Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում նախատեսվող քայլերը

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում մեկ տարի անց կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վազգեն Մանուկյանը, որպես վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտախորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Դա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել ու առաջադրել իր թեկնածությունը»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում կներկայացնի առաջիկա անելիքների հստակ ծրագիրը: