Թաիլանդում կինն արթնացել է դագաղի մեջ՝ դիակիզումից անմիջապես առաջ

Թաիլանդի Նոնթաբուրի նահանգում բուդդայական տաճարի աշխատակիցները ապշել են, երբ դիակիզման համար բերած կնոջ դագաղից թույլ թակոցներ են լսել, իսկ հետո նա սկսել է շարժվել։

Ինչպես գրում է Associated Press-ը, տաճարի հրապարակած տեսանյութում երևում է՝ 65-ամյա կինը պառկած է սպիտակ դագաղում, որը տեղափոխում էին բեռնատարով։ Մի պահ նրա ձեռքերն ու գլուխը թեթև շարժվել են, ինչն անմիջապես խուճապ է առաջացրել տաճարի անձնակազմում։

Տաճարի վարչական պատասխանատու Փայրատ Սուդթըփը պատմել է, որ կնոջ եղբայրը նրան բերել էր Փիթսանուլոկ նահանգից՝ համոզված լինելով, որ նա մահացել է։ Նրա խոսքով՝ հենց տաճարում են լսել դագաղից եկող առաջին թակոցները։

«Սկզբում մտածեցի՝ սխալ եմ լսում, բայց երբ բացեցինք դագաղը, նա աչքերը փոքր-ինչ բացեց և շարունակում էր թակել կողքը։ Հնարավոր է՝ երկար ժամանակ է այդպես ազդանշան տվել»,– ասել է Սուդթըփը։

Եղբայրը պատմել է, որ քույրը մոտ երկու տարի անկողնային էր, իսկ վերջին օրերին դադարել էր արձագանքել՝ թվում էր, թե մահացել է։ Նա մարմինը տարել էր Բանգկոկ՝ նրա օրգաններ նվիրաբերելու ցանկությունը կատարելու համար, բայց հիվանդանոցը հրաժարվել էր ընդունել՝ մահվան վկայական չունենալու պատճառով։

Նույն պատճառով տաճարը ևս չէր կարող կատարել դիակիզումը։ Երբ տաճարի ղեկավարն եղբորը բացատրում էր՝ ինչպես ստանալ վկայականը, հենց այդ պահին էլ կրկին լսվել է դագաղի թակոցը։ Կնոջը անհապաղ տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Տաճարի վանականը հայտնել է, որ կնոջ բուժման ծախսերը իրենք կվճարեն։