Հարձակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի շտաբի վրա. կոտրել են ապակե դռները․ Հժ

Այսօր առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները, գրում է Հայկական ժամանակը: 

Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը.

«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է եղել: Որից հետո հետ վերադառնալուց տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք: Եկել են, ամեն բան արձանագրել են»:

Հարցին՝ կասկածներ ունե՞ն, թե ովքեր կարող են արած լինել այդ ամենը՝ Պետրոսյանն ասաց, որ այդ կասկածները առկա են՝ հաշվի առնելով օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ միջադեպ.

«Մի քանի օր առաջ, երբ մեր շտաբի անդամները այստեղ քարոզարշավ էին անում,  քարոզարշավից հետո ինչ-որ երեխաներ՝ 4-12 տարեկան, մեր բուկլետները ճղրտում էին, բերում թափում շտաբի մոտ, հող, ցեխ, խոտեր լցնում մուտքի առաջ: Տարածքի բնակիչներն իմ նկարագրածով ասացին, որ կողքի շտաբի ղեկավարի երեխաներից է եղել մեկը: Դրանից հետո երեխաները դինամիկներ էին բերել, փորձում էին խանգարել, անկարգություններ անել, փորձեցի նկարել մեկին, 5-6 տարեկան տղա երեխա էր, թաքնվում էր ավտոտնակների հետեւում: Նկարեցի, ասացի՝ եթե դու մեկ անգամ էլ գաս, ես քո լուսանկարը փոխանցելու եմ ոստիկաններին ու քեզ պատժելու են: Դրանից հետո էլ չեկավ: Երեկ կուսակցության անդամները նկատել են, որ կարծես թե սեւ գույնի «Տոյոտա»-ով ինչ-որ մարդիկ են եկել, նայել են ովքեր են ներսում, թողել, գնացել են»,- ասաց շտաբի ղեկավարը:

Մեր հարցին, թե կողքի շտաբ ասելով ի՞նչ նկատի ունի՝ հավելեց, որ հարեւանությամբ միայն մեկ շտաբ կա եւ դա «Հայաստան» դաշինքի շտաբն է: 

«Ես տեսնում եմ, որ այնտեղից երեխաները գալիս են ու հետ են գնում նորից այդ շտաբ, հետո այնտեղից կրկին ուղղորդում են, գալիս են այստեղ, անկարգություններ են անում, նորից հետ գնում»:

Անահիտ Պետրոսյանն ասաց, որ վարձակալած տարածքը կվերանորոգեն, կշարունակեն աշխատանքը՝ հույս ունենալով, որ ոստիկաններին կհաջողվի բացահայտել տեղի ունեցածը եւ նաեւ կանխել հետագա միջադեպերը: