«Ալիևն ու իր խորհրդատուները շատ լավ ուսումնասիրում են Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսն ու շարունակ խաղում են դրա վրա». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը երեկ՝ հերթական հարցազրույցի ժամանակ, կրկին խոսել է Հայաստանի մասին, մեզ անվանել ֆաշիստ, տարբեր հանցագործությունների մեջ է մեղադրել Հայաստանին։ Իլհամ Ալիևը ի՞նչ նպատակով է նման հայտարարություններով հանդես գալիս, այն դեպքում, երբ շարունակ խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։

– Մինչև պատերազմն էլ բոլորս հիշում ենք Ալիևի հայատյաց ելույթները, որոնց մասին բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, միջազգային զեկույցներ էլ կան դրանց հետ կապված, որոնք քննադատում են այդ քաղաքականությունը, էլ չեմ խոսում Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքի մասին, երբ Ալիևը հերոսացրեց քնած հային կացնահարողին։

Արդեն հետպատերազմյան շրջանում, երբ թվում է, թե Ալիևն իր նպատակին հիմնականում հասել է, պետք է նշեմ, աչքի է ընկնում նոր հայատյաց ու ռազմատենչ ելույթներով։ Այս շրջանում Ալիևի ելույթների հիմնական շեշտադրումներն այն են, թե հայերը վախկոտ են, հայերը մշտապես փախչում են, լքել են բանակը, շատ հաճախ նշում է, որ հայերը մշտապես ապրելու են որպես պարտված ժողովուրդ, իսկ ադրբեջանցիները՝ որպես հաղթող։

Այդ հռետորաբանությունն ուղղակիորեն հիշեցնում է հենց ֆաշիստական Գերմանիայում հնչող շատ-շատ ձևակերպումներ, երբ մի ազգը փորձում են գերակա ներկայացնել՝ շարունակ նսեմացնելով ու ստորադասելով մեկ այլ ազգի։ Ալիևն ակտիվորեն զբաղված է հենց այդ քարոզով, որն ակտիվորեն զուգահեռվում է մամուլով ընթացող քարոզարշավին, դասագրքերում քարոզվող հայատյացությանը։

Այո՛, մի կողմից նա խոսում է խաղաղության մասին՝ հստակ դնելով խաղաղության մասին իր պայմանները, իսկ իր պատկերացրած խաղաղությունը փաստացի առանց Արցախի, ըստ էության, նաև առանց Սյունիքի Հայաստանն է, որը ոչնչի ունակ չի լինելու։

Վերջին ելույթը. նշեմ, որ Ալիևն այցելել էր Գյանջա ու հենց այնտեղ էր հարցազրույց տվել, նշել, թե պատերազմի օրերին այնտեղ հայերը սպանել են երեխաների, նման ձևակերպումներ է արել ու այդ ֆոնին որոշել է ներկայացնել, թե հայերը ֆաշիստ են, ու դա տասնամյակներով այդպես է եղել։

Հարցազրույցի մի ընդգրկուն հատվածում նա անդրադարձել է նաև Գարեգին Նժդեհին, ու այստեղ հստակ է դարձել, թե ինչու է ադրբեջանական կողմն արծարծում Նժդեհի թեման։ Նժդեհի գաղափարները, սիմվոլիկան հանգիստ չեն թողնում մեր հակառակորդին անգամ հարյուր տարի անց, ինչը փաստում է Նժդեհի մեծության մասին։ Ադրբեջանական կողմը ոչ միայն խոսքով, այլ նաև ֆինանսական հսկայական ռեսուրսներով պայքարում է Նժդեհի դեմ՝ փորձելով նրա անցյալը շարունակ թիրախավորել, դա օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու համար։

– Ալիևի հայտարարությունների հակասությունն ինչի՞ մասին է խոսում, երբ մի կողմից նա փորձում է համոզել միջազգային հանրությանը, թե ինքը խաղաղության կողմնակից է, մյուս կողմից էլ հայատյացության քարոզ է անում։ Նա հաշվի չի՞ առնում, որ այս հայտարարությունները Հայաստանում ու միջազգային հանրության շրջանում կարող են արձագանք գտնել ու շրջվել հենց իր դեմ։

