Խաժամուժի բաժին հեղափոխությունը

Խաժամուժի բաժին հեղափոխությունը
Խաժամուժի բաժին հեղափոխությունը

Անարյուն հեղափոխության հերոսներ կարող են լինել բոլորը: Անխտիր: Սերժ Սարգսյանից սկսած: Ոստիկաններով ու Վովայի Արշակի տղաներով վերջացրած: Ամենահետաքրքիրը, սակայն, նրանք են, որոնք հեղափոխությունից հետո են դառնում նրա հերոսը: Դիմադրողները: Թեկուզ հոգու խորքում:

Ես, օրինակ, հեղափոխության հերոս չեմ: Չեմ դիմադրել, որովհետեւ նաեւ ընդդիմադիր չեմ: Ես լրագրող եմ: Պատմել եմ հեղափոխության մասին:

Փաշինյանն, իհարկե, չի ընտրելու, թե ովքեր էին հեղափոխության հետ եւ ովքեր էին նրա հակառակորդը: ՀՀԿ-ականներին նա գիտի: Նրա թիմակիցներն էլ կիմանան: Այս հեղափոխությունը իր «գիրկն» է առնելու նաեւ նրանց, որոնք գրեթե դասավորել էին իրենց կյանքը Սերժ Սարգսյանի ստեղծած անմարդկային համակարգի շնորհիվ: Այդ մարդիկ բացարձակապես չեն ուզում հենվել իրենց հնարավորությունների վրա, նրանք ուրիշի հնարավորություններով իրացվելն են ուզում: Հենց նրանք չեն կարող թույլ տալ, որ «իրենց ազնիվ ցեղը գնա ու կորչի»:

Հեղափոխության ժամանակ շքանշաններ ու տարբերանշաններ չեն բաժանվել, ոչ ոք չի կարող ասել, թե ով էր հեղափոխության հետ եւ ով՝ ոչ: Բազմաթիվ կոմունիստներ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղավորվեցին անկախ Հայաստանի իրականության մեջ:

Բազմաթիվ քաղքենիներ անկախ Հայաստանում փնտրեցին խորհրդային բարօրությունը, որը չգտնելով որոշեցին պատվաստել: Ի վերջո 30 տարի հենց նրանք էլ տնօրինում էին Հայաստանի Հանրապետությունը: Հենց այդպիսինների վրա էր հենված հատկապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Նրանք ստեղծեցին Էդուարդ Շարմազանովին, Սամվել Ֆարմանյանին, Արմեն Աշոտյանին եւ բազմաթիվ երիտասարդների:

Այդ երիտասարդները, Ֆարմանյանից բացի, կաշի չէին փոխել, բայց նրանք արդեն ունեին մի կյանքի հոտառություն, որտեղ իրենցից ստեղծագործական ջանքեր չէին պահանջվում: Նրանք պարզապես լավ կյանքի սրված հոտառություն ունեին եւ գիտեին, թե ումից ստանալ այդ կյանքը: Նրանք հրաշալի «ծնողներ» ունեին:

Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը որբացրել է ՀՀԿ-ի հովանավորությունը վայելող, բայց ասպարեզում չերեւացող շատ շատերին: Ստնտուն մեռավ: Բայց դա հույսի դուռ է նաեւ: Նոր իշխանությունն առավել անփորձ է երեւում: Նրանց զինանոցում գլխավոր զենքը՝ երբեք չհակադրվել իշխանությանը, չի ժանգոտում:

Այդպիսի մի ծաղրանկարիչ իր աշակերտին հենց այդպիսի խորհուրդ է տվել՝ չի կարելի քննադատել իշխանություններին, քանի որ առաջ գնալու հնարավորություն չես ունենա: Սերժ Սարգսյանի իշխանության բարիքները վայելած բազմաթիվ մարդիկ արդեն փնտրում են նույնիսկ իրենց ընդդիմացած լրագրողների ընկերությունը: Ֆեյսբուքում ընկերության առաջարկներ են անում, մաքրում են իրենց ֆեյսբուքյան գրառումները: Նրանք շատ բանի են պատրաստ: Նրանց կրեատիվը կյանքի պայքարում Քրիստոսի չարչարանքներից զերծ մնալն է: Նոր իրականությունում նրանք խաղալու են հին զինանոցով: Որոնք նաեւ հավերժական են:

Հեղափոխությունն ինքը վատ է կողմնորոշվում հակառակորդների հարցում:

Նա միայն ճանաչում է երեւացող հակառակորդներին: Փաշինյանն այդ իմաստով խնդիրներ է ունենալու: Նա գուցե բացելու է բոլորի ինքնադրսեւորման դռները, բայց շատերի համար այդ դռները բացվելու են մյուսների հաշվին: Չէ՞ որ ցանկացած իշխանություն հենվում է նաեւ սեփական անսխալականության վրա:

Նա յուրաքանչյուրի հայացքում փնտրելու է այդ անսխալականությունը: Եվ այն ի վերջո գտնելու է նրանց դեմքին, որոնք այդպիսին էին համարում նաեւ նախորդ բոլոր իշխանություններին: Ի դեպ, Նիցշեն այդպիսիններին համարում էր խաժամուժ:

Մհեր Արշակյան

MediaLab.am