«Լրատվամիջոցը, որը չի պահպանում ռազմական դրության կանոնները, պետք է այս ընթացքում ընդհուպ մինչև արգելափակվի». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերի պատասխանել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Վերջին օրերին որոշ լրագրողական շրջանակներ բողոքում են ռազմական դրության պայմաններում գործող սահմանափակումներից՝ դրանք համարելով խտրական: Ձեր կարծիքով՝ այս պահին Հայաստանում խոսքի ազատություն կա՞, թե՞ չկա: 

– Նախ՝ կուզեի տարբերակել խոսքի ազատության խնդիրը խաղաղ և դրության պայմաններում: Ռազմական իրավիճակում, աշխարհի ցանկացած երկրում, խոսքի ազատության սկզբունքը ենթարկվում է որոշակի սահմանափակումների:

Հայաստանն այս պահին գտնվում է պատերազմական վիճակում, և, բնականաբար, խոսքի ազատությունը որոշակի առումով պետք է հարմարեցվի ռազմական դրության խնդիրներին, քանի որ անվտանգության խնդիրները դառնում են ամենաառաջնայինը, և մնացածը ածանցվում են դրան:

Բոլորին էլ հասկանալի է, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ազատորեն ներկայացնել ու լուսաբանել: Օրինակ՝ լրագրողը չի կարող դիրքերից այնպիսի ռեպորտաժ անել, եթե դրանով վտանգում է այնտեղ գտնվող զինվորների կյանքը, կամ պատերազմական գաղտնիքների հրապարակմանը:

Մենք գիտենք, որ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում տեղի ունեցող գործընթաց է, այլև՝ թիկունքում և տեղեկատվական դաշտում:

Եվ այս առումով հաղթանակի ապահովումը կախված է այն բանից, թե որքանով է պետության կողմից կազմակերպված ձևով համակարգվում նաև տեղեկատվական դաշտը:

Ահա թե ինչու մամուլը չպետք տարածի թիկունքում խուճապ առաջացնող հրապարակումներ: 

Ամենակարևոր պատերազմական օրենքներից մեկն այն է, որ թիկունքը միշտ պետք է ամուր լինի, հասարակությունը չպետք է խուճապի մատնվի, և անկախ այն բանից, թե ինչ իրավիճակ է տիրում ռազմաճակատում, ամեն ինչ չէ, որ մամուլը պետք է այդ պահին լուսաբանի:

Ռազմաճակատը ուղղակիորեն կապված է երկրում տիրող իրավիճակի հետ, և կարող է ինչ-որ մի լուսաբանում շատ մեծ վնաս հասցնել զինվորների բարոյահոգեբանական վիճակին, ռազմաճակատում մեր զորքերի գաղտնիքների ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտմանը կամ խուճապ առաջացնի թիկունքում: 

Իմ կարծիքով՝ ռազմական դրության իրավիճակում մամուլում պետք է սահմանափակվեն նաև ներքաղաքական պառակտումների կամ, առավել ևս, իշխանափոխության հետ կապված հարցադրումները, քանի որ պատերազմի ժամանակ նման խժդժությունների հրահրումը պարտություն տանող երևույթ է:

Այս և նման մի շարք այլ պատճառներով խոսքի ազատության սկզբունքը ռազմական դրության ժամանակ կարիք ունի որոշակի սահմանափակումների ենթարկվելու:

Այն լրատվամիջոցները, որոնք կարգապահորեն ու խստորեն չեն պահպանում ռազմական դրության կանոնները, ոչ միայն պետք է տուգանվեն, այլև, իմ կարծիքով՝ ավելի խիստ վերաբերմունքի արժանանան, ընդհուպ մինչև պատերազմի ավարտը դրանց ժամանակավոր արգելափակումը:

Ռազմական դրության կանոնների պահպանումը լրագրողական պրոֆեսիոնալիզմի դրսևորում է:

Նման խախտումները, ի դեպ, այդ պրոֆեսիոնալիզմի ցածր որակների վկայությունն են: Նույնիսկ ամենալավ հրապարակումը չի կարող ավելի կարևոր լինել, քան մեր զինվորների կյանքը և մեր հայրենիքի անվտանգությունը:

Սա պարզ բան է, որի գիտակցումը լրագրությունը պետք է ունենա: Եթե դա բացակայում է, ապա ռազմական դրության օրենքները պետք է գործեն խստորեն և հստակ:

– Իսկ որքանո՞վ է ճիշտ հավատալ և հիմնվել միայն պաշտոնական տեղեկությունների վրա:

– Պատերազմը կատակ չէ, և այս դեպքում մարդու առաջնահերթությունները պետք է ճիշտ հասկանալ: Եթե մարդիկ պաշտոնականից դուրս տեղեկություն էլ չստանան, դրանից իրենք կամ մեր զինվորները չեն զոհվի, բառիս բուն իմաստով:

Չնայած Հայաստանում այնպես չէ, որ լրատվությունը սահմանափակված է միայն պաշտոնականով, և դա խոսում է նաև պատերազմական վիճակում խոսքի ազատության սկզբունքի պահպանման մասին:

