«Երիտասարդները կոտրեցին շատ տաբուներ, կարծրատիպեր և փորձում են ստեղծել ժողովրդական պաշտոնյայի կերպար». Ստյոպա Սաֆարյան

«Երիտասարդները կոտրեցին շատ տաբուներ, կարծրատիպեր և փորձում են ստեղծել ժողովրդական պաշտոնյայի կերպար». Ստյոպա Սաֆարյան
«Երիտասարդները կոտրեցին շատ տաբուներ, կարծրատիպեր և փորձում են ստեղծել ժողովրդական պաշտոնյայի կերպար». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, այս փուլում բուռն քննարկվում է կառավարության անդամների նշանակումների հարցը: Հանրության մի մասը կողմ է երիտասարդ կադրերի նշանակմանը, բայց կան նաև քննադատողներ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումներն ու իրավիճակը:

– Քննադատությունները շատ տարբեր են, դրանցից ոչ բոլորին եմ համամիտ: Ես ճանաչելով մարդկանց և չկասկածելով նրանց ազնվության հարցում՝ փորձում եմ այդ քննադատություններում ռացիոնալ հատիկ տեսնել: Բայց կան քննադատություններ, որոնք ակնհայտորեն կամ անտեղյակության, կամ շտապողականության հետևանք են, կամ էլ ուղղակի նոր կառավարության ձախողումը տեսնելու մեծ ցանկության արդյունք:

Որքան էլ հասարակությունը փոփոխություններ էր ուզում, այնուամենայնիվ հասարակության ընկալումներում պաշտոնյան միջին կամ բարձր տարիքի ծանրակշիռ մարդ է, ով ծառայողական մեքենաներով է շրջում: Եվ այս կարծրատիպերի ֆոնին, բնական է, որ պետք է քննարկման առարկա դառնար կառավարության երիտասարդ կազմը:

Բայց, ի վերջո, այս երիտասարդները կոտրեցին շատ տաբուներ, կարծրատիպեր և փորձում են ստեղծել շատ ժողովրդական և ժողովրդի հետ հետադարձ կապը պահող բարձրաստիճան պաշտոնյայի կերպար, ինչը շատ ողջունելի է: Նրանց գործունեությանը առաջին գնահատականը հնարավոր կլինի տալ, երբ նրանք ներկայացնեն կառավարության ծրագիրը, և մենք տեսնենք, թե իրենց ոլորտում ինչ տեսլական ունեն, ինչ բարեփոխումներ են փորձում իրականացնել: Երկրորդ գնահատականը կկարողանանք տալ 100 օր անց, երբ նրանք արդեն ինչ-որ տեսանելի քայլեր կատարած կլինեն այս ուղղությամբ:

– Հասարակությունը կարծես ուզում է փոփոխությունների արդյունքները շատ արագ տեսնել` այսօր և հիմա:

– Այո, ակնհայտ է, որ հասարակության սպասումները շատ մեծ են, մարդիկ այս փոփոխություններին շատ երկար են սպասել և շտապում են, ուզում են արդյունքները շատ շուտ տեսնել: Այս կտրվածքով մարդկանց կարելի է հասկանալ, բայց այդպես չի լինելու: Ես ուզում եմ, որ սթափվենք այս հեղափոխական մթնոլորտից և հասկանանք, որ բաներ կան, որոնք միգուցե կարճ ժամանակահատվածում կլինեն: Եվ այս առումով մենք որոշակի արդյունքներ տեսնում ենք կրթության, մաքսային և այլ ոլորտներում: Բայց կան խնդիրներ, որոնց լուծման ու արդյունքների հասնելու համար դեռ ժամանակ է պետք: Եթե բարեփոխումները սկսվեն հենց վաղը, միևնույն է, մենք վաղը չենք վայելելու դրանց արդյունքները, ինչպես եղավ Վրաստանում կամ որևէ այլ հաջողված տարբերակում:

– Նաև քննադատություններին ի պատասխան հանրության մի հատված ասում է՝ «թողեք թող աշխատեն», հետո կտեսնենք արդյունքները:

