Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու նրանց փոխկապակցված անձանց կալանավորումների ֆոնին Գյումրու քաղաքապետարանում անորոշ ու լարված իրավիճակը շարունակվում է։ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 15-ից հեռավար է աշխատում (փոխքաղաքապետներից Սուրեն Ջանոյանը տնային կալանքի տակ է, առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը մասնավոր այցով ԱՄՆ-ում է, թեև պաշտոնական հանդիպումներ է ունեցել Գլենդելի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ), իսկ աշխատակիցները չգիտեն՝ իրենց ինչ է սպասում, եթե իշխանափոխություն տեղի ունենա այս քաղաքում։
Թեմայի առնչությամբ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին
– Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում։
– Այս ամենը նոր չի սկսվել, հենց ընտրություններից անմիջապես հետո սկսվեց, որովհետև իշխանությունը չմարսեց այն հանգամանքը, որ Գյումրին չընտրեց ՔՊ-ին ու բոլոր ժամանակներում տարբեր ինտրիգներ եղան, իրենք գնացին համաձայնեցված կառավարման, որում քաղաքապետը «Բալասանյան դաշինքից» էր, փոխքաղաքապետները՝ ՔՊ-ից: Ավագանին ուղղակի բոյկոտեց, առաջին անգամ բյուջեն չհաստատեց, իսկ բյուջեն չհաստատելը, գիտեք, թե ինչ հետևանքների է բերում քաղաքի համար։
Ավագանիում բոլորն ազատվեցին, տեսան, որ որևէ հնարավորություն չկա, արդեն սկսեցին ձերբակալությունների շղթան, մարդկանց գլխին սարքելու շղթան։ Սա տիպիկ ՔՊ-ական է, անգամ ՀՀԿ-ի ժամանակ որևէ մեկը ռիսկ չէր անի նման բան անել, գիտեք, որ Գյումրին մշտապես ընդդիմադիր է եղել, ու որևէ մեկը չի կարողացել զոռբայությամբ ինչ-որ բան անել։
Հիմա փորձում են իշխանազավթում անել, ժողովրդավար կոչվող իշխանությունը բառացիորեն թքում է ժողովրդի երեսին ու ասում է՝ ոնց ուզեմ, այդպես էլ կանեմ։ Անգլուխ վիճակում է հիմա քաղաքը, անգամ աշխատողները, որոնք մնացել են, չգիտեն՝ ինչ է պետք անել ու չգիտեն, թե իրենց գլխին ինչ է գալու։
Սա մի անորոշ, սարսափելի իրավիճակ է, տապալեցին ավագանու նիստը, հավանաբար ուզում են մեկ-երկու անգամ տապալեն, պաշտոնակատար չընտրեն ու գնան արտահերթ ընտրությունների ու այդ կերպ փորձեն զավթել իշխանությունը, բայց ամենակարևորը՝ չունեն համապատասխան թեկնածու։ Մեկին ուզում են բերեն գցեն քաղաքի գլխին, իբր թե որպես մարզպետ ու պատգամավոր արդարացրել է իրեն, հիմա էլ քաղաքապետ պետք է լինի։
Գյումրեցիները շատ լավ են ճանաչում բոլորին, այլ բան է՝ կասեն, թե չեն ասի, գուցե չխոսեն, որովհետև գիտեն, թե ինչ ռեպրեսիաների են ենթարկվելու, բայց շատ լավ բոլորին գիտեն ու իրենց անելիքն անելու են։ Հիմա իշխանությունը վախեցած է, որ կարող է գնան արտահերթի և ուղղակի չհաղթեն, ինչը հավանական է, որ ամենամեծ տոկոսներով պարտություն են կրելու, որ չկարողանան անգամ համաձայնության գալ։ Նրանք պետք է լուռ ու հանգիստ իրենց տեղը նստեին «Բալասանյան դաշինքի» հետ համաձայնությունից հետո։ Գյումրեցին «Բալասանյան դաշինքին» չներեց ՔՊ-ի հետ համաձայնության գալու համար, նրանք դրանից հետո հույս ունեն, որ պիտի ընտրվե՞ն, մի հատ էլ իշխանությո՞ւն վերցնեն Գյումրիում, դա չի լինելու։
– Այսինքն՝ դուք բացառու՞մ եք, որ գյումրեցին իր քվեն կտա ՔՊ-ին։
– Այո՛, այն, ինչ կատարվում է հիմա Գյումրիում, ինձ թույլ է տալիս անել այդ պնդումը, միայն կոշտ ընտրախախտումների ու բացարձակ այլանդակությունների հետևանքով նրանք կարող են իշխանություն վերցնել Գյումրիում։ Ինչը, հավատացնում եմ, որ կանեն, գյումրեցու կամքով ու ընտրությամբ հաստատ չեն հաղթելու։
– Իսկ գյումրեցին ո՞ւմ է նախապատվությունը տալիս։
– Գյումրեցին իր նախապատվությունը տվել էր Վարդգես Սամսոնյանին, որը կառավարում էր: Ի դեպ ասեմ, երբ գյումրեցին իր նախապատվությունը տվեց, և Վարդգեսը գնաց ՔՊ-ի հետ կոալիցիայի, գյումրեցին դրանից շատ զայրացավ, ու տարբեր ձևերով ցույց տվեցին իրենց մոտեցումները։
Արդեն դա չէր ներվել, իսկ հիմա թե ում կտա, կախված կլինի նրանից, թե ովքե՛ր կլինեն թեկնածուները, իսկ մենք դեռ չգիտենք դա, տարբեր անուններ ու կուսակցություններ են շրջանառվում՝ «Բարգավաճ Հայաստանն» ունի թեկնածու, ՔՊ-ն ունի, «Հանրապետություն» կուսակցությունն ունի, դեռ հստակ չգիտենք։ Այստեղ կուսակցության լիդերը որևէ դեր չունի, դեր ունի այն, թե ինչ անձի են տանում քաղաքապետ, ու ովքեր են այդ քաղաքապետի ցուցակում, ի՛նչ անցյալ, պատիվ ու հարգանք ունեցող մարդիկ են։
– ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյա՞նն է, տիկի՛ն Հովսեփյան, նրա անունն են շրջանառում։
– Այս պահին քննարկվող անունը, այո՛, ես կարծում եմ, որ իրենք նաև գյումրեցիների տրամադրություններն էին ստուգում Կարեն Սարուխանյանով ու տեսան, որ վերաբերմունքը չափազանց բացասական է, որոշեցին խաղից դուրս հանել նրան: Վերջերս մամուլում տարածվեցին Կարեն Սարուխանյանի քեռորդու թմրանյութերի օգտագործման ու տարածման հարցով ինչ-որ կալանավորումների վերաբերյալ լուրեր, իբր ՔՊ-ն հենց նոր իմացավ: Այդ մասին 2018-ին, երբ նշանակվել եմ Շիրակի փոխմարզպետ, նշանակմանս հաջորդ օրն ամբողջ ծավալով գյումրեցիները ներկայացրել են, թե ո՛վ է Կարեն Սարուխանյանը, ես չեմ ճանաչել իրեն, ու ո՛վ է իր քեռին ու քեռորդին ու նրա ողջ ազգուտակին, թե ինչերի մեջ են՝ թմրանյութերի հետ կապված։
Այդ մասին գիտեին նաև նույն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, այլք, բոլորը գիտեին։ 2018-ից աչք էին փակում, որ ի՞նչ անեին, թույլ էին տալիս դրանց տարածվել, որ յոթ տարի հետո նոր կալանավորե՞ք։ Այս թեման նոր-նոր բարձրաձայնեցին, որ Կարեն Սարուխանյանին խաղից հանեն, հիմա էլ լուրեր շրջանառեցին, թե առաջարկել են, որ ինքն էլ անալիզ հանձնի, հանձնե՞ց։
– Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն ուզում, որ Գյումրիի քաղաքապետ լինի հենց իր թեկնածուն։
– Վերընտրվելու համար, որովհետև իրենց վարկանիշը զրոյական է, փորձում են հետագա՝արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել անհրաժեշտ լծակները, բայց չեն հասկանում, որ Գյումրին Իջևանը չէ՛, Գյումրին իր ասելիքը կասի՝ անկախ նրանից, թե ո՛վ է քաղաքագլուխը։
Ժամանակին մենք տեսել ենք, որ նույն ՀՀԿ-ն ոչինչ չկարողացավ անել Գյումրիում, չուզեցին ընտրել ՀՀԿ-ին, չընտրեցին՝ անկախ նրանից, թե ո՛վ էր քաղաքապետը։ Սա նոր բան չէ, ՔՊ-ն նույնը արեց Սիսիանում։
– Դուք կարծում եք՝ ուզում են ՏԻՄ-երը դարձնել կառավարելի, որ համապետական ընտրությունների ժամանակ իրենց համար հե՞շտ լինի։
– ՏԻՄ-երն այսպես թե այնպես իրենց համար կառավարելի են, այնպես չէ, որ նույն Վարդգես Սամսոնյանը իրենց համար կառավարելի չէր, պարզապես իրենք չէին կարող մարսել, որ Վարդգեսը ավելի բարձր վարկանիշ ունի, քան իրենք ամբողջ թիմով միասին Գյումրիում։ Նո՞ր իմացաք, որ պետք է ձերբակալեք Բալասանյանի տղային, կամ ինչու ազատեցիք ու նորից ձերբակալեցիք, խաղալի՞ք է, օրենք գոյություն ունի՞ այս երկրում։ Ոչ մեկը չի հասկանում՝ վերջապես այդ մարդը հանցանք կատարե՞լ է։ Նույն Բալասանյանի տղան, որին կալանավորել են, շատ ավելի բարձր վարկանիշ ունի Գյումրիում, քան ամբողջ ՔՊ-ի թիմը։
– Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչ հետևանքներ է ունենալու այս անգործությունը քաղաքի համար։
– Քաղաքի համար արդեն իսկ չափազանց ծանր իրավիճակ է։ Բավականին լարվածություն է առաջացնելու, որի հետևանքները շատ ծանր են լինելու, որովհետև ուշանում են մարդկանց աշխատավարձերը, կոմունալ բոլոր ծառայությունները։ Այն, ինչը քաղաքապետարանի հետ է կապված, ամբողջը խաթարվել է։ Երկարատև այս վիճակը բերելու է շատ ծանր հետևանքների, ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետև առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքում, որտեղ մարդը ամեն ամիս ստանում է որոշակի գումար ու օրերն է հաշվում, թե երբ պետք է գա հաջորդ ստանալու օրը, ու իրեն զրկեն իր էրեխու համար հաց առնելու հնարավորությունից, ուղղակի աբսուրդ է։ Արդեն ամսից ավելի է՝ քաղաքն անտեր են թողել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