Բայց ես ցանկանում եմ հատուկ շեշտադրել այս պահին պետական լրատվության հանդեպ կասկածի մթնոլորտի ձևավորման անթույլատրելիության մասին, քանի որ պետական լրատվության հանդեպ կասկածի ձևավորումը կասկած է նաև պետության հանդեպ ընդհանրապես, ինչը մեզ համար կարող է մահացու վտանգավոր լինել:

Այնպես որ, կարևոր է, որ այս ժամանակահատվածում մարդիկ վստահեն պետական լրատվամիջոցներին, և անհրաժեշտ է, որ մյուս լրատվամիջոցները հնարավորինս գիտակից վերաբերվեն այդ վստահության պահպանման անհրաժեշտությանը:

Մեր հայրենիքի համար ստեղծված ծայրահեղ իրավիճակից կարելի է դուրս գալ, եթե հասարակությունն ու պետությունը անվերապահ փոխվստահություն ունենան:

Լրատվությունը, որը պատերազմի ընթացքում կասկածի տակ է դնում հաղթանակի հնարավորությունը, մեր գործողությունները բնութագրում է ոչ թե որպես դիմադրություն, այլ՝ պարտություն, այսօր պետք է ենթարկվի գործունեության ազատության սահմանափակումների: 

Ցավոք, կան մարդիկ, ոչ միայն լրատվության ոլորտից, այլ նույնիսկ, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներ, որոնք սոցիալական ցանցերում խոսքային խրախճանքներ են կազմակերպում ճակատում մեր ժամանակավոր անհաջողությունների վրա:

Դրանք մարդիկ են, որոնք խոսում են ոչ թե այն մասին, որ ճակատում մեր զինվորները իրենց կյանքը զոհել են հայրենիքի, այդ թվում՝ հենց այդ խոսացողների պաշտպանությանը, այլ ներկայացնում են Հայաստանին պարտադրված պատերազմը որպես պետության կողմից այդ զինվորների «գլուխն ուտելուն» ուղղված գործողություն, և գործող իշխանությունների հանդեպ հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հռետորաբանություն են նմանները մտցնում պատերազմի ժամանակ, և ինչ ցավալի ազդեցություն կարող են ունենալ թիկունքում իրականացվող նման դիվերսիոն գործողությունները: 

1941-1943 թվականներին, երբ ֆաշիստական Գերմանիան քաղաք քաղաքի հետևից գրավում էր ԽՍՀՄ տարածքները, մարդիկ սպասում էին Յուրի Լևիտանի խրոխտ հռետորաբանությամբ թեկուզև նահանջի մասին լուրերին, քանի որ այդ խրոխտությունը մղում էր ապագայի հաղթանակին:

Պատկերացնո՞ւմ եք, որ, ասենք, դրա փոխարեն մարդիկ լսեին լրատվություն, որում դատապարտվեր խորհրդային ռազմական ղեկավարության գործունեությունը, մարդկանց մեջ հուսահատություն առաջացներ, քարոզվեր՝ թե պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ, ինչ բան, տեսեք, թե իշխանությունները ոնց են աղավաղում իրավիճակը, նահանջը ոգևորված են ներկայացնում և նման բաներ, ապա ֆաշիզմը վաղուց արդեն հաղթանակած կլիներ: Հիմա էլ թուրքական ֆաշիզմն է գրոհել է մեզ վրա:

Ակնհայտ է, որ Հայաստանը թուրքական ֆաշիզմի համեմատ ժողովրդավարական համակարգ է: Եվ խոսքի ազատության համար «եփվող» խմբագիրներն ու լրագրողները, եթե ժողովրդավարության պաշտպաններ են, պետք է հասկանան, թե ինչի դեմ է այսօր պայքարում Հայաստանը, և ինչի համար արժի զոհողությունների գնալ: 

– Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՍԴ խոսքի ազատության սահմանափակումների հարցով, մասնավորապես, թե որքանո՞վ են այդ սահմանափակումներն ամրագրված հստակ կանոններով, կոնկրետություն պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Այս քայլը ռազմական դրության պայմաններում ինչպե՞ս եք գնահատում:

– Ես իրավաբան չեմ, չեմ կարող մասնագիտական դատողություններ անել այս հարցի շուրջ: Ենթադրում եմ, որ ՄԻՊ-ն իր գործառույթից ելնելով կարող է նման խնդիր դնել: Միգուցե նա առաջնորդվել է ոլորտն ավելի կանոնակարգելու, օրենքի տառին համապատասխանեցնելու նկատառումներից ելնելով:

Սակայն, իմ կարծիքով, ստեղծված իրավիճակից ելնելով, ավելի լավ է ՄԻՊ-ն այսօր ամբողջությամբ կենտրոնանա պատերազմական հանցագործությունների փաստահավաքության և ագրեսոր թշնամու կողմից միջազգային նորմերի ու իրավունքների խախտումների դեպքերի վրա:

Կարծում եմ, որ ՄԻՊ-ը պարզապես արձագանքել է այն լրատվամիջոցներին, որոնք դժգոհ են պղտոր ջրում ձուկ որսալուն հակված որոշ մութ ուժերի հանդեպ կիրառվող սահմանափակումներից:

Անձամբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, և, վստահ եմ՝ շատ-շատերը, չունեն ՄԻՊ-ի այդ դիմումի կարիքը, և, կարծում եմ ՝դա այս պահին չի արտացոլում առկա հանրային պահանջը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am