Փաշինյանի ոգևորիչ խոստումներն ու իրականությունը երեք տարի անց

Fip.am-ը գրում է.

2018 թ. մարտի 31-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլարշավ՝ ի բողոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Բողոքի գործողությունները սկսեցին տարածվել առավել մեծ մասշտաբներով այն բանից հետո, երբ Փաշինյանը քայլերթով ապրիլի 13-ին հասավ Երևան։ Այս գործողությունները բերեցին նրան, որ ապրիլի 23-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության անունից առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու և մայիսի 8-ին երկրորդ փորձից ընտրվեց երկրի վարչապետ։ Փաշինյանն ապագա ծրագրերի և անելիքների մասին հիմնականում խոսեց վարչապետի ընտրության երկու օրերին՝ մայիսի 1-ին և 8-ին։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ելույթները, առանձնացրեց դրանցում այն խոստումները, որոնք մինչ օրս իրականություն չեն դարձել։

Տնտեսության մասին

Խոստում 01․05․2018

«Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։

Իրականություն

Հեղափոխությունից հետո ներդրումները ոչ միայն թռիչքաձև աճ չունեցան, այլև նվազեցին՝ կազմելով 117 մլն դոլար՝ արձանագրելով 2003 թվականից ի վեր ամենացածր արդյունքը։ 

Խոստում 01․05․2018

«2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն […] Պատկերացնու՞մ եք՝ մեր վերցրած պարտքն ավելի է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»։

Իրականություն

Հեղափոխությունից ի վեր պետական պարտքն աճել է ավելի քան 858 մլրդ դրամով (այստեղ ներառված չեն այս տարվա հունվարին թողարկված 750 մլն դոլարի եվրոբոնդերը), մինչդեռ երկրի տնտեսությունն աճել է ընդամենը 619 մլրդ դրամով։ 

Խոստում 08.05.2018

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Իրականություն

Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում