհրդարանի ընդդիմության գործելաոճը, ըստ ձեզ՝ ինչո՞ւ անգամ նման հարցերում ձեր ու այս ընդդիմության միջև համատեղ աշխատանքը չի ստացվում, և որքանո՞վ է խորհրդարանական աշխատանքների արդյունավետությունն այսկերպ ապահովվում։

– Նմանօրինակ գործելաոճը, որ որդեգրել է ներկայիս ընդդիմությունը, չի ենթադրում կառուցողականություն ու որևէ առողջ քննադատություն։ Նրանք ունեն օրակարգ ու դրանով են առաջնորդվում, իսկ դրա մեջ չեն մտնում պետական շահ, պետության համար կարևորագույն հարցեր։ Նրանք ուղղակի գալիս, ԱԺ ամբիոնից խոսում են այն, ինչ խելքներին փչում է՝ չմտածելով, որ իրենց որոշ ելույթներ ու արտահայտություններ կարող են վնասել ՀՀ-ին։

Մենք երբեք չենք խուսափել առողջ քննադատությունից, այո՛, ընդդիմությունը պետք է քննադատի, վեր հանի իշխանության սխալները, իսկ իշխանությունն էլ պետք է հաշվի նստի դրանց հետ ու փորձի շտկել սխալները, բայց այս ընդդիմության պարագայում առողջ քննադատությունն ուղղակի բացակայում է։ Հենց դրանով էլ պայմանավորված՝ խորհրդարանի վարկանիշը բավականին ցածր է, որովհետև Ազգային ժողովում հնչում են միայն մեղադրանքներ, այդ մարդիկ Հայաստանի համար որևէ կարևոր օրակարգ առաջ չեն բերում, ինչն էլ, իհարկե, խանգարում է խորհրդարանի աշխատանքներին։

Ընդդիմությունը կարևոր գործառույթ ունի, ինչը չի անում, ընդհակառակը՝ վնասում են խորհրդարանական աշխատանքներին, ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի քվեարկությունը դրա վառ ապացույցն է, որ նրանք առաջնորդվում են իրենց անձնական շահով ու նկրտումներով՝ հաշվի չառնելով պետության շահը։

– Ձեր բնորոշմամբ՝ անձնական շահով ու նկրտումներով շարժվելու ընդդիմության նպատակը ո՞րն է։

– Պատասխանը մեկն է․ այդ մարդիկ ուղղակի ձգտում են հասնել իշխանության, ու որևէ կառուցողական աշխատանք նրանց հետաքրքիր չէ, հետաքրքիր չեն ՀՀ-ի միջազգային վարկանիշը, ներքին խնդիրները, իսկ դա երևում է նրանց ելույթներից, գրառումներից։ Սա միայն իմ կարծիքը չէ, խորհուրդ կտամ շփվել մարդկանց հետ ու նրանց կարծիքն իմանալ այս խորհրդարանական ընդդիմության մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am