Այս տարվա 9 ամսվա տվյալներով 100 հազարով ավելի ՀՀ քաղաքացի է մեկնել երկրից, քան վերադարձել, բայց սա գնահատել արտագաղթ՝ սխալ է. Նելլի Դավթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը

– Տիկի՛ն Դավթյան, Հայաստանում միգրացիոն ի՞նչ իրավիճակ է: Կհաստատե՞ք այն տեղեկությունները, որ այս տարի գրանցվել է աննախադեպ արտագաղթ:

– Եթե ընդհանուր առմամբ գնահատելու լինենք այս տարվա միգրացիոն պատկերը, ապա ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի շատ դժվար է լինելու: Ինչպես գիտեք, 2020-ի թվերը իրենց վրա կրում էին COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների ազդեցությունը: Այս տարվա պատկերը ևս մեծապես կրում է նույն ազդեցությունը՝ գումարած, իհարկե, հետպատերազմական իրավիճակի հետևանքները, ու շատ դժվար է մեկնաբանել միգրացիոն պատկերն այն պարագայում, երբ տարվա ամբողջական պատկերը դեռ չունենք: 

Այս տարվա ամենաթարմ տվյալն այսօր 9 ամսվա վիճակագրությունն է, որում արձանագրվել են ՀՀ անձնագրով քաղաքացիների սահմանահատումները: Այս տվյալների համաձայն՝ մեկնողների թիվն անհամեմատ մեծ է ժամանողների թվից:

Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ ՀՀ քաղաքացու անձնագրով սահմանահատումների միգրացիոն սալդոն -103 հազարից ավելի է, ինչը նշանակում է, որ ավելի քան 100 հազարով ավելի ՀՀ քաղաքացի է մեկնել երկրից, քան վերադարձել, բայց մեկնաբանել այս թիվը դժվարանում ենք, որովհետև Հայաստանը, բացի նրանից, որ տարիներ շարունակ էմիգրացիայի երկիր է եղել, նաև հայտնի է իր սեզոնային աշխատանքային միգրացիայի բավականին ընդգծված դրսևորումներով:

Սա նշանակում է, որ մեր վիճակագրության առաջին եռամսյակի մեջ մենք սահմանահատողների մեջ միշտ տեսնում ենք դեպի ՌԴ մեկնողների ելքերը, իսկ տարվա վերջին եռամսյակում՝ տեսնում ենք նրանց մուտքերը: Այսօր վերջին եռամսյակի տվյալները դեռ չենք ամփոփել:

Բացի այդ, սահմանահատումների վիճակագրությունը շատ քիչ է միգրացիոն իրավիճակները վերլուծելու համար, որովհետև դրանք ուղղակի տեխնիկական ելումուտերն են, այսինքն՝ տուրիստական նպատակներով արվող, կամ նույն անձի կողմից մի քանի անգամ ելք ու մուտքի տվյալներ, որոնք ևս արտացոլված են ընդհանուր թվերի մեջ: 

Ահա թե ինչու մենք միշտ պնդում ենք, որ պետք է ունենալ հետազոտական տվյալներ, որպեսզի նախ՝ հնարավոր լինի խոսել արտագաղթի տվյալների մասին, և ապա՝ համոզված լինել, որ իսկապես գործ ունենք արտագաղթի հետ: Ինչպես գիտեք, Հայ-ռուսական համալսարանում գործում է աշխատանքային խումբ, որը գլխավորում է միգրացիոն փորձագետ Ռուբեն Եգանյանը, ու այժմ իրագործում են այդ հետազոտությունը, որի արդյունքները կամփոփվեն մյուս տարվա առաջին ամիսներին, որից հետո հնարավոր կլինի ավելի առարկայական ասել՝ ինչ է կատարվում 2021 թվականի Հայաստանի միգրացիոն գործընթացում:

– Հիմնական ուղղությունը, որ գնում են ՀՀ քաղաքացիները, Ռուսաստանի Դաշնությո՞ւնն է:

– Այո՛, 90 տոկոսով գնում են այնտեղ, ասեմ ավելին՝ առաջին եռամսյակի ելքերի ցուցանիշը համադրել ենք Ռուսաստանի Դաշնության մուտքերի թվի հետ ու նկատել, որ մեր ելքերի ավելի քան 80 տոկոսը գնում է Ռուսաստան, ու երբ տեսնում ենք Ռուսաստանի կացության կարգավիճակին վերաբերող տվյալները, նկատում ենք, որ այդ թվի 70 տոկոսից ավելին էլ իր մուտքը ձևակերպել է որպես աշխատանքային միգրանտ, դարձյալ հանգում ենք այն եզրակացության, որ այս տարի ավելի մեծ տեմպերով դրսևորվել է սեզոնային աշխատանքի մեկնելու երևույթը:

– Տիկի՛ն Դավթյան, իսկ ինչո՞վ եք բացատրում մասնագիտական հանրության պնդումները, թե գործ ունենք աննախադեպ արտագաղթի հետ: Մամուլում հրապարակվում են նաև հստակ թվեր, եթե չեմ սխալվում՝ 90 հազար մարդու մասին է խոսքը, որոնք անվերադարձ հեռացել են Հայաստանից:

– Դա բացարձակ անհիմն ձևակերպում է, որովհետև որևէ մեկը չի կարող այդ մասին խոսել, եթե ձեռքին չունի հետազոտական տվյալ, իսկ այդպիսին այս տարի դեռ չունենք: Որևէ մեկը չի կարող ասել՝ անվերադա՞րձ է այդ ելքը, թե՞ վերադառնալու է տարվա ավարտին կամ հաջորդ տարի: Դրանք բացառապես ուղևորափոխադրումների տվյալներն են, իսկ «անվերադարձ» բառն ավելացնում է լրագրողը սեփական հայեցողությամբ: 

Լրատվական դաշտում նշում են միայն «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակած թվերը, սակայն դա կոմերցիոն թիվ է ու միայն օդային ուղևորահոսքերի մասին է վկայում, բայց ընդհանուր պատկերը տեսնելու համար անհրաժեշտ է համադրել երկաթուղային և ցամաքային ճանապարհով գրանցված ուղևորափոխադրումները: Մենք մեր վիճակագրությունը եռամսյակը մեկ անգամ հենց այդ տրամաբանությամբ ենք հրապարակում:

– Միգրացիոն ծառայությունը տեղեկություններ ունի՞ այն քաղաքացիների թվի վերաբերյալ, որոնք ոչ օրինական ճանապարհով են լքում Հայաստանը՝ այլ երկրում բնակություն հաստատելու նպատակով:

– Այդպիսի վարչական ռեսուրս, որ կարողանանք հաշվարկել նման սահմանահատումները, ցավոք, չունենք ու երբևէ չենք էլ ունեցել:

– Նախորդ տարվա տվյալներն ունե՞ք, թե Հայաստանից քանի մարդ է մեկնել ու քանիսը՝ վերադարձել:

– Մենք չենք նույնականացնում գնացողներին ու եկողներին այն առումով, որ ուղղակի ունենք մուտքեր ու ելքեր, չգիտենք՝ վերադարձողներն այդ նո՞ւյն մարդիկ են, թե՞ նախորդ տարիներին գնացածները: Միգրացիոն մասնագետներից շատերը նկատել են, որ վերջին 2-3 տարիներին կուտակված աշխատանքային միգրանտներն են սահմանները բացվելուց հետո միանգամից դուրս եկել մեր երկրից, մի քանի տարվա կուտակված աշխատանքային միգրացիա է երկրում եղել: 

Անցյալ տարվա տվյալներով մի հետաքրքիր օրինաչափական խախտում է գրանցվել նախորդ տարիների համեմատ՝ ավելի շատ վերադարձել են ՀՀ անձնագրով քաղաքացիները, երկրից մեկնել են օտարերկրյա անձնագրով քաղաքացիները, ինչը պայմանավորված էր համավարակով, երբ Կառավարությունը կազմակերպեց ամբողջ աշխարհից ՀՀ այն քաղաքացիների վերադարձը, ովքեր ցանկացան: Նույնը արվեց նաև հակառակ ուղղությամբ՝ մարդիկ վերադարձան իրենց մշտական բնակության վայրեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am