«Մոմեր առա կռվի դաշտում գտնվող եղբորս ու ամուսնուս համար, վառեցի, մոմերից մեկը հանգեց…». Անուշը միակ եղբոր զոհվելուց հետո՝ մեծ ցավ է

Սիսիանում բնակվող Ամարյանների կյանքը միակ տղայի զոհվելուց հետո դարձել է մռայլ ու մութ։ Անուշ Ամարյանն ասում է՝ եղբորը կորցնելուց հետո տան օդը կարծես կանգնած լինի, կյանքը այլ է դարձել, հիշողություններն էլ՝ ցավոտ։

«Սեպտեմբերի 27-ը փոխեց բոլորիս կյանքը անխտիր։ Ցավը բոլորի վրա ա, բայց իմ մայրը մի այլ ձև ա տանում, չի ընդունում, շատ սթրեսային ա, առողջական խնդիրներ ունի։ Ինչքան տանում եմ հիվանդանոց, ասում են՝ նյարդերից ա»,- պատմում է Անուշն ու նշում, որ հոր մահից հետո Սամսոնն էր ընտանիքի հենարանը, բայց պատերազմը խլեց իրենց թիկունքը։

Սամսոն Ամարյանը պայմանագրային զինծառայող էր, 2009-ից ծառայության է անցել Սիսիանի զորամասում, կապի ջոկի հրամանատարն էր։ Քույր ու եղբայր միասին են ծառայել, Անուշը հեռախոսավար է։ 

Քույրը պատմում է՝ 2020-ի հոկտեմբերի 10-ին եղբայրը պետք է կապի պետի պաշտոնը զբաղեցներ, ասում է՝ եղբայրն ու ինքը օրերն էին հաշվում, թե երբ է գալու հոկտեմբերի 10-ը։

«Հետհաշվարկ էինք անում՝ չիմանալով, թե մեզ ինչ է սպասում այդ օրը»,- ասում է ու հուզվում Անուշը։

Հոկտեմբերի 10-ը ճակատագրական է դարձել Ամարյանների համար։

Սամսոն Ամարյանը, որն առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, թշնամու դեմ թեժ մարտերի մասնակցել, հոկտեմբերի 10-ին նկատել է թշնամու անօդաչուն, դուրս է եկել ապահով թաքստոցից, որ ընկերներին զգուշացնի… Օդային տագնապ է հնչել, սակայն Սամսոնն այլևս չի հասցրել թաքնվել, արկերից մեկը նրան շատ մոտ է ընկել, և Սամսոնը զոհվել է։

Անուշը, որ եղբոր հետ շատ կապված էր, ասում է, որ այդ պահին ինքնազգացողությունն ահավոր վատացել է, պատմում է՝ այնպիսի զգացողություն էր, որ կարծես սիրտը տեղից դուրս էր գալիս։

«Գնացի, մոմեր առա, մեկը՝ եղբորս, մյուսը՝ ամուսնուս համար, երկուսն էլ կռվի դաշտում էին, վառեցի մոմերը, բայց մոմերից մեկը հանգեց, արագ նորից վառեցի, երևի դա էլ նախանշան էր»,- արցունքների միջից պատմում է Անուշը։

Ավելի ուշ Անուշն իմանում է, որ անհանգստությունն ու ինքնազգացողությունը իրեն չեն խաբել, պատերազմի դաշտում կորցրել է սիրելի եղբորը։

«Կեսօրին որ զանգեցի ամուսնուս, ասեցի՝ ո՞նց ես, ասեց՝ վիրավոր եմ, ասեցի՝ ո՞նց, բա Սամսո՞նը, անջատեց… Հասկացա՝ մի բան էն չի։ Հետո քույրիկս զանգեց, ասեց՝ Սամսոնն էլ չկա»,- ծանր օրվա մասին պատմում է քույրը։

Սամսոն Ամարյանը հուղարկավորվել է Սիսիանի պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Անուշն ասում է՝ երբևէ չէր կարող պատկերացնել, որ եղբորը կկորցնի պատերազմում: Ասում է՝ եղբայրը շատ ճարպիկ էր, արագաշարժ, չէին կարող մտածել, որ նրան որևէ բան կպատահի․ «Մինչև էսօր չեմ հավատում, որ ինքը չկա, մտածում եմ, որ ինքը կփրկվի, կգա մի օր․․․»

Եղբորը մասին պատմելիս քույրն ասում է՝ շատ բարի էր, քաղցած էլ լիներ, ձեռքի հացը կտար դիմացինին, որ դիմացինը լավ զգար։ Քույրն ասում է՝ հաճախ էր եղբորը նախատում այդչափ բարի լինելու համար։

«Ինքը մինչև վերջ իրա բարությամբ էլ իրա կյանքը տվեց։ Եթե չուզենար ուրիշներին փրկել, հիմա ողջ կլիներ»,- ասում է Անուշը։

Սամսոնը ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, քրոջ խոսքով՝ եղբայրը որոշել էր 2020-ի հոկտեմբերին արձակուրդ վերցնել, ամուսնանալ, բայց «սեպտեմբերի 27-ն ավելի շուտ եկավ»՝ ցավով ասում է քույրն ու նշում, որ եղբայրը մարտի դաշտում, հավանաբար հասկանալով, որ այլևս չի վերադառնալու, ընկերներին ասել է՝ «առանց ժառանգի կգնամ»։

Երկու տարի է անցել, ինչ Անուշը կորցրել է եղբորը, սակայն ասում է՝ ցավը ոչ մի կերպ չի ամոքվում, ընդհակառակը՝ կարոտն ավելի է տանջում։

«Ես ու Սամսոնը շատ կապված էինք, ամեն օր պետք ա իրար տեսնեինք, չհաշված աշխատանքի ժամերը, որ իրար հետ էինք, անմիջապես նույն սենյակում: Եթե իրա մի տեղը ցավար, ես էլ էի վատ լինում։ Մի անգամ ասեցի՝ լավ չեմ քնել, ասեց՝ բա ինչ գիտես, ես էլ լավ չէի գիշերը։ Ծիծաղում էինք, թե մեր տոմսերը միասին են հանել ու միասին ենք էն աշխարհ գնալու։ Փաստորեն ինքն ինձ մենակ թողեց»,- ասում է ու կրկին հուզվում քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am