– Ինչ վերաբերում է՝ «թողեք թող աշխատեն» կոչերին, այստեղ էլ կա մի խումբ, որը փորձում է ուղղակի վերացնել քննադատությունը, ինչը մեզ էլ է վախեցնում: Նույն տիպի զանգված գոյություն ուներ նաև նախկին իշխանության օրոք: Նրանք պատեհ-անպատեհ առիթով քննադատներին փորձում էին լռեցնել, արդարացումներ բերել կառավարողների համար:

Բայց մի խումբ կա, որի մտահոգություններն ինձ համար հասկանալի են: Դա այն խումբն է, որը վախենում է, որ հաղթանակն իր ձեռքից կարող են խլել: Այդ խումբը պոզիտիվ ագրեսիվություն ունի, որովհետև տեսնում է, որ կան կառավարության ձախողման մեջ շահագրգիռ ուժեր, կան հեղափոխությունը հետ շրջելու և կոնտրհեղափոխության հարցում շահագրգիռ ուժեր: Այնպես որ, այս փուլում զգացողություններն ու տրամադրությունները խառն են, ամենատարբեր շահեր ու դիրքորոշումներ կարող են լինել: Եվ բնական է, որ հենց այսպիսի խառը պատկեր էլ պետք է ունենայինք:

Ինչ վերաբերում է նոր նախարարներին, նրանցից շատերը գրավոր ու բանավոր երաշխիք չեն թողել, որ կարողանանք գնահատել նրանց պոտենցիալը: Հրապարակված կենսագրությունները քիչ են, կրթություն ունենալն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ի վերջո, հասարակությունը սպասում է ռեֆորմատոր նախարարների:

– Կարո՞ղ ենք այս երիտասարդների մեջ տեսնել ռեֆորմատորների:

– Իհարկե կարող ենք: Բայց պետք է շատ նորմալ վերաբերվենք, որ նրանց թվում կարող են լինել մարդիկ, ովքեր այդպիսին չեն: Հուսանք, որ կառավարությունն ինքն իր փոփոխություններն ու շտկումները կանի՝ տեսնելով ու գնահատելով նրանց աշխատանքը: Հարյուրավոր նշանակումներ են կատարվում այս օրերին և դեռ կատարվելու են: Այնպես չէ, որ բոլոր նշանակումներն են հաջողելու, այնպես չէ, որ ամեն ինչ 100 տոկոսով լավ է լինելու: Դեռ գնահատելու ժամանակ կունենանք: Համենայնդեպս, ես կարծում եմ, հիմա մի բան հանրապետությունում վերին աստիճանի ճիշտ ու լավ է՝ դա հասարակության ու քաղաքական համակարգի առողջացման միտումներն են: Հիմա գոնե կան հարցեր, և բոլորը փնտրում են պատասխաններ: Եվ կան նաև դրական սպասումներ՝ վաղվա հետ կապված, ինչը նույնպես նախկին լճացման պայմաններից լավ է: Դրական անորոշություն կա, որ մարդն ուզում է ապրել մինչև վաղը և հասկանալ, թե վաղն ի՛նչ է լինելու, կամ ո՛րն է լինելու այդ հարցի պատասխանը վաղը: Իսկ մինչ այս փոփոխությունները բոլոր հարցերի պատասխանները կարծես հայտնի էին, բոլոր փոփոխությունների մասին կանխատեսումները կանխատեսելի էին:

– Այսինքն՝ արդեն մի քանի ամիս անց կարո՞ղ ենք ռեալ գնահատել այս կառավարության գործունեությունը:

– Իհարկե, այսօր էլ արդեն ես ռեալ տեսնում եմ կրթության համակարգում կատարվող քայլերը, տեմպը: Եվ վստահ եմ, որ որոշ բաներ շատ արագ կանխվելու են, մթնոլորտը շատ արագ առողջանալու է: Այնպես չէ, որ բոլոր բաներին համաձայն ենք, բայց դա նորմալ է, հենց դա է բազմակարծությունը, դա այն է, ինչին բոլորս սպասում էինք և ուզում էինք օր առաջ տեսնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am