««Հայաստան» դաշինքը թույլ չէր տալու, դրա համար էլ հավելավճարի օրինագիծը հիմա ընդունեցին». Գեղամ Մանուկյան

Նորընտիր 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը պատգամավորներին տրվող 50 հազար դրամ հավելավճարը 5 անգամ բարձրացնելը այս իշխանությունների ամենափոքր մեղքն է համարում:

«Երանի սա նրանց միակ մեղքը լիներ: Որևէ տրամաբանություն չունի այս նախաձեռնությունը: Այս ԱԺ-ն շատ էր շտապում, որպեսզի պատգամավորների դրամական միջոցները մի փոքր ավելացներ հենց այս խորհրդարանում, որովհետև, կախված ՍԴ-ի որոշումից, ամեն դեպքում ապագա խորհրդարանում նրանք հանդիպելու էին արմատական, շատ ավելի սկզբունքային ընդդիմության, ինչպիսին «Հայաստան» դաշինքն է, և դժվար էր լինելու այդպես սղղացնելով նման նախագիծ անցկացնել»,- ասում է Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը հունիսի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների հավելավճարը 5 անգամ բարձրացնելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի ու Վիկտոր Ենգիբարյանի համատեղ նախագծով՝ նորընտիր 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները, Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրվանից՝ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար նախկինում հատկացվող ամսական 50000 դրամի փոխարեն կստանան 250000 դրամ:

Այս նախագիծը հանրությունը միանշանակ չընդունեց՝ եղան և՛ քննադատողներ, և՛ խրախուսողներ:

Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը շատ հստակ գիտի, որ պարգևավճարներով աշխատավարձը կրկնապատկելու աշխատելաոճը «Հայաստան» դաշինքը նրանց ուղղակի թույլ չէր տալու, դրա համար էլ այս օրենքի նախագիծն ընդունեցին:

Մանուկյանի համոզմամբ՝ այս նախագծով իշխանությունը ուղղակի լեգիտիմացրեց պարգևավճարները:

«Մեդիալաբի» հարցին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները կհրաժարվե՞ն այդ գումարից, թե՞ ոչ, Մանուկյանը պատասխանեց. «Իրականում դաշինքային որոշում չկա, նման տեսակետներ կան, բայց քանի որ պաշտոնական որոշում դեռ չկա, հստակ չեմ կարող պատասխանել»:

Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ սա անթույլատրելի էր նաև այն առումով, որ այս խորհրդարանը որոշում է կայացնում հաջորդ խորհրդարանի համար՝ նեղ դրության մեջ դնելով ապագա խորհրդարանի պատգամավորներին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am