Խստորեն դատապարտում եմ ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ. Օմբուդսմեն

Խստորեն դատապարտում եմ ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ. Օմբուդսմեն
Խստորեն դատապարտում եմ ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ. Օմբուդսմեն

Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով:

Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:

Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:

Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները:

Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ: 

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան