Ադրբեջանն էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում ԼՂ հակամարտությունը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։

«Տևական ժամանակ է, ինչ Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն, ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։

Այս ամենի համապատկերում ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:

Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հրավիրել փաստահավաք առաքելությամբ այցելելու Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Այդ համատեքստում հայտնում ենք, որ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Կարևոր է նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:

Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում հակամարտությունը»,- ասվում է հայտարարությունում։