«Նոր իշխանության պատասխանատվությունն իր ժողովրդի առջև է և ոչ որևէ անհատի կամ բարձրագույն պաշտոնատար անձի». քաղաքագետ

«Նոր իշխանության պատասխանատվությունն իր ժողովրդի առջև է և ոչ որևէ անհատի կամ բարձրագույն պաշտոնատար անձի». քաղաքագետ
«Նոր իշխանության պատասխանատվությունն իր ժողովրդի առջև է և ոչ որևէ անհատի կամ բարձրագույն պաշտոնատար անձի». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Թրամփի և Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձները։ Սա խոսում է բացառիկ լեգիտիմության փաստի մասի՞ն։

– Ոչ իհարկե: Բացառիկ կամ ընդունելի լեգիտիմությունը շնորհավորական ուղերձներով չի չափվում: Նորմալ երևույթ է: Լեգիտիմ առաջնորդին շնորհավորում են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա շատ տարօրինակ կլիներ, եթե նախագահ Պուտինը չշնորհավորեր վարչապետ Փաշինյանին: Նորմալ շնորհավորանքներ են, և նորմալ է, որ շնորհավորել են:

– Արցախի հարցի կարգավորման հետ կապված ի՞նչ ուղերձներ են գալիս միջազգային հանրությունից։ Որևէ փոփոխություն խնդրի կարգավորման հետ կապված հեղափոխությունից առաջ և հետոյի միջև կա՞ արդյոք։

– Ո՛չ, որևէ ուղերձ չկան: Եվ դա հրաշալի ապացույց է այն հանգամանքի, որ եթե կարծրատիպերից դուրս ուղիներ ես առաջարկում կամ կոշտացնում դիրքորոշումդ, քո գլխին մահակով դրսից չեն հարվածում, այլ փորձում են հարմարվել քեզ, ոչ թե հարմարեցնել իրենց: Սա լավագույն դեպքն էր, և շատ լավ է, որ այդ նախադեպը ստեղծեց Փաշինյանը ու ցույց տվեց, որ կարելի է և՛ տարիների ուղեգիծը փոխել ու անզիջում դառնալ, և՛ միաժամանակ չդառնալ ոչ միասնական միջազգային հանրության «ահասարսուռ» և «ամենակուլ» զայրույթի հասցեատեր:

-Առհասարակ Թրամփի շնորհավորանքն ի՞նչ պատասխանատվություն է դնում նոր իշխանության վրա։

– Ոչ մի: Այս իշխանության պատասխանատվությունն իր ժողովրդի առջև է: Նախևառաջ: Եվ հատկապես՝ ոչ որևէ անհատի, անգամ՝ բարձրագույն պաշտոնատար անձի: Աշխարհի առջև Հայաստանը միայն մեկ պատասխանատվություն ունի՝ չտարածել չարիք ո՛չ դրսում և ո՛չ էլ ներսում: Դրսում Հայաստանը երբեք չի տարածել ու չի տարածելու չարիք: Ներսում էլ, հուսանք, այլևս երբեք չի տարածվի: Այլ պատասխանատվություններ որևէ նորմալ, սուվերեն և քաղաքակիրթ երկիր այլ երկրների առջև չունի: Եթե, իհարկե, չի հանդիսանում գաղութ կամ անդրծովյան դոմինիոն: Բայց այդտեղ արդեն խոսքը երկրի մասին չէ, այլ՝ տարածքի:

– Նոր իշխանությունները փորձում են հավասարակշռել Ռուսաստանն ու Արևմուտքը։ Որքանո՞վ է սա ճիշտ որդեգրած քաղաքականություն՝ հաշվի առնելով ամիսներ առաջ նրանց՝ Ռուսաստանի վերաբերյալ հնչեցրած տեսակետները։

– Որպես իշխանություն՝ հավասարակշռելը միշտ լավ է: Եվ Հայաստանի պարագայում՝ խոհեմ: Բայց պետք չէ որևէ պրոցես իրականացնել որևէ գործընկերոջ հաշվին կամ ընդդեմ: Այդ գործընթացը պետք է դիտարկել ամենատարբեր երկկողմ հարաբերությունների համատեքստում միայն:

– Ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում։

– Հարաբերությունների լավացում և խորացում: Բայց ինչո՞ւ է ԱՄՆ-ի հարցն անմիջապես առաջ գալիս: Կան Հայաստանի այլ բարեկամներ ևս, որոնց հետ երկկողմ հարաբերություններն այս երկիրն անտեսել ու բարձիթողի է արել նախկինում: ԱՄՆ-ը Հայաստանի լավագույն բարեկամներից է, բայց ոչ միակը: Եվ որևէ պարագայում չպետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների երկար սպասված ու հնարավոր լավացումն ու խորացումը կապել ինչ-որ մութ, միֆական օրակարգերի կամ էլ հակառուսական դարձյալ միֆական հակվածությունների հետ: Դա մի ոլորտ է, որտեղ բարելավումն ուղղակի անհրաժեշտություն է, և եթե բարեկամ երկրների հետ կատարված նախկին բացթողումները շտկվեն, Հայաստանը դրանից միայն կարող է շահել:

Մանե Հարությունյան

MediaLab.am