Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը Կիևի դեմ Ռուսաստանի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում հայտնել է, որ հարվածների հետևանքով վիրավորվել է 46 մարդ։ Նրանցից 27-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ երեք երեխա։
Կլիչկոն նաև նշել է, որ մայրաքաղաքի չորս վարչական շրջաններում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել է Պոդոլսկի շրջանը, որտեղ բազմաբնակարան շենքերից մեկում ավերվել են հինգերորդից իններորդ հարկերի բնակարանները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, իր հերթին, հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Կիևին և Կիևի մարզին։ Ռուսական կողմը պնդում է, որ թիրախավորվել են ռազմական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։
Միաժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել կամ չեզոքացվել է ուկրաինական 519 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։



















