Ծառուկյան-Մարության թղթաբանական «փոխհրաձգության» նրբությունները. Fip.am

Ծառուկյան-Մարության թղթաբանական «փոխհրաձգության» նրբությունները. Fip.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի շուրջ աղմուկին և ցույց տվել փաստաթուղթ՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը «շինթույլտվություն է տվել 11 հարկի կառուցման համար»:

Այս հայտարարությամբ Ծառուկյանը պատասխանել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որը Պետրոս Ղազարյանի հետ դեկտեմբերի 3-ի հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Ծառուկյանի ավելի վաղ արված մի հայտարարության, որում վերջինս մեղադրում էր քաղաքապետին Աբովյան 5/5 հասցեում գտնվող հյուրանոցի «շինարարության համար պրոբլեմ» լինելու մեջ։ 

«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, կներեք, բայց Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի պատճառով, որը դիմել է դատարան։ Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը: Այստեղ քաղաքապետարանը բացարձակ ոչ մի կապ չունի»,- հայտարարել էր Հայկ Մարությանը։

Քաղաքապետը հարցազրույցի ժամանակ նաև ցույց էր տվել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք տրված հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթը, որով թույլատրվել էր կառուցել մեկ հարկ, սակայն կառուցապատող ընկերությունը, ըստ Մարությանի, կառուցել է ևս երկու հարկ՝ ապօրինի:

Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում իրավիճակին և, որպես ապացույց, փաստաթուղթ ներկայացրել։ 

«Խնդրեմ՝ նկարեք։ Մարությանի ստորագրությամբ, ժամկետով, օրով՝ 18.04.2019 թ., Կեմպինսկի հյուրանոցի, 9-րդ կետ, որ ԱՊԶ-ն տված ա 11 հարկի…»:

Իրականում ի՞նչ փաստաթուղթ է տվել քաղաքապետը

Այստեղ, սակայն, Գագիկ Ծառուկյանը շփոթում է երկու հասկացությունները: ԱՊԶ-ն, ինչպես նշում է Ծառուկյանը, ճարտարապետական առաջադրանքն է, որը կառուցապատողները ստանում են որպես թույլտվություն՝ նախագծման աշխատանքներ իրականացնելու համար: «Նախագծման թույլտվությունը քաղաքային իշխանության համաձայնությունն է, որ տվյալ վայրում կառուցվի տվյալ հարկայնության, ծավալների շինություն: Դրանից հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինարարության թույլտվություն ստանալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

Ըստ կառավարության համապատասխան որոշման՝ շինարարության թույլտվությունը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Օրենքը նաև սահմանում է, որ շինարարության թույլտվություն կարող է տալ միայն համայնքի ղեկավարը: Հակոբ Կարապետյանը նշել է, որ 2018 թ. փետրվարի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից տրվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները և անվավեր են ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին տրված շինարարության թույլտվությունները:

Հյուրանոցի նախագծման երկրորդ թույլտվությունը, որն արդեն բաղկացած էր լինելու 11 հարկից, «Մուլտի գրուպին» տրվել է 2019-ի ապրիլին: Հենց այս փաստաթուղթն է մեջբերում Ծառուկյանը, որը, սակայն, շինթույլտվությունը չէ։ 

Ո՞վ է հյուրանոցի «շինարարության պրոբլեմը»

Դեռ 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն է: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները:

Մարտիրոսյանի մեկ այլ հայցով 2018-ի փետրվարին ևս կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցի մեջ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։

Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո: Ապօրինի լինելու հիմքով շինարարությունը կասեցվել է նաև նախորդ տարի՝ 2018-ի օգոստոսին և նոյեմբերին

Հյուրանոցի ապօրինի շինարարության հարցին նախորդ տարվա մայիսին անդրադարձել էր նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Մեր լիազորությունների շրջանակներում պետք է գործառույթ իրականացնենք, երկու վարչական տույժեր պետք է արձանագրենք, որից հետո, եթե շինարարությունը չդադարեցվի, պետք է դիմենք իրավապահ մարմիններին»,— ասել էր նա:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն՝ հյուրանոցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, հյուրանոցի կառուցումը դանդաղում է ոչ թե քաղաքապետի գործունեության, այլ հարուցված դատական գործերի հետևանքով։ 

Անի Ավետիսյան

www.Fip.am