Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը», – նշել է դիվանագետը:

Զախարովան շեշտել է, որ հարկավոր է վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում, զսպվածություն դրսևորել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացման և այլն», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում այս հարցում Արևմուտքի ներգրավվածությանը:

«Հենց նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», – ասել է Զախարովան:

Անդրադառնալով ավելի վաղ Էնթոնի Բլինքենի արած հայտարարությանը, որ Երևանը և Բաքուն շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել, Զախարովան ասել է, որ հարկավոր է մեկնաբանել արդեն տեղի ունեցած իրադարձությունները, իսկ այժմ մեկնաբանելու ոչինչ չկա: