«Ունենք Ռուսաստանի անմիջական մասնակցություն Հայաստանի քաղաքական գործերին՝ ռուսական քաղաքական գործիքակազմի միջոցով». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրությունների շուրջ խոսակցությունները շատացել են։ ԲՀԿ առաջնորդն էլ շտապեց հայտարարել, որ թույլ չի տա հակառուսական տրամադրություններ Հայաստանում։ Ավելին, ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (CRRC) հարցման արդյունքների՝ Հայաստանի բնակչության ամենամեծ՝ 57%-ը, երկրի գլխավոր բարեկամ է համարում Ռուսաստանը։ Ընդհանրապես հակառուսական թեման ինչո՞ւ է նորից օրակարգ եկել։

– Տերմինաբանական եզրույթը եկեք հստակեցնենք։ Չկա հակառուսական տրամադրություն Հայաստանում և երբևէ չի եղել, որովհետև ո՛չ ժողովրդի, ո՛չ տուրիզմի, ո՛չ անգամ որևէ քաղաքական գործչի հանդեպ չի եղել հակադրություն, չի եղել որևէ դեմարշ, բայց կա բացահայտ խզում ռուսական իմպերիական քաղաքականության և Հայաստանի պետական շահի միջև։

Այդ խզումն ակնհայտ է, և պնդել, որ այդ խզումը չկա, պնդել, որ անկախ այդ խզման գոյությունից մենք պետք է շարունակենք ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, շատ սխալ և ոչ կոնստրուկտիվ քաղաքականություն է։

Բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են արել Հայաստանի պետական շահի հանդեպ, դա կարող է լինել և՛ ընտրությունների կեղծում, դա կարող է լինել և՛ փողային յուրացումները, դրանք բոլորը հովանավորվում են Ռուսաստանի կողմից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ստրուկտուրաները պետք է նամակով դիմեն ռուսական համապատասխան մարմիններ՝ պահանջելով այդ հարցի կամ հաստատում, կամ հերքում, որպեսզի մեր հասարակությունը չմնա տարակուսանքի մեջ ռուսական վերաբերմունքի հանդեպ։

Մինչդեռ նրանք թույլ չեն տալիս, որ մենք իրականացնենք քաղաքականության հիմնական գործառույթներից մեկը՝ մեր քաղաքացիների կյանքի և իրավունքի պաշտպանությունը։ Այստեղից մենք պետք է եզրակացնենք, որ պետք է, այնուամենայնիվ, հստակեցում մտցնել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների միջև, որովհետև այստեղ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ ընկերական է, բարեկամական է և նույնիսկ չի էլ վիճարկվում, այլ ռուսական քաղաքականության այն կետերի հանդեպ, որոնք անմիջականորեն սպառնում են մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը։

Ինչ վերաբերում է հարցումներին, ապա դրանք ճիշտ են, համամիտ եմ: Oրինակ` ես էլ չունեմ հակառուսական տրամադրություն, ես ունեմ հակաիմպերիական դիրքորոշում, դրանք տարբեր բաներ են: Եվ կարծում եմ, որ քաղաքականապես զարգացած իշխանությունն այդ երկու սահմանազատումները պետք է դնի և ընդդիմախոսների բերանին գա: Որովհետև հակառուսական տրամադրություններ եթե լինեին, ապա գոնե մեկ ռուս զինվորի կծեծեին, ոչ թե ռուսական ռազմաբազայի զինվորը կսպաներ ՀՀ քաղաքացուն:

Հայաստանի այսօրվա իշխանությունը նախորդների պես արտաքին քաղաքականության մեջ վեկտորի փոփոխություն չարեց ու շարունակեց նույն գի՞ծը։

– Չանելով վեկտորի փոփոխություն՝ ներկայիս իշխանությունը արդեն ինքն է համոզվում, բայց արդեն ուշ է, վտանգեց հեղափոխության բնույթը։ Այն ժամանակ, երբ հրապարակում երդումներ էին տալիս, այսպես ասած, ռուսական բարեկամությանը, պետք էր այս հեռանկարը հաշվի առնել, որ Ռուսաստանը երբեք հենց այնպես ոչինչ չի անում։

Եվ այս ամենը արված էր՝ հույսով, որ Հայաստանում շարունակվելու է նույն ռեժիմը, այսինքն պրոռուսական, բայց որն ավելի ընդունված կլինի ժողովրդի կողմից։

Եվ դրսի աչքերով երբեմն այդպես էլ երևում է, որովհետև եթե չեն արվել գլոբալ արտաքին քաղաքական փոփոխություններ, հետևաբար նաև դրանից կարող են ծագել կնճռոտ հարցեր, որոնք ծագում են հիմա։ Եվ ռուսական վեկտորին ծափահարելով, ԵվրԱզԷս-ի ժողովները նախագահելով, չհակառակվելով, պետական ինքնիշխանության սահմանները չգծելով, աստիճանաբար մենք հասանք նրան, որ ունեցանք Ռուսաստանի անմիջական մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործերին, իհարկե՝ ռուսական քաղաքական գործիքակազմի միջոցով։

Դրանք այն մարդիկ էին, որոնք բացահայտ կամ ոչ բացահայտ ռուսական ազդեցության գործակալներ էին և հիմա չեն էլ ամաչում, բացեիբաց հայտարարում են այդ մասին, և մենք հիմա տարբեր տիպի գործակալական միավորների ճնշման տակ ենք, լինի բիզնեսի մեջ, լինի հայառուսական կապիտալի ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա, լինի ռուսական ԿԳԲ-ի ազդեցությունը քաղաքական կյանքի վրա՝ կուսակցությունների ստեղծումով և գործակալներ ներդնելով, մենք տեսնում ենք, քանի որ սահմանագիծը հստակեցված չէր, Ռուսաստանը գնալով ընդլայնում է իր ներխուժումը Հայաստանի քաղաքական կյանք:

Սա բնականոն քաղաքականություն է Ռուսաստանի համար: Զարմանալի կլիներ մտածել, որ Ռուսաստանը պետք է այլ կերպ վարվեր, մենք այլ կերպ պետք է վարվեինք, բայց մենք վարվեցինք նույնանման:

– Այսօր իշխանությունը պե՞տք է մտավախություն ունենա Ռուսաստանի՝ Հայաստանի ներքին գործերին խառնվելու հետ կապված:

Այդ փորձերը բացահայտ են, և հիմա իշխանությունը ինքը պետք է մտածի՝ մտավախություններ ունենա՞, թե՞ գործողություններ ձեռնարկի, դա կողքից նայելու խնդիր չէ, դա քաղաքական որոշում կայացնելու խնդիր է: 

Ինչո՞ւ ամեն դեպքում Ծառուկյանը հիմա որոշեց Ռուսաստանին հավատարմության երդում տալ հրապարակայնորեն:

Այն ժամանակ, երբ Ծառուկյանը հռչակվում էր լավագույն գործարար և հեղափոխության պաշտպան բիզնեսի ոլորտում, պետք էր նախապես հասկանալ, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետև մենք հասկանում ենք, որ ոչ օրինական ճանապարհով խոշոր կապիտալ կուտակած մարդիկ հույս ունեն այդ կապիտալը պահպանել նույն իրավիճակում, և եթե ինչ-որ մի բան չի ստացվում, նրանք վերադառնալու են իրենց նախկին գործառույթին, և այդ ամբողջ ռիսկերը պետք էր հաշվել նախօրոք, ոչ թե զբաղվել հեղափոխական էյֆորիայով:

Մանե Հարությունյան

MediaLab.am