Կարանտինի «թաքուն» կողմերը. պլաստիկ վիրահատությունների թիվն ավելացել է. «Մտածեցի՝ տանն եմ, կվերականգնվեմ բոլորի աչքից հեռու»

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

Երկու տարի առաջ 23-ամյա Ալիսը որոշեց հիմնովին փոխել կյանքը։ Հրաժարվեց նոր սկսվող փոքրիկ բիզնեսից և մեկնեց Չինաստան՝ դպրոցում անգլերեն դասավանդելու։ Կորոնավիրուսը վրա հասավ, երբ Ալիսն իր հերթական հանգստյան օրերն էր անցկացնում Կամբոջայում։ Անկանխատեսելի սահմանափակումների և փակ ճանապարհների պատճառով չկարողացավ անգամ հետ գնալ Չինաստան՝ անձնական իրերի հետևից։ Կամբոջայից վերադարձավ Հայաստան՝ ձեռնունայն:

«Շատ հուսահատ էի, երբ վերադարձա, որովհետև այստեղ ամեն ինչ թողել էի՝ Չինաստանում ինչ-որ նոր բան սկսելու մտքով։ Նախ՝ Հայաստանում մի քանի ամիս որևէ բան չձեռնարկեցի՝ հույսով, որ կկարողանամ հետ գնալ, շարունակել աշխատանքս։ Հետո հասկացա, որ առաջիկա 1-2 տարիներին դա անհնար է։ Հոգեպես շատ ճնշված էի, աշխատանք չունեի, ընկերներիս տեսնել չէի կարողանում, ապագան խիստ անորոշ էր, հետո էլ՝ ամբողջ ընտանիքով կորոնավիրուսով վարակվեցինք»,– պատմում է Ալիսը։

Հոգեկան ճնշված վիճակը հաղթահարելու համար Ալիսը որոշեց հեռավար աշխատանքի տարբերակներ փնտրել։ Սկսեց տանը թարգմանություններ անել և անգլերենի հեռավար դասընթացներ անցկացնել՝ ցանկացողների համար։ Կարճ ժամանակ անց հասկացավ, որ կուտակած գումարը բավարար է մանկության երազանքն իրականացնելու համար:

«Որոշեցի քիթս վիրահատել։ Տանը բոլորը դեմ էին, ասում էին, թե ես դրա կարիքը չունեմ, բայց այն, ինչի մասին միշտ մտածել եմ և երբեք չեմ համարձակվել անել, հանկարծ շատ հնարավոր թվաց ինձ։ Կարծում եմ՝ խնդիրը նաև այն էր, որ այս ընթացքում զգալիորեն նիհարել էի, և քիթս ինձ ավելի մեծ էր թվում։ 

Այդպես որոշեցի ու վիրահատեցի։ Բժիշկն ասում է, որ վերջնական արդյունքի համար դեռ մեկ տարի պետք է սպասել, բայց այն, ինչ ստացվել է, ինձ արդեն շատ է գոհացնում։ Տարօրինակ է, բայց անգամ կապտուկներով և վիրակապով ինձ ավելի գեղեցիկ եմ թվում։ Մայրս կատակով ասում է, որ դեպրեսիայից դուրս գալու այս փորձս չափազանց թանկ էր»,– կատակում է Ալիսը։ 

Թեև կորոնավիրուսի համաճարակը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ բժշկության վրա, որոշ ճյուղեր, մասնավորապես, էսթետիկ և պլաստիկ վիրաբուժությունն աննախադեպ աճ են գրանցում։

Հայաստանում ևս էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության ոլորտը համաճարակի ընթացքում լուրջ վնասներ չի կրել։ 

Պլաստիկ վիրաբուժության համար, սովորաբար, ամենաշահութաբեր շրջանը մայիս-սեպտեմբեր ամիսներն են, երբ հատուկ այս ծառայություններից օգտվելու համար Հայաստան են այցելում օտարերկրացի պացիենտներ։

Չնայած համաճարակով պայմանավորված՝ 2020 թ․ արտերկրից պացիենտների հոսք չի եղել, այնուամենայնիվ, զգալիորեն ակտիվացած ներքին շուկան թույլ է տվել, որ ոլորտը լուրջ ֆինանսական կորուստներ չունենա:

