Գեղարքունիքի բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի անդամները 8 մեդալ են նվաճել Երևանում անցկացվող Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում։    

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գևորգ Սարգսյանը՝  ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը Մարտունու մարզադպրոցի սան Լիլիթ Ասատրյանը հինգերորդ տարին անընդմեջ նվաճել է չեմպիոնի կոչումը և ապահովել իր տեղը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում։ Երիտասարդներից 2-րդ տեղ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան Սիմա Խաչատրյանը, 3-րդ տեղ են զբաղեցրել նույն մարզադպրոցի սաներ Վանուշ Ոսկանյանը և Մոնթե Վարդանյանը։   

Մեծահասակներից 2-րդ տեղ է զբաղեցրել Սևանի մարզադպրոցի սան Ջուլիետա Մարգարյանը, 3-րդ տեղը՝ Ճամբարակի մարզադպրոցի սան Սիրանույշ Ղազանչյանը և Մարտունու մարզադպրոցի սան, Եվրոպայի չեմպիոն Նարեկ Զախարյանը։

Ճամբարակի մարզադպրոցի սան, երիտասարդների առաջնության մասնակից Սմբատ Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ ու իր համար առնվազն ապահովել արծաթե մեդալ։ 

«Մեր հավաքականի համար 8 մեդալ նվաճելը համարում եմ կարևոր ու նշանակալի ձեռքբերում։ Անշուշտ, արդյունքներն ավելին կլինեին, եթե Նարեկ Զախարյանը լուրջ վնասվածք չստանար, որի պատճառով բավարարվեց միայն երրորդ տեղով, մինչդեռ նա ոսկե մեդալի բացարձակ հավակնորդ էր։ Նաև ակնկալում ենք, որ Սմբատ Նազարյանը ոսկե մեդալ կնվաճի եզրափակիչ գոտեմարտում»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։