Կարանտինի ընթացքում խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող է կիրառվել վարչական պատասխանատվություն

Տեսչական մարմինները կարանտինի ընթացքում խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։

Ըստ այդմ, եթե ստուգայցի արդյունքում խախտումներ են հայտնաբերվում և արձանագրվում, իսկ տնտեսավարողն այդ առումով առարկություն չի ներկայացնում, ապա վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: