«Ժամանակավոր պաշտոնավարելու պարագայում մարդը մտածում է ոչ թե լավ կառավարման մասին, այլ գոյատևման»․ Ռուբեն Աղուզումցյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի նակին վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը

Պարո՛ն Աղուզումցյան, դուք մինչև վերջերս Կառավարման ակադեմիայում ամբիոն եք ղեկավարել։ Կառավարության վերջնական կազմն արդեն հայտնի է, և ձեր գնահատականն էի խնդրում կառավարության կազմավորման ընթացքի և, ընդհանրապես, իրականացվող կադրային քաղաքականության մասին։

– «Կադրերն են որոշում ամեն ինչ» սկզբունքը արդիական է մինչև հիմա բոլոր երկրներում, այսինքն՝ մարդիկ են որոշում մեր կեցությունը, բարեկեցությունը։ Բայց այդ կադրերին պետք է պատրաստել, կրթել, վերապատրաստել, իսկ խնդիրը հետևյալն է, թե որքանով է դա ընդունված, որքանով է կիրառվում։

Կադրերի պատրաստման հարցում Հայաստանում մոտեցումները ճիշտ չեն։ Տեսեք՝ արդեն 30 տարի Հայաստանում Կադրերի կառավարման ակադեմիա կա, այսինքն՝ պետության համար տարբեր ուղղություններով կադրեր ստեղծող համակարգ կա, բայց այդ կադրերի օգտագործումն ընդունված չէ կամ քիչ է տեղի ունենում։ Այսինքն՝ կա համակարգ, որտեղ պատրաստվում են կադրեր տարբեր ոլորտների համար, բայց նրանք չեն ընդունվում։

– Այսինքն՝ կադրերի ընտրության դեպքում հիմնական պահանջը իշխող քաղաքական թիմի հետևորդ լինե՞լն է։

– Յուրաքանչյուր կառավարչի ընտրության դեպքում՝ լինի քաղաքականության մեջ թե տնտեսության ոլորտներում։ Կառավարիչների, այսինքն՝ այն կադրերի, որոնք որոշիչ դեր են կատարում մեր հասարակության կառավարման հարցում։

Կադրային քաղաքականության հարցում կադրերի բազան շատ կարևոր է, որ միշտ պահանջարկի դեպքում այդ թեկնածուները լինեն, որ կադրային սով չլինի։

Բացի այդ, հիմա կյանքն ավելի արագ է զարգանում, փոխվում, քան մարդկանց մտածելակերպը, դրա համար միշտ չէ, որ այն կադրերը, որոնք պատրաստված են, համապատասխանում են արագ զարգացող կյանքի պահանջներին և տեմպին։ Այդ պատճառով պետք է շատ լուրջ մտածել կադրերի վերապատրաստման մասին, իսկ այդ հարցը բավականին թույլ է մեր երկրում։ Հայաստանում կադրերի վերապատրաստումը կատարվում է հին ոճով։ Մինչդեռ մարդկանց պետք է սովորեցնել նորովի մտածել, որպեսզի նրանք ժամանակին համընթաց առաջ շարժվեն, հետևաբար կադրերի հարցը պետության համար գերհարց պետք է լինի։

Կադրային քաղաքականության մեջ կարևոր է հատկապես կադրերի ընտրությունը։ Բոլոր զարգացած երկրներում կադրերի ընտրությանը շատ մեծ նշանակություն է տրվում։ Եվ կադրերի ընտրության հարցում շատ մեծ տեղ է տրվում հոգեբանական ընտրությանը։ Այսինքն՝ մարդն ունի կրթություն, իր ոլորտում լավ մասնագետ է, բայց կարո՞ղ է ղեկավար լինել։ Հիմա, ինչպես են ասում՝ լավ սովորել է, լավ տնտեսագետ է, նշանակում են կառավարիչ կամ նախարար։ Բայց չէ՞ որ կարող է լավ տնտեսագետ լինել, բայց վատ կառավարիչ։

– Օրինակ՝ հանրության տարակուսանքն էր առաջացրել առողջապահության նախարարի նշանակումը ասում էին՝ իրավաբան է և ոլորտի հետ կապ չունի․․․

– Գիտեք՝ դա հին մոտեցում է։ Անպայման չէ, որ լինի տվյալ գերատեսչության ներկայացուցիչ կամ տվյալ ոլորտի մասնագետ։ Այս պարագայում ավելի կարևոր է, որ կառավարիչ լինի, կառավարի։ Իհարկե, լավ կլիներ, որ մասնագետը նաև որպես կառավարիչ պատրաստվեր, բայց այդ երևույթը մեզանում չկա, ցավոք։

Ռազմական համակարգում ընդունված է, չէ՞, որ մարդիկ սովորում են պատերազմի ընթացքում, մինչդեռ սովորել պետք է մինչև պատերազմը՝ լայն իմաստով, որովհետև կառավարումը՝ տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների, յուրովի պատերազմ է։

Այս առումով կարող եմ ասել, որ նկատվում է կադրային ոչ ճիշտ քաղաքականություն, որովհետև կադրային քաղաքականության մեջ որպես առաջնային դերեր շեշտված են քաղաքական պատկանելությունը, առաջնորդին նվիրվածության աստիճանը։ Մարդու՝ որպես կառավարիչ լինելը ստորադասվում է։

Այս մշակույթը մեզանում դեռ ցածր է։ Կառավարչի խնդիրը նախևառաջ նրա հոգեբանական դիմանկարի մեջ է։ Օրինակ՝ եթե մարդը հայրենասեր չէ, ապա նա իր գիտելիքները կարո՞ղ է ուղղել ի բարօրություն հայրենիքի։ Հոգեբանական բնութագիրը շատ կարևոր է հաշվի առնել։ Դրա համար անհրաժեշտ է հոգեբանական դիմանկար ունենալ ու դրա հիման վրա ընտրություն կատարել։ Երբ անձին ընտրում են որպես կառավարիչ այս կամ այն պաշտոնին նշանակելու համար, անպայման պետք է հաշվի առնել նրա հոգեբանական դիմանկարը, կատարել հոգեբանական ընտրություն։

– Իսկ ինչպե՞ս կատարել հոգեբանական ընտրություն։

– Ա՛յ դա բարդ խնդիր է։ Օրինակ` Կառավարման ակադեմիայում ընդունելության ժամանակ մենք համապատասխան թեստավորում էինք կատարում՝ մոտ 35 հոգեբանական պարամետրերով։ Դրա հիման վրա կազմում էինք հոգեբանական դիմանկար՝ անձնային հատկությունները և մտածողության որակները։ Վերջում, երբ ուսանողն ավարտում էր, տալիս էինք հոգեբանական անձնագիր, որում նշվում էր, թե տվյալ մարդը ինչ հատկություններ ունի, և ինչ կարելի է սպասել նրանից։

– Մեր երկրում ինչպես է՝ անձը նշանակվում է նախարար, բայց մեկ-երկու տարի հետո այլևս նախարար չէ։ Սա արդյոք նորմա՞լ է, և արդյոք ժամանակավորության պարագայո՞ւմ կարող է մոտիվացնող լինել նրա աշխատանքը։

– Այո՛, ժամանակավորությունը, ինչպես, օրինակ՝ պաշտոնակատար լինելը, շատ բացասական երևույթ է, որովհետև մարդը կարող է ռազմավարություն ստեղծել և իրականացնել կայունության պարագայում։ Նույնիսկ մարդու կենսաբանական գոյատևումը կախված է նրանից, թե արդյոք մարդը կարո՞ղ է հարմարվել իրականությանը, իսկ հարմարվելը անպայման ժամանակ է պահանջում։

Մարդու օրգանիզմի համար ամենաբացասական երևույթներից մեկը ժամանակավորությունն է, այդ պարագայում մարդը մտածում է ոչ թե լավ կառավարման, ոչ թե հանրային բարիք ստեղծելու մասին, այլ գոյատևման մասին։

Պաշտոնյաների ժամանակավորությունը, իմ կարծիքով, խոսում է նաև այն մասին, որ կադրային քաղաքականությունը Հայաստանում ճիշտ չի իրականացվում, որովհետև կադրային քաղաքականությունը պետք է պարունակի մասնագիտության և հոգեբանական համապատասխանելիությունը այս կամ այն պաշտոնին։

Կադրային քաղաքականությունը շատ-շատ կարևոր է և յուրաքանչյուր պետության թիվ մեկ խնդիրը պետք է լինի։ Զարգացած երկրներում այդ հարցը հստակ է դրված․ մարդը չի կարող զբաղեցնել մի պաշտոն, եթե իր հոգեբանական հատկություններով չի համապատասխանում դրան։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am