Հունվար-հունիս ամիսներին Հայաստանն անվերադարձ լքել է 94.338 ՀՀ քաղաքացի. մասնագետները չեն շտապում արտագաղթի մեծ տեմպերի մասին պնդումներ անել

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյան (Medialab.am)

Չնայած անընդմեջ հնչող մտահոգություններին, երկրում տիրող տրամադրություններին և արտագաղթի մեծ տեմպերի մասին հնչող տարաբնույթ հայտարարություններին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը, այնուամենայնիվ, չի շտապում իրավիճակի մասին սպառիչ պատասխան տալ։

Միգրացիոն ծառայությունում սպասում են Հայ-ռուսական համալսարանում գործող հետազոտական խմբի ուսումնասիրության ավարտին, որպեսզի վերջնական արդյունք ներկայացնեն։ 

«Չենք կարող ասել, որ Հայաստանում արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է, քանի դեռ չի ավարտվել վերջերս անցկացված հետազոտությունը: Հետազոտությունն արվում է տնտեսությունից տնտեսություն շրջելով, համապատասխան հարցաթերթ լրացնելով, որից հետո պարզ է դառնում՝ արտագաղթ կա՞, և ո՞րն է դրա պատճառը»,- «Մեդիալաբի» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ծառայությունից։ 

Նույն հետազոտական խմբի ղեկավար, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Մեդիալաբին» ասում է, որ բոլորն այսօր խոսում են արտագաղթից, բայց ոչ ոք գաղափար չունի իրական պատկերի մասին։ Մինչդեռ քիչ, թե շատ իրական պատկեր ստանալու համար, ըստ Եգանյանի, լավագույն միջոցը մնում է հետազոտությունը, որն արել են նախորդ տարիներին ու շարունակում են նաև այս տարի:

«Կոնկրետ հետազոտությունը տնային տնտեսությունների հարցման ճանապարհով է արվում: Հարցաթերթային հարցման ճանապարհով այսօր էլ ընթանում է գործընթացը: Այնուհետև այդ տվյալները մուտքագրվում են, ստեղծվում է բազա, որը մշակվում է, դրանից ստացվում են որոշակի քանակական տվյալներ, կատարվում է դրանց վերլուծությունը, ամփոփվում է ու հաշվետվության տեսքով ներկայացվում է պատվիրատուին, Միգրացիոն ծառայությանն ու այլ շահագրգիռ կառույցների»,- ասում է Ռուբեն Եգանյանը: 

Ըստ նրա՝ այս տարի հետազոտությունը շատ դժվար է ընթանում, քանի որ դաշտում նկատվում է ոչ բնականոն վիճակ:

«Մարդկանց տրամադրությունները, մերժումներն են շատ-շատ, որը տվյալների առումով այս կամ այն չափով նվազեցնում է վստահությունը: Դժվարությունը կապված է նաև համավարակի ու մեր ապրած վերջին երկու աննորմալ տարիների հետ»,- ասում է հետազոտության ղեկավար Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքները պարզ կլինեն եկող տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին:

Մինչ այդ 2021 թ. առաջին ու երկրորդ եռամսյակների վիճակագրական հաշվետվությունից պարզ է դառնում, որ այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանողների թիվն ավելի քիչ է եղել, քան մեկնողներինը: Հաշվետվությունը, նկատենք, ստացվել է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա։

2021 թ. առաջին ու երկրորդ եռամսյակների մուտքերի ու ելքերի տարբերությունը (սալդո) բացասական է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Այս տարի 193.316 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, իսկ Հայաստանից մեկնել է 287.654 ՀՀ քաղաքացի, այսինքն՝ Հայաստանից մեկնողների թիվը 94.338-ով ավելի է, քան մեր երկիր ժամանողների թիվը։

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի 2017-2021 թվականի առաջին կիսամյակի սահմանահատումների տվյալների դինամիկան ցույց է տալիս, որ միայն 2020 թ. առաջին կիսամյակում է Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը 24.257-ով ավելի եղել Հայաստանից մեկնողների թվից: Մյուս տարիներին՝ 2017-ին, 2018-ին, 2019-ին և 2021-ին, Հայաստանը լքողների թիվը գերազանցում է երկիր մուտք գործողների թվաքանակը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով՝ վիճակագրական տեղեկատվությունը հավաստի պատկեր չի ներկայացնում:

«Դա պայմանավորված է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Կախված այն հանգամանքից, որ մարդիկ իրենց մեկնումն ու ժամանումը պաշտոնապես ընդունված կարգով չեն գրանցում, դատողություններն արվում են որոշ անհատական դեպքերից ու օրինակներից, բայց դրանք իրավիճակի հստակ պատկերը չեն արտացոլում»,- ասում է ժողովրդագիրը։ 

Նա ընդգծում է՝ իրականությանը քիչ թե շատ մոտ պատկերը տեսնելու համար պետք է սպասել հետազոտության արդյունքներին, որից հետո միայն հնարավոր է հիմնավորված խոսել միգրացիոն գործընթացների մասին, իսկ մինչ այդ ժողովրդագիրը նախընտրում է ձեռնպահ մնալ որևէ գնահատական տալուց:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am