Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Գերմանիայում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։
Մեր Դոնորը չկարողացավ անտարբեր անցնել մարդկային ճակատագրի կողքով, սակայն միևնույն ժամանակ, չցանկացավ, որպիսի նշվի իր անունը։ Առանց մեկ վարկյան վարանելու նա անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և այսօր նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։
Ուզում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Դոնորին, բարի կամքի դրսևորման և մարդասիրական քայլի համար։
Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5928 հիվանդի հետ նախնական համընկնող 5206 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 36-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
Այս մասին հայտնում են Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից։