Արթուր Մեսչյան․ Ուրիշի խոսքի տերը

Մհեր Արշակյան

Արթուր Մեսչյանը պատրաստվում է հեռանալ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Արթուր Մեսչյանն ընդհանրապես չպետք է նշանակվեր այդ պաշտոնին։ Հունարով երգիչ էր, որը որոշ հեղինակություն է կուտակել իր երգերով ավելի, քան իր ճարտարապետական աշխատանքներով (մեկը Մատենադարանի նոր մասնաշենքն է – Մ․ Ա․)։ 

Մեսչյանը մեջբերվող երգիչ է, Խորհրդային Հայաստանի տարիներին համարյա առասպելական անձնավորություն էր։ Առաջին անգամ նա Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարեց Վանո Սիրադեղյանի քաղաքապետ լինելու ժամանակ։ 

Երկրորդ անգամ՝ Հայկ Մարությանի։ Արդյոք երգահանն այրվո՞ւմ է Հայաստանի մայրաքաղաքի համար լավ բաներ անելու կրքով։

Գուցե։ 

2018-ի հոկտեմբերին նշանակվելուց 100 օր հետո պարոն Մեսչյանը ասուլիս հրավիրեց ու ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում երկար չի մնա՝ «2-2,5 տարի՝ հաշվի առնելով տարիքս»։ 

Ըստ էության, իր խոսքի տերն է։ Բայց նկատեց, որ այդ ընթացքում Աջափնյակում մետրոյի երկու կայարան կկառուցվի, Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի։ 

Չարվեց։ 

Ասպարեզ եկան աղմկահարույց նախագծեր՝ Ֆիրդուսի թաղամասը և Մաշտոցի պուրակը։ Երկուսում էլ փող դնողը մասնավորն էր։ Ֆիրդուսի համար Մեսչյանը սեփական հեղինակությամբ էր մտել պայքարի մեջ: 

Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն այստեղ հատկացումներ էր արել ինչ-որ կազմակերպությունների, որոնք Ֆիրդուսին պետք է սարքեին Դուբայ։ Ու ընդդիմացողների վրա գլխավոր ճարտարապետն ամենևին ոչ երգեցիկ տրամադրությամբ մուննաթ էր գալիս՝ 6 լոտերի սեփականատերերը մեզ դատի են տալու, ո՞վ դրա համար պատասխան կտա։ 

Այսինքն՝ ձեր պայքարը ձեզ պահեք, թողեք քաղաքի կենտրոնում երկնաքերներ սարքենք։ 

Միշտ ուզել եմ հասկանալ՝ մարդուն խնդրում են ապականվե՞լ, թե՞ իշխանության մեջ էդ եզրույթի զգացումը քրեորեն հետապնդելի է։ Եթե գիտեք, որ գնալու եք, այսինքն՝ էդ պաշտոնում ձեր օրերը հաշված են, ինչո՞ւ եք «դոշ» տալիս նախագծի համար, որի հետ ընդհանուր ոչինչ չունեք։ 

Կամ՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեզ օգտագործեն բաների համար, որոնցում սեփական ներդրում չունեք՝ հերիք չէ, դեռ կասկածելի կառուցապատումներ են արվելու։ Գլխավոր ճարտարապետը կարո՞ղ է ինչ-ինչ ճանապարհներով փորձել հասկանալ՝ Երևանի ինչի՞ն են պետք երկնաքերները։ 

Այն էլ՝ Կենտրոնում։ Համաչափության զգացումը ճարտարապետի զգացում չէ՞։ Դուք ինչո՞ւ եք տեր կանգնում Տարոն Մարգարյանի տված խոստումներին։ Օրենքով արգելել չե՞ք կարող, արգելե՛ք հեղափոխության ուժով։ 

Ներդրումները շա՞տ են գայթակղիչ, ինչպես դուք եք ասում՝ 10 հազար շինարար 250 միլիոն դոլարանոց ծրագիր է իրականացնելու, էդ նախագիծը ես էլ կարող եմ հաստատել՝ ճարտարապետ չլինելով։ Ո՞րն է մեր տարբերությունը։ 

Կամ՝ Մաշտոցի պուրակը։ Դրա գլխավոր հակառակորդը հիմա ձեր անմիջական ղեկավարն է՝ Հայկ Մարությանը։ Այն ժամանակ մարդը գիտեր՝ ինչո՛ւ պետք է նույն տարածքում սրճարան չկառուցվի, ծառեր չհատվեն, հիմա գիտի, թե ինչո՛ւ նույն տեղում պետք է սրճարան կառուցվի, ու ծառեր հատվեն։ 

Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ո՛րն է սկզբունքը։ Այսինքն՝ Սերժը վատն էր, ու չպետք է ծառը հատվի, Նիկոլը լավն է, ու պետք է հատվի՞։ 

Ես ճարտարապետ չեմ, ու նույն անսկզբունքայնությունը ինձ էլ կհերիքեր, մեկ է՝ գործից ոչինչ չեմ հասկանում։ 

Գումարած՝ ես միֆ չեմ ու փչանալու խնդիր չունեմ։ Տարոն Մարգարյանի արած ղալաթներն էլ հանգիստ կարող եմ սղացնել հեղափոխության անվան տակ։

 Պուրակն ուզո՞ւմ էիք բարեկարգել, բարեկարգե՛ք, սրճարանն ինչո՞ւ է պարտադիր։ Որտե՞ղ եք ձեր ձեռքը խփել սեղանին։ Ու եթե ճիշտ եք, ինչո՞ւ այնպես չեք խփել, որ քաղաքի լավը չուզողները սսկվեն։ 

Մետրոյի երկու կայարանների ու ճոպանուղու առարկայական կառուցման մասին ոչինչ չիմացանք։ 

Գիտե՞ք ինչու։ 

Էդտեղ պետությունը պետք է փող ծախսի, և նույնիսկ եթե իր փողերը չեն, գումար գտնողն ինքը՝ պետությունն է։ Ու ինքը ոչինչ չի արել։ 

Ֆիրդուսին ու Մաշտոցը մասնավոր ներդրումներ են, ու ամեն ինչ արվել է։ Որքան հիշում եմ՝ հենց այդպես էին երկիրը բաժան-բաժան անում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ 

Այսինքն՝ նույնն անելու համար անողների մե՞ջ էր խնդիրը։ 

Լավ, չկա՞ մեկը, որ «միֆերին» ասի՝ տղե՛րք, էնտեղ ուրիշ հարցեր են լուծում, ու դուք ձեր «Ո՞ւր էիր, Աստվա՛ծ»-ներով ընդամենը մանրադրամ եք այդ հարցերում, մի կողմ քաշվեք, թող իրենք իրենց փչացնեն, հետո կհասկանանք՝ արժի՞ ամբողջ Հայաստանը գործուղել Երևանի քաղաքապետարան, որպեսզի Սերժ Սարգսյանի մտահղացումներից ոչ մեկի գլխից մի մազ չպակասի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am