Չնայած տարածված տեղեկությունների, որ Երևանի «Նեմո» դելֆինարիումի դելֆիններից մեկը սատկել է, դելֆինարիումի տնօրինությունը հերքում է այդ լուրը: Իսկ բնապահպանները պնդում են, որ նրանք դելֆինարիումից ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ:
«Մեզ ոչ մի տեսակի տեղեկություն չեն տրամադրում»,- «Մեդիալաբին» ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով համակարգում է ընդդեմ դելֆինարիումի սկսված պայքարը:
Դելֆինի սատկելու մասին լուրը կարճ ժամանակահատվածում արագ տարածում է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Հաշվի առնելով դելֆինարիումի վերաբերյալ բնապահպանների վերջերս տարածած ահազանգերը` այս լուրը շատերի համար զարմանալի չթվաց:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվող 28-ամյա Արմինե Եփրեմյանի կարծիքով` դելֆիններից մեկի սատկելը իր համար սպասելի էր:
«Ես չեմ զարմանա, որ հաստատվի դելֆինի սատկելու մասին լուրը: Դա սպասելի էր»,- «Մեդիալաբին» ասում է Արմինեն:
Բնապահպաններն ու իրավապաշտպանները համոզված են, որ հետաքրքրությունը և ուրախ ժամանցը չարժեն կենդանիների անխնա շահագործմանը:
«Չէինք ուզենա` Հայաստանը դասվեր այն երկրների շարքը, որտեղ կենդանիների հետ նման կերպ են վարվում,- «Մեդիալաբին» ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա ասում է, որ ծովային կենդանիները սովոր են ծովի ջրին, մինչդեռ դելֆինարիումում ծովի ջուր ստանալն անհնար է, դելֆիններին պահում են քլորացված ջրում, ինչը չափազանց վտանգավոր է:
«Ամիսների ընթացքում քլորացված ջուրը կարող է դելֆինների կուրացման պատճառ դառնալ` չհաշված սուլիչների ձայնն ու խիստ սահմանափակ տարածքը, ինչը տանում է սթրեսների,- «Մեդիալաբին» ասել է Խաչատրյանը: – Այս դեպքում նրանք երկար չեն ապրի, իսկ մենք չենք էլ իմանա` արդյոք նրանց փոխարինե՞լ են, ի՞նչ բերեցին, ո՞ւր տարան, քանի որ ոչ մի գրանցում չկա»:
Բնապահպանները պնդում են, որ ստեղծված իրավիճակը բավական վտանգավոր է կենդանիների համար:
Մինչդեռ «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը կտրականապես հերքեց դելֆինի սատկելու մասին տարածված լուրերը: Նա հավաստիացնում է, որ բոլոր դելֆիններն էլ տեղում են:
«Ո´չ, նման բան չկա»,- «Մեդիալաբին» ասել է Սահակյանը:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am