«Թող հարցնեն՝եղբայր, 30 տարի ծառայել ես, 300 հազար աշխատավարձով, այդ ինչպե՞ս է ստացվել, որ այսօր տունդ արժի 2 մլն դոլար»․ Վոլոդյա Ավետիսյան

«Թող հարցնեն՝եղբայր, 30 տարի ծառայել ես, 300 հազար  աշխատավարձով, այդ ինչպե՞ս է ստացվել, որ այսօր տունդ արժի 2 մլն դոլար»․ Վոլոդյա Ավետիսյան
«Թող հարցնեն՝եղբայր, 30 տարի ծառայել ես, 300 հազար աշխատավարձով, այդ ինչպե՞ս է ստացվել, որ այսօր տունդ արժի 2 մլն դոլար»․ Վոլոդյա Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

– Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ խնդիրներ ունենք այսօր բանակում, հաջողվո՞ւմ է պայքարել կոռուցիայի դեմ:

– Նախ ես խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ, ովքեր մեր երկիրը պաշտպանելու, Արցախն ազատագրելու համար զոհվել են: Այսօր մենք գիտենք, որ տարածաշրջանի լավագույն բանակը մեր զինված ուժերն են, բայց եթե 1990-ական թվականներից սկսած չլիներ կոռուպցիոն համակարգը, մենք կլինեինք ավեի հզոր ու ուժեղ: Եթե չլիներ այդ թալանը, մենք այսօր պետք է ունենայինք ժամանակակից զենքեր: Մենք հիշում ենք, որ ապրիլյան պատերազմին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 80-ական թվականների զենքերով ենք կռվում:

Այսօր ունենք մի շատ լուրջ խնդիր: Ճիշտ է, նախկին կոռուպցիան, որը բացահայտ էր, բանակում տիրող շուկայական հարաբերություններն այսօր չկան, բայց այսօր այլ բան է կատարվում: Ես իմ օրինակով եմ ասում, արդեն երկու տարի է՝ ես բանտից դուրս եմ եկել, 55 տարեկան եմ, տանը երեք կռվող տղա ունեմ՝ 25-30 տարեկան: Ոչ մեկիս չեն կանչել զինկոմիսարիատ, որպեսզի ասեն՝ եթե պատերազմ լինի, ո՛ր զորամասեր պետք է գնանք: Այսինքն՝ զորակոչով չեն զբաղվում, ինչը շատ վտանգավոր է:

Ես բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, սոցիալական ցանցերով կոնկրետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել, որ զորահավաքային խմբերը, զինկոմիսարիատները, որոնք պետք է զբաղվեն այդ աշխատանքներով, չեն զբաղվում: Կամ շատ վատ են զբաղվում, որ մենք տեղյակ չենք: Սա շատ վտանգավոր է, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զորացրված մարդիկ կային, մեկը ավագ լեյտենանտ էր, մյուսը՝ շարքային կամ գնդացրորդ, յուրաքանչյուրն իր համար 4-5 հոգի հավաքեց, ինքնագլուխ գնացին ում խելքը ուր փչեց: Բանակն այդպես չի լինում, պետք է լինի մոբիլիզացիա, պետք է ռեզերվային գնդեր, գումարտակներ ստեղծվեն, որպեսզի, Աստված չանի, երկարատև պատերազմի ժամանակ ռեզերվներ ունենանք:

– Ի՞նչն է պատճառը, որ այդ աշխատանքները չեն տարվում:

– Իմ կարծիքով՝ այսօրվա իշխանությունները լուրջ չեն վերաբերվում պետականությանն ու պետությանը: Նրանք լուրջ չեն վերաբերվում իրավիճակին, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել: Չգիտեմ՝ կուլիսներում ինչեր են պայմանավորվում, բայց մենք գործ ունենք Ադրբեջանի հետ: Այդ երկրի ոչ մի խոսքին չի կարելի ընդհանրապես հավատալ: Ես անձամբ Մարաղա եմ տեսել, երբ անզեն հայերի, ծերերի նկատմամբ, ովքեր զենք չեն վերցրել, մնացել են տանը, ցեղասպանություն է կատարվել, նրանց մորթել են: Դրա համար ես ևս մեկ անգամ, առիթն օգտագործելով, կոչ կանեի պաշտպանության նախարարին, վարչապետին, ովքեր պատասխանատու են ի պաշտոնե, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն զորահավաքային գործընթացին:

– Օրերս Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Դավոսում: Արտաքին գործերի նախարարն ասում է, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս, որ իրար լավ ճանաչեն, հասկանան, նաև վստահություն ձևավորվի: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Եթե մի երկրի նախագահ բացահայտ ասում է՝ Երևանը Ադրբեջանի հողերն է, մենք պետք է ազատագրենք, գրավենք, դա հենց այնպես խոսակցություն չէ: Նա հայտարարել է, որ իրենց ծրագիրն է Երևանը վերցնելը: Էլ ի՛նչ բարեկամության, վստահության ու խաղաղության մասին է խոսքը: Այդ բոլորը սուտ խոսքեր են:

– Նոր իշխանությունները նաև հայտարարում են ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու մասին, ռազմարդյունաբերության նախարարություն է նաև ստեղծվում, ինչպե՞ս եք վերաբերում այս ծրագրին:

– Այսօրվա իշխանությունները գիշեր-ցերեկ պետք է զբաղվեն այդ ուղղությամբ: Այսօր տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, տեխնիկան կարող է 1000 զինվորի գործն անել: Նրանք թալանած բոլոր գումարները պետք է հետ բերեն ու դնեն բանակաշինության վրա, պետության անվտանգության ապահովման գործի համար: Ոչ մի զինվոր չպետք է զոհվի,մանավանդ այս խաղաղության ժամանակահատվածում, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրված: Իսկ եթե պատերազմ լինի, խնդիր չկա, կարող են զոհեր լինել, ես պատրաստ եմ, որ առաջին զոհն էլ ես լինեմ:

– Իսկ թալանած գումարները հետ բերելու գործընթացից գո՞հ եք:

– Ո՛չ, իհարկե գոհ չեմ: Ես այդ հարցերում իմ տեսակետն ունեմ: Քանի որ հեղափոխություն է եղել, հեղափոխությունն իր օրենքներն ունի, նրանցից բոլոր գումարները պետք է հետ բերեին և շատ արագ: Այնինչ՝ 9 ամսում 100 կամ 200 մլն են հետ բերում, դրանք չնչին գումարներ են երեք նախագահների տարած գումարների համեմատ: Տարբեր գնահատականներով՝ 1990-ական թվականներից մինչև այսօր Հայաստանից 30 մլրդ դոլար է դուրս եկել: Լավ, թող 20 մլրդ լինի:

– Բայց ասում են՝ հեշտ չէ այդ փողերը հետ բերել:

– Շատ հեշտ է: Ի՞նչ է նշանակում գողոնը հետ չբերել: Այսօր շատ գեներալներ ու պաշտոնյաներ կան, որոնց աշխատավարձը եղել է 200-300 հազար դրամ: Բայց մարդիկ մի քանի միլիոն դոլարանոց բնակարաններ են գնել: Այդ ո՞ւմ փողերով են գնել: Թող մոնիթորինգ անեն, հարցնեն՝ եղբայր, 30 տարի ծառայել ես, ամիսը 300 հազար դրամ աշխատավարձ ես ստացել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ այսօր տուն ունես, որն արժի 2 մլն դոլար: Ցանկություն է պետք: Մինչև պետական հասկացողություն չլինի, մինչև հայամետ ու պետական իշխանություն չունենանք, դեռ խնդիրներ ունենալու ենք:

– Նաև ձեր նշած նշած հարստացած գեներալներից ու պաշտոնյաներից ոմանք շարունակում են պաշտոնավարել: Այսինքն՝ այս պայմաններում հնարավո՞ր է, օրինակ՝ բանակում իսպառ վերացնել կոռուպցիան, եթե բանակում կոռումպացված գեներալը շարունակում է աշխատել:

– Երբ չես կանխում փոքր հանցագործությունը, ծնվում է մեծ հանցագործություն: Հիմա եթե նրանց չեն պատժում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մտածում եմ, որ իրենք էլ են պատրաստվում թալան անել: Ի դեպ, թալանն արդեն սկսվել է, դա են փաստում մարզպետների ու քաղաքապետների, պաշտոնյաների վերջին պարգևավճարները: Իսկ այսօր մեր կռված տղաների 80-90 տոկոսը բառիս բուն իմաստով հացի փող չունի: Մարդիկ ամսական 30-50 հազար դրամ գումար են ստանում իրենց հիվանդությունների համար և այդ գումարով պետք է ապրեն: Իսկ պաշտոնյաներն իրենք իրենց միլիոններով են պարգևատրում: Դա կոնկրետ կոռուպցիա ու թալան է: Մեր իշխանությունները պետք է իմանան, որ դա անթույլատրելի է: Ոչ մի բան հավերժ չէ, այսօրվա իշխանություններն էլ մի օր կգնան և պատասխան կտան իրենց արածների համար:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am