– Ալիևը շատ լավ տեսնում է, որ Հայաստանում ներկայումս համառ ու ակտիվ նպատակային պայքար չի գնում իր այդ թեզերը միջազգային հանրությանը հստակ ներկայացնելու համար, ցավոք, նույնիսկ Հայաստանի ղեկավարը այդ հայտարարությունները որակեց որպես էմոցիոնալ, որը կատարյալ անհեթեթություն է: Էլ չեմ ասում, թե համեմատությունները որքան անհիմն էին՝ 90-ականների հռետորաբանության հետ։

Ալիևն ու իր խորհրդատուները շատ լավ ուսումնասիրում են Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսն ու շարունակ խաղում են դրա վրա, նրանց օգտագործած տերմինները հետո դառնում են մեր քաղաքական գործիչների տերմիններ՝ միմյանց մեղադրելու համար, գոնե պետք է ինչ-որ կարմիր գծեր լինեն։

Եթե մեր հակառակորդն առավոտից երեկո ասում է, թե մեզ կապիտուլյացիայի է ենթարկել, մենք այդ ձևակերպումներից պետք է զերծ մնանք, որովհետև նախ՝ կապիտուլյացիայի չենք ենթարկվել, եթե կապիտուլյացիայի ենթարկված լինեինք, լրիվ այլ իրավիճակ կլիներ, երկրորդն էլ՝ ինչո՞ւ այդ տերմինաբանությունը մտցնենք։

Կամ՝ մյուս կողմից նա շարունակ ասում է, որ Հայաստանում կան ռևանշիստներ, գործող իշխանությունը նախկիններին կամ խորհրդարանական ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ․ այս դիսկուրսն ո՞ւմ է օգուտ բերում, բացի Իլհամ Ալիևից։

– Նկատի ունեք, որ եթե Հայաստանում այլ իրավիճակ լիներ, ադրբեջանական հռետորաբանությունն ա՞յլ կլիներ։

– Նրանք կտեսնեին, որ իրենց հայտարարություններն ունենում են հետևանքներ, այսինքն՝ եթե իրենք մտածում են, որ այդ հայտարարություններն անհետևանք են մնում ու իրենք կարողանում են այդ գործելաոճով առաջ գնալ, իհարկե շարունակ ոգևորվում են։

Եթե հստակ գնահատականներ լինեին, նկատի չունեմ կանգնենք Ալիևի նման ելույթ ունենանք, ուղղակի պետք է հստակ գնահատականներ հնչեն, որ Ալիևի վարած քաղաքականությունը անհնար է դարձնում համակեցության մասին որևէ խոսակցություն, էլ չեմ ասում Արցախը որևէ տարբերակով Ադրբեջանի կազմում բացառվում է։ Այսինքն՝ այն քսենոֆոբիկ քաղաքականությունը, որը որդեգրել է Ադրբեջանը, պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին ու նաև բանակցային գործընթացի շրջանակներում փորձել հստակ գնահատականներ ստանալ, այլ ոչ թե փորձել դրանք արդարացնել։

– Ա՛յ, ինչո՞ւ դա չի արվում իշխող քաղաքական ուժի կողմից, տիկի՛ն Հայրապետյան։

– Անկեղծ ասած, ես պատասխանը չունեմ։ Վերջերս ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պատրաստած փաթեթով որոշակի կարևոր ձևակերպումներ մեզ համար ձեռք բերվեցին, ու փոխարենը դա ակտիվորեն օգտագործվի՝ մեր փաստարկներն ուժեղացնելու համար, դա ամբողջությամբ մի կողմ է դրվում, ու խոսակցությունը լրիվ այլ հարթակ է տեղափոխվում։

– Այս գործելաոճի հնարավոր հետևանքները որո՞նք կարող են լինել։

– Հետևանքներն այն են, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր քաղաքականությունը, շարունակում է այդ հռետորաբանությունը, հեգնում է Մինսկի խմբին: Փոխարենը հայկական կողմն ընդգծված աշխատանք տանի նույն համանախագահների հետ՝ ձևաչափն ակտիվացնելու համար, քանի որ այդ մի հարցում Սերժ Սարգսյանն իրավացի էր, որ կան հնարավորություններ, մտնում է այլ անհասկանալի ձևաչափերի մեջ, նկատի ունեմ 3+2 ձևաչափը, որը գործում է ադրբեջանական և թուրքական կողմից Մինսկի խումբը չեզոքացնելու նպատակով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am