Փոփոխություննե՞ր. ի տարբերություն ՌԴ նախագահի` Հայաստանում Աստանայից ակնկալիքներ չունեն

Փոփոխություննե՞ր. ի տարբերություն ՌԴ նախագահի` Հայաստանում Աստանայից ակնկալիքներ չունեն
Փոփոխություննե՞ր. ի տարբերություն ՌԴ նախագահի` Հայաստանում Աստանայից ակնկալիքներ չունեն

Մինչ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե հույս ունի, որ մինչև դեկտեմբերի սկիզբը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը հնարավոր կլինի փաստաթղթի վերածել ԼՂ հարցի կարգավորման սկզբունքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանում այդ կապակցությամբ փորձագետները լուրջ ակնկալիքներ չունեն:
«Որևէ ակնկալիք չունեմ»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա չի բացառում, որ մինչև հանդիպումը ինչ-որ արդյունքի հասնելու համար հնարավոր է երկու կողմերի վրա էլ ճնշումներ գործադրվեն:
Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, թե «մինչև դեկտեմբերի սկիզբը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերել»:

«Եթե կողմերն առաջիկա ամսվա ընթացքում լավ աշխատեն, իսկ մենք նման հանձնարարություն մեր ԱԳ նախարարներին կտանք, ապա մինչև գագաթնաժողովը մենք ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակ կունենանք,- ասել է Մեդվեդևը` հավելելով,- հարցեր շատ կան, սակայն կողմերը ձգտում են համաձայնություն ձեռք բերել լուծում չստացած տեքստային բնույթի տարաձայնությունների շուրջ»:

Ստեփան Սաֆարյանը, սակայն, ասում է, որ կողմերի միջև անհամաձայնություններն այնքան շատ են, որ դրանք անհնար է մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել:

«Մեկ ամսում որևէ առաջընթաց չի կարող լինել, որովհետև առկա իրողությունները պետք է հաշվի առնել. սպառազինությունների մրցավազք, թշնամական հռետորաբանություն, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացում և, ի վերջո, կողմերի ծայրահեղ և տարբեր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:

ԱԺ պատգամավորը նաև ասում է, որ այդ առումով չպետք է մոռանալ, որ այն հայտարարությունը, որն ընդունվել է Աստրախանում, զուտ մարդասիրական բնույթ ունի և որևէ կապ չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման բուն պրոցեսի հետ:

Թեև աստրախանյան հայտարարությունը հայկական շրջանակներում լուրջ առաջընթաց չի համարվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրները` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, արձագանքել են այդ հայտարարությանը` դրական գնահատելով այն:

«Պաշտոնական Փարիզը ողջունում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Աստրախանյան համաձայնությունները կարող են նպաստել վերջին շրջանում հաճախացած` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը», – ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Համանախագահող մյուս երկրի` ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե ԱՄՆ-ը գնահատում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ:

Քրոուլիի խոսքով` Աստրախանում հոկտեմբերի 27-ին ստորագրված համատեղ հայտարարությունը «դրական առաջընթաց է շարունակվող բանակցային գործընթացի շրջանակներում, որի նպատակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է»: «Մենք հուսով ենք, որ ձեռբ բերված համաձայնությունները կիրականացվեն ամենակարճ ժամկետներում»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Աստրախանյան հայտարարությունն անակնկալ է եղել ՌԱՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համար:

«Ռուսաստանի նախագահի ճնշման տակ ադրբեջանական կողմը ստիպված էր համաձայնել վստահության կառուցման չափանիշների շուրջ, ինչը մինչև հիմա Ադրբեջանը մերժել է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ճնշումն աշխատել է»,- «Մեդիալաբին» ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետը, սակայն, որևէ ակնկալիք չունի Աստանայի գագաթնաժողովից: «Ես ինքս հոռետես եմ և ոչ մի նշանակալից բան չեմ սպասում»,- «Մեդիալաբին» ասում է ՌԱՀԿ-ի տնօրենը:

Մեդվեդևի հաջողության մասին է խոսել նաև ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակը մթնոլորտը մի քիչ հանդարտեցնելն էր, որն սկսել էր շիկանալ …Եվ Մեդվեդևին դա հաջողվեց»,- հայտարարել է Կիրո Մանոյանը:

Այդուհանդերձ, ըստ դաշնակցական պատգամավորի, աստրախանյան հանդիպումը այլ բան չտվեց: Կիրո Մանոյանը ևս այն կարծիքին է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովից ակնկալիքներ ունենալու հիմք չկա: Ըստ Մանոյանի` լավագույն դեպքում տարեվերջին ԵԱՀԿ-ն կարող է ԼՂ խնդրի հետ կապված որևէ մակարդակի հայտարարությամբ հանդես գալ՝ վերահաստատելով հակամարտության կարգավորման սկզբունքները:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Աստանայում ինչ-որ բան էլ ստորագրվի, ապա դա չի լինի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է բերել Ղարաբաղի հարցում առկա ներկայիս ստատուս քվոյի ֆունդամենտալ փոփոխմանը:

«Որովհետև ներկայիս ստատուս քվոն մնում է առավել անվտանգը թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի ռեժիմների և թե´ միջազգային հանրության ու տարածաշրջանում հիմնական դերակատարություն ունեցող խաղացողների շահերի տեսանկյունից»,- ասում է Մեհրաբյանը:

Իսկ Աստրախանում, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն ընդամենը հերթական անգամ վերահաստատեց իր գերակա դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Այն, որ կողմերի անհամատեղելի դիրքորոշումները մնում են, և հնարավոր զիջումների ուրվագծերն առայժմ չեն երևում, փաստ է: Եվ դրա համար կան նաև ներքաղաքական պատճառներ թե´ Հայաստանում, թե´ Ադրբեջանում»,- ասում է Մեհրաբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am