«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։

Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։