«Կորոնավիրուս հայտնաբերվեց մոտս, վատ էի զգում, բայց գնում էի գործի». Սոցիալական պատասխանատվության և վտանգի արանքում

Բարձր ջերմությամբ և վատ ինքնազգացողությամբ Գայանե Եղիազարյանն օրեր շարունակ աշխատանքի էր գնում, մինչև մի օր անկողնուց ելնել ուղղակի չկարողացավ։ 64-ամյա Գայանեն աշխատում է Երևանի արվարձանային թաղամասերից մեկի մթերքի խանութում։ 

«Կորոնավիրուս հայտնաբերվեց մոտս։ Չէի պատկերացնում։ Վատ էի զգում, բայց գնում էի գործի։ Ո՞նց չգնայի… Գործս կկորցնեի, հազիվ էի գտել»,- «Մեդիալաբին» ասում է նա։ 

Հավաքարար էր, օրական վաստակում է 2500-3000 դրամ։ Ասում է՝ մտքով էլ չի անցել, որ օրեր շարունակ հիվանդ աշխատանքի գնալով՝ կարող է այլ մարդկանց վարակի պատճառ դարձած լինել։

«Ա՛յ ցավդ տանեմ, ինչի՞ մասին ես խոսում, բոլորն էլ գնում են։ Վատն էն ա, որ աշխատանքս կորցրեցի, բա ի՞նչ անենք, կոտորվե՞նք»,- ասում է նա։

2020 թ. մարտի 1-ին Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց կորոնավիրուսի առաջին վարակակիրը։ Այսօր Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը կազմում է 2775, վարակակիրների թիվը գերազանցել է 157948-ը։ Երկրորդ ալիքը, որ նկատվել էր 44-օրյա պատերազմի օրերին, կարծես գնալով նվազում է։ 

Գրաֆիկան՝ worldometers.info-ի

Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում օբյեկտիվ մի շարք պատճառներից զատ, վարակի տարածմանը նպաստում է զուգահեռաբար, տարբեր նպատակներով տարածվող կեղծ տեղեկությունը, թե վարակ իրականում չկա։ Որպես հետևանք բխում է մարդկանց սոցիալական անպատասխանատու վարքագիծը:

Մեր ազգը չի վարակվի / Շարժվող ծաղրանկար

Մեր ազգը չի վարակվի / Շարժվող ծաղրանկար#Մնատանը #ԻնքնամեկուսացումԽուսափի՛ր մարդաշատ վայրերին:

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Wednesday, April 15, 2020

Հիշեցնենք, որ վարակի բռնկման հենց սկզբից, ամիսներ շարունակ տարբեր խմբեր, այդ թվում՝ սոցիալական հարթակներ և մեդիաներ օգտագործելով, մարդկանց հավատացնում էին, թե կորոնավիրուսային վարակ գոյություն չունի՝ առաջ քաշելով դավադրապաշտական տարբեր տեսություններ։

«Բժիշկը» / Շարժվող ծաղրանկար

«Բժիշկը» / Շարժվող ծաղրանկարՄի՛ թույլ տուր, որ հիմարացնեն քեզ։ Խուսափի՛ր մարդաշատ վայրերից: Դիմակը կյանքեր է փրկում: #ինքնամեկուսացիր #մնատանը #ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Wednesday, June 10, 2020

Հորդորում էին՝ չտրվել իշխանությունների «սադրանքներին», չկրել դիմակ, անտեսել կորոնավիրուսի կանխարգելիչ կանոնները՝ հավաստիացնելով, թե ամեն ինչ արվում է մարդկանց չիպավորելու, կոդավորելու, ենթարկեցնելու կամ այլևայլ նպատակներով օգտագործելու համար։

Վերջին խոսք / Շարժվող ծաղրանկար

Վերջին խոսք / Շարժվող ծաղրանկար #Մնատանը #Ինքնամեկուսացում #սուտչի Խուսափի՛ր մարդաշատ վայրերից:

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Tuesday, April 21, 2020

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը կորոնավիրուսի ծանր ընթացքը հաղթահարած և ապաքինվածներից մեկն է, նշում է, որ մեր հանրության լայն շրջանակից պատասխանատվության գիտակցության առումով սպասելիքները առանց այդ էլ այնքան մեծ չէին։ 

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աննախադեպ աճի հետևանքով, Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի օրերին, երբ հետին պլան մղվեցին կանխարգելիչ միջոցառումներն ու սթափ մոտեցումը, առողջապահական համակարգը կոլապսի ենթարկվեց։

Առողջապահական գերատեսչությունը կոչով բազմիցս դիմում էր բնակչությանը՝ տեղեկացնելով, որ օրհասական այդ օրերին վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն չեն կարող մահճակալով ապահովել կորոնավիրուսով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում և հերթի մեջ գտնվող հարյուրավոր մարդկանց։ 

Մ՛ի հարվածիր թիկունքից / Շարժվող նկարազարդումներԿրի՛ր դիմակ: Փրկի՛ր կյանքեր:Մ՛ի հարվածիր թիկունքից: #Կրիրդիմակ

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Thursday, October 22, 2020

Մասնագետների դիտարկմամբ՝ քանի որ առողջապահության համակարգը չէր հասցնում պատշաճ ուշադրություն դարձնել հիվանդներից շատերին, այդ ընթացքում գրանցվեցին մահացության բարձր ցուցանիշ և ծանր ընթացքով դեպքերի աճ։

Պատերազմի օրերին՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսից մահերի թիվը կազմել է 629։

Երևանի բնակչուհի Անահիտ Մանուկյանի պատմությունը ճիշտ այն դեպքի մասին է, երբ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով տուժել են բազմաթիվ մարդիկ։ 

Կորոնավիրուսի հետևանքով ծանր օրեր ապրելուց և, ի վերջո, կազդուրվելուց հետո նա հիշում է, որ ամեն ինչ սկսվեց իր վարակվելուց մեկ շաբաթ առաջ։ Իրենց գրասենյակի աշխատակիցներից մեկը, ունենալով վարակի ակնհայտ նշաններ՝ հազ, քթից արտադրություն, առանց դիմակի աշխատանքի էր հաճախում՝ բոլորին համոզելով, թե սովորական ալերգիա է։ 

«Սարսափում եմ, երբ պատկերացնեմ՝ ինչ կլիներ, եթե ես էլ վարակեի ծնողներիս, որոնք քրոնիկական հիվանդություն ունեն։ Բարեբախտաբար, հենց կասկածելի նշաններ ունեցա, դիմեցի բժշկի, իսկ այդ ընթացքում ծնողներիս չայցելեցի։ Կարելի էր հիվանդ ժամանակ ուղղակի չգալ աշխատանքի՝ չվտանգելով քեզ ու մյուսներին։ Անպատասխանատվություն էր, ինչ ասեմ…»,- «Մեդիալաբին» պատմում է Անահիտ Մանուկյանը։ 

PR մասնագետ Դիանա Հարոյանը, կորոնավիրուսի բարդությունների մասին իմանալով, փորձել է հնարավորինս հետևել կանխարգելման կանոններին, որպեսզի չվարակվի և ուրիշներին չվարակի։ Ասում է՝ գիտակցում է, որ առավել քան կարևոր է ուրիշներին չվարակելը, չէ՞ որ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում դա կարող է ճակատագրական լինել։

Դիանան պատմում է, որ երբ նշանածը վարակվեց կորոնավիրուսով, ինքը որևէ նշան չուներ։ Սակայն որոշեց թեստ հանձնել և չգնալ աշխատանքի։ Ընդգծում է, որ եթե թեստ չհանձներ, երբեք էլ չէր իմանա, որ վարակվել է, ու կվարակեր շրջապատին, ինչը կարող էր ցավալի հետևանքներ ունենալ։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի գնահատմամբ՝ համավարակի շրջանում այն մարդիկ են ավելի մեծ պատասխանատվություն զգում մյուսների առողջության համար, որոնք, ընդհանուր առմամբ, արժևորում են մարդուն։ Ըստ նրա՝ նաև կրթական ցենզի խնդիր կա։ Թադևոսյանը նշում է, որ այս համավարակի ընթացքում դիմացինի առողջության հանդեպ ամենաանպատասխանատու վարքագիծ են դրսևորում հիմնականում կրթական ցածր ցենզ ունեցողները։ Նրանց արժեհամակարգն ավելի փակ, խմբային բնույթի է, կարևոր է լինել թաղի տղա, հետևել այդ փակ, խմբային կանոններին և դեմ գնալ հանրային կարգուկանոնին։ Իսկ այս երևույթը մեր հասարակությանը, ցավոք, խորթ չէ։

«Այդ մարդիկ նաև փնտրում են պատասխանատվությունից խուսափելու «մտավոր սնունդ», սնվում են տարբեր տեսակի դավադրապաշտական տեսություններից, պատրաստ են համարել այդ ամենը սուտ, կեղծիք։ Այդ մարդիկ, ընդհանրապես, ապրում են «Ամեն ինչ սուտ է», «Եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով, որը նեղ, փակ, խմբային մենթալիտետի հետևանք է»,- նշում է Թադևոսյանը:

Ըստ մասնագետի՝ այժմ առավել քան ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների առումով պատասխանատվության, նման գիտակցության ձևավորման խնդիր ունենք, որի ուղղությամբ պետք է աշխատել կրթական և այլ համակարգերի միջոցով։ 

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ևս նկատում է, որ մշակույթի պակասի խնդիր է, երբ մարդիկ, վարակակիր լինելով, կարող են առանց դիմակ կրելու տնից դուրս գալ և վարակը տարածել շրջապատի մարդկանց:

«Արդյոք մենք տեսնո՞ւմ էինք մարդկանց, որոնք դուրս էին գալիս մի քիչ մրսած վիճակում և դիմակ էին կրում, մենք ավելի շատ տեսնում էինք փռշտացող մարդկանց, հազացող մարդկանց, որոնք ոչ մի ձև չէին պահում դեմքը: Սա մշակույթի պակաս է։ 

Ի՞նչն է ամոթ, մի՞թե ամոթ է ատամները լվանալը, ձեռքերը լվանալը, մի՞թե ամոթ է վարակը չտարածելը»,- հարցադրում է անում Բաբայանը։

Կորոնավիրուսով վարակված և բուժված Դիանա Հարոյանը հավելում է, որ պետք է այս հարցին մոտենալ նաև խղճի խայթի տեսանկյունից և ավելի պատասխանատու գտնվել:

«Խնդրում եմ՝ պատկերացրեք մի իրավիճակ, որ երբ դուք պարզում եք, որ անզգուշությամբ վարակել եք շատ մարդկանց, և այդ մարդկանցից ոմանք, ցավոք սրտի, մահացել են: Պատկերացրեք ձեր հոգեվիճակը, մի՛ մտածեք էդքան ձեր վարակվել-չվարակվելու մասին, որովհետև երբեմն մարդիկ ասում են՝ ես առողջ եմ, ինձ բան չի լինի։ Ոչ մեկին էլ հաճելի է չէ ախտորոշվել դրական քովիդով, բայց պետք է անցնել այս ճանապարհը մաքսիմալ սթափ, գիտակցված և դրական տրամադրված»,- նշում է Հարոյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: