«Բավարարվեք այդքանով». արդյոք Անդրանիկ Փիլոյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել պաշտոնյային կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այդ մասին «Մեդիալաբին» հայտնեց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։ «Վերաքննիչ բողոք անպայման ներկայացնելու ենք»,- ասաց նա:

Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված Անդրանիկ Փիլոյանը, որը 2020 թվականի Արցախյան պատերազմում ռազմական գործողություններից մեկը ձեռնարկելու համար Ազգային հերոսի կոչմանն էր արժանացել, կալանքը կրում է ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը բազմադրվագ քրեական գործով մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար:

Հարցին, թե արդյոք իր պաշտպանյալը ընդունում կամ չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, փաստաբան Սարգսյանը արձագանքեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, բավարարվեք այդքանով»:

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն բազմադրվագ քրեական գործով նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «պաշտոնական անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը»:

Այս քրեական գործում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ. ստացել է խոշոր չափերով կաշառք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022 թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն է ընդունել է այդ առաջարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործի մասին խոսելիս նկատել էր, թե կատարվածը իրենց համար տհաճ երևույթ է, բայց «օրենքի գերակայությունը կարևոր է»:

«Շատ ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես նաև ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքորեն պահենք, ինչը որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել»,- հավելել էր վարչապետ Փաշինյանը:

MediaLab.am