«Գին–որակ համադրության մեջ Հայաստանն առաջարկում է բավական մրցունակ ծառայություններ, դեռևս զիջում ենք Թուրքիային, սակայն ռինոպլաստիկայի դեպքում աշխարհում լավագույններից ենք։ 

Այդ պատճառով էլ արտերկրից պացիենտներ շատ են լինում։ Այս տարի ոլորտը սպասարկել է միայն ներքին շուկան։ Հիմնական պրոցեդուրաները, որոնք այս տարի առավել պահանջված են եղել, կապված են եղել տարիքային փոփոխությունների շտկման հետ՝ կնճիռների հարթեցման, ուրվագծերի շտկման և այլն, շուրթերի ծավալի մեծացման, Հայաստանի համար ավանդական՝ քթի կառուցվածքի փոփոխությունների հետ։ 

Վերջին շրջանում շատ են դիմում նաև կրծքի վիրահատությունների համար, որոնց գինը սկսվում է 650 հազար դրամից։ Այս վիրահատությունը մինչև վերջերս Հայաստանում առանձնապես պահանջված չէր։ Դա պայմանավորված էր ներքին բարդույթներով և կարծրատիպերով, սակայն վերջին ամիսներին դիմելիության աճ է գրանցվել»,– ասում է պլաստիկ վիրաբույժ Թորգոմ Խաչատրյանը։

Վիրաբույժի խոսքով՝ տևական ժամանակ ճամփորդելու անհնարինությունը թույլ է տվել պացիենտներին ամենամյա արձակուրդի համար խնայած գումարն ուղղել արտաքին տեսքի շտկումներին։ Կանանց այս որոշման վրա ազդել է նաև հեռավար աշխատանքի հնարավորությունը, որի շնորհիվ պրոցեդուրաներից հետո տանը լիարժեքորեն վերականգնվելու և միաժամանակ աշխատելու հնարավորություն է ստեղծվել։

33-ամյա Նարեն ասում է, որ պլաստիկ վիրաբուժության դիմելու վերջնական որոշումը կայացնելիս իրեն մեծապես օգնել է կորոնավիրուսի հետևանքով տնից հեռավար աշխատելու հնարավորությունը։

«Հնարավոր է, եթե նման իրավիճակ չլիներ, ես նման որոշում երբևէ չկայացնեի,- «Մեդիալաբին» ասում է Նարեն,- մտածեցի՝ տանն եմ, վերականգնվելու ավելի լավ պայմաններ՝ հանգիստ, բոլորի աչքից հեռու, դժվար թե հետո գտնեմ»:

Նարեն երկու վիրահատություն է կատարել՝ մարմնի կորեկցիա և Հայաստանում ամենալայն «ժողովրդականություն» վայելող քթի ձևափոխում:

«Վիրահատություններն ընդհանուր շուրջ յոթ ժամ տևեցին, բայց գիտեի, որ հեշտ չի լինելու։ Որոշումս հստակ էր։ Արդյունքից էլ շատ գոհ եմ և երջանիկ։ Հիմա առավել ինքնավստահ եմ ու ավելի շատ եմ սիրում իմ նոր կերպարը»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Մասնագետների պնդմամբ՝ պլաստիկ վիրահատությունների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում անհամեմատ ավելացել է, սակայն այս ոլորտի մասին վիճակագրական ամփոփ տվյալներ Հայաստանում գոյություն չունեն։ 

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման՝ ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ «պլաստիկ վիրահատություն» վավերապայմանով վիճակագրություն դեռևս չի հավաքվում։ Վիճակագրական կոմիտեն ևս այս մասին տվյալներ չունի, քանի որ դրանք ստանում է առողջապահության նախարարությունից։

Թվային տվյալներ հավաքելու համար «Մեդիալաբը» դիմեց պլաստիկ վիրաբուժություն իրականացնող Հայաստանի 5 առաջատար կլինիկաներ, սակայն, հարցումները կրկին անպատասխան մնացին, քանի որ կլինիկաներից հրաժարվեցին որևէ տվյալ տրամադրել՝ պատճառաբանելով, թե «դրան կարող են դեմ լինել պացիենտները»։ 

Միակ տվյալը, որ առկա է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայում, վերաբերում է քթի պլաստիկ վիրահատություններին և խիստ մոտավոր է՝ տարեկան 8-12 հազար վիրահատություն։

ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, հոգեբան Արմինե Մանուկյանի կարծիքով՝ պլաստիկ վիրաբուժությանը դիմելու երկու հիմնական պատճառ կա՝ բժշկական ցուցում, երբ դա անհրաժեշտ է, օրինակ՝ քթի միջնապատի ծռություն կամ կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով առաջացած բարդությունների շտկում, և մարդու ցածր ինքնագնահատական:

«Կարանտինի պայմաններում, երբ մարդիկ ստիպված էին հիմնականում տանը լինել, բնականաբար, ավելացել է ընդունվող սննդի ծավալը, իսկ ֆիզիկական ակտիվության հնարավորությունները խիստ սահմանափակ են, ինչը բերում է քաշի ավելացման և ինքնագնահատականի անկման։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ տեսազանգերի համար օգտագործվող գաջեթների վրա տեղադրված տեսախցիկները, որպես կանոն, ավելի գեր են ցույց տալիս մարդկանց՝ կախված լույսից կամ ռակուրսից։ 

Հենց այդ պատճառով, իմ դիտարկմամբ, մարդիկ Հայաստանում հիմնականում փակում են տեսազանգի հնարավորությունը՝ սահմանափակվելով միայն ձայնային կապի հնարավորությամբ՝ ավելորդ սթրեսներից խուսափելու համար»,– ասում է հոգեբանը։

Ըստ նրա՝ հատկապես կանանց հոգեբանական վիճակի վրա ազդում է այն հանգամանքը, որ կարանտինի ընթացքում նրանք ավելի քիչ են հետևում իրենց արտաքին տեսքին, քանի որ կարող են իրականացնել իրենց բոլոր գործառույթները, այդ թվում՝ աշխատանքային, առանց դիմահարդարման, վարսահարդարման կամ պատշաճ հագուկապի:

The New York Times-ի իրականացրած հարցումները ցույց են տվել, որ աշխարհում պլաստիկ վիրահատությունների թվի ավելացման վրա ազդել է նաև մինչև համաճարակը լայն գործածություն չունեցող Zoom հավելվածի կիրառությունը։ 

Մինչ այս մարդիկ օգտվում էին տեսազանգի այնպիսի ծառայություններից, որոնք թույլ են տալիս «ֆիլտրեր» օգտագործել՝ որոշակի փոփոխությունների ենթարկելով սեփական արտաքինը։ Խմբային տեսազանգերի համար նախատեսված Zoom հավելվածը նման հնարավորություն չունի։ Այստեղ մարդն այն է, ինչ կա։

Հաշվի առնելով համաճարակի պայմաններում սոցիալական ցանցերում օգտատերերի ակտիվության, ինչպես նաև դրանց ունեցած հոգեբանական ազդեցությունը՝ Instagram-ը որոշել է հրաժարվել համալրված իրականության (augmented reality) բոլոր ֆիլտրերից, որոնք պլաստիկ վիրահատական միջամտության տպավորություն են թողնում՝ տեսանելիորեն մեծացնում են շուրթերը, լայնացնում աչքերը, փոքրացնում կամ նեղացնում քիթը, առավել ընդգծում այտոսկրերը։ 

Սոցցանցի հիմնադիրները նման որոշում են կայացրել՝ հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, որոնք փաստում են, որ արտաքին տեսքը փոխող ֆիլտրերն ազդում են օգտատերերի ինքնաընկալման և ինքնագնահատականի վրա, առիթ դառնում բարդույթների, հոգեկան լուրջ ապրումների և նևրոզների ձևավորման համար։

«Խնդիրը նաև այն է, որ կարանտինի ընթացքում, երբ մարդիկ ավելի ինքնամփոփ են դարձել, սոցիալական շփումներն ավելի քիչ են, մարդիկ ավելի շատ են մտածում իրենք իրենց մասին։ 

Մեզ՝ հայերիս, շատ բնորոշ է իրար նմանվելու ցանկությունը։ Շատերը խուսափում են ունենալ որևէ արտաքին առանձնահատկություն և փորձում են «շտկել» դրանք՝ հարմարեցնելով իրենց արտաքին տեսքը մեդիայի ստեղծած գեղեցկության կարծրատիպերին։ Իսկ մեդիայի սպառումը կարանտինի պայմաններում շեշտակի ավելացել է»,– բացատրում է  հոգեբան Արմինե Մանուկյանը։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am