«Ինձ ու ամուսնուս մերկացրին, քարշ տվեցին հյուրասենյակ, ծիծաղում էին մեզ վրա և պահանջում լքել իրենց երկիրը»․ Գերմանիայից Հայաստան՝ իրավունքի խախտումներով

«Ինձ ու ամուսնուս մերկացրին, քարշ տվեցին հյուրասենյակ, ծիծաղում էին մեզ վրա և պահանջում լքել իրենց երկիրը»․ Գերմանիայից Հայաստան՝ իրավունքի խախտումներով
«Ինձ ու ամուսնուս մերկացրին, քարշ տվեցին հյուրասենյակ, ծիծաղում էին մեզ վրա և պահանջում լքել իրենց երկիրը»․ Գերմանիայից Հայաստան՝ իրավունքի խախտումներով

Նաիրան հուզմունքով և դառնությամբ է հիշում Բեռլինում անցկացրած իր և ամուսնու վերջին գիշերը։ Ասում է, որ իրենց նկատմամբ գերմանացի ոստիկանների ստորացուցիչ գործողությունների դեմ փորձել է բողոքել արդեն Հայաստանում՝ սակայն ապարդյուն։

«Երբեք չեմ մոռանա այդ գիշերը,- «Մեդիալաբին» հուզված պատմում է Նաիրան,- գերմանացի ոստիկանների բամբ ձայնն ականջներիս մեջ է, գետնին ընկած մերկ ու հիվանդ ամուսնուս տեսարանը՝ աչքերիս առաջ»։

44-ամյա կինը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտին։ Գերմանիայից Հայաստան արտաքսման նվաստացուցիչ պատմությունը սակայն ամիսներ անց էլ չի լքում նրան։ 

«Մարտի 12-ին՝ գիշերը ժամը 4-ին, 10-15 ոստիկաններ դուռը կոպտորեն բացեցին ու ներխուժեցին տուն։ Ինձ ու ամուսնուս մերկացրին, ամուսնուս քարշ տվեցին հյուրասենյակ, սկսեցին մեզ վրա ծիծաղել ու պահանջում էին լքել իրենց երկիրը»,- պատմում է նա։

Գերմանիայից արտաքսված հայերը պատմում են, որ գերմանացի իրավապահները առանձնակի դաժանություն են ցուցաբերում արտաքսվողների նկատմամբ. բռնի ուժով հանում են տնից, նստեցնում «սև մեքենան», որը փախստականների սարսափն է, ու հատուկ վարձակալած օդանավով տեղափոխում Հայաստան։ Սակայն, այս գործընթացը հաճախ ուղեկցվում է ստորացումներով, բռնությամբ և մարդու իրավունքների խախտումներով։

Նաիրան հիշում է՝ բացի բռնությամբ իրենց վտարելուց, գերմանացի ոստիկանները նաև հափշտակել են իրենց «հետ գցած» գումարը։ Արտաքսված հայի գնահատականն է՝ մաքուր հափշտակություն, գողություն։

«Դրամապանակս բացեցին, տեսան, որ գումար կա, վերցրին։ Ասում եմ՝ դա իմ գումարն է, իմ աշխատածը, ասում են՝ ո՛չ, դա մեր պետության գումարն է։ Ես պահանջեցի, որ թղթի վրա գրի, որ ինձանից գումար է վերցրել, սկսեց ծիծաղել, ծաղրեց՝ բա ոնց, ու անմիջապես հեռացավ դրամապանակը ձեռքին։ Անգամ դրամապանակիս կոպեկները լցրեց սեղանին, հավաքեց ու դրեց գրպանը։ Բայց չէ՞ որ դա նշանակում է հափշտակել, գողանալ։ Առանց որևէ գումարի վերադարձել ենք Հայաստան»,- հիշում է Նաիրան։

Երբ ամուսինը սպառնացել է, թե դատի է տալու ոստիկաններին, վերջինները հեգնել են՝ ծիծաղելով՝ «Բա ոնց, ձեր Հայաստանում դատի կտաս, բա ոնց»։ 

Գերմանիայից Հայաստան արտաքսվողներից եզակի դեպքերում են մարդիկ փորձում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը։

Նաիրան այդ բացառություններից էր. նա փորձել է իր խախտված իրավունքները, կորցրած ֆինանսական միջոցները վերականգնել հայաստանյան պետական ատյանների օգնությամբ, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արդարադատության նախարարություն, սակայն հուսահատ կնոջը պատասխանել են, որ անկարող են օգնել:

«Գրել եմ դիմումներ նախարարություն, Պաշտպանին, բայց ոչ մի դրական արձագանք չեղավ։ Ինչո՞ւ պետք է նրանք ինձ հետ այդպես վարվեին, ինչո՞ւ պետք է իմ աշխատած գումարները հափշտակեին»,- հարցեր է բարձրացնում Նաիրան։

Փաստաբան Արա Ղազարյանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր է ներկայացրել, ասում է՝ պետությունը անձին արտաքսելու համար իրավունք ունի հարկադրանք կիրառել, եթե անձը իր կամքով չի լքում այդ երկրի տարածքը: Սակայն եթե հարկադրանք կիրառելու ընթացքում վատ վերաբերմունք է դրսևորվում, ապա, ըստ մասնագետի, դա մարդու իրավունքների խախտում է: 

«Դեպորտացիայի ժամանակ ուժ կիրառելը ընդունված է, բայց անօրինական է: Դա նշանակում է, որ անհամաչափ ուժ է կիրառվում, որը իրավաչափ չէ: Օրինակ՝ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդկանց գումարները վերցնում, հագուստը թույլ չեն տալիս հագնել: Դա, իհարկե, խախտում է: Վատ վերաբերմունքի սահմանը հատելը իրավունքների խախտում է»,- նշում է փաստաբանը:

ՀՀ քաղաքացիների արտաքսման և իրավունքների խախտման դեպքերը եվրոպական երկրներից ավելի ակտիվացել են հատկապես վերջին տարիներին։

«Հայկական Կարիտասի» միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասում է՝ հայերին մեծ հաճախականությամբ դեպորտ անելու պատճառը եվրոպական երկրներում միգրացիոն քաղաքականության փոփոխությունն է, որը Եվրոպայում 2015-2016-ին սկիզբ առած միգրացիոն ճգնաժամի հետևանք էր: Նրա խոսքով, եվրոպական երկրներն ավելի շատ սկսեցին մտածել պատերազմական իրավիճակներից ապաստան փնտրող անձանց մասին և սկսեցին արտաքսել ժողովրդավարական երկրի քաղաքացիներին, ինչպիսին Հայաստանն է։ 

«Տվյալ անձանց տեսանկյունից գերմանացիների այդ քայլը, այո՛, չի կարող հումանիստական դիտվել: Բայց, մյուս կողմից, կան մարդիկ, ովքեր պատերազմից են փախել, եկել, ինչպես, օրինակ՝ Սիրիայից: Գերմանիայի ներկայացուցիչները մեզ հետ մասնավոր զրույցում ասում էին՝ մենք վերադարձնում ենք ապահով երկրներից եկողներին, որ փրկենք նրանց, ովքեր կյանքը փրկելու համար են գալիս»,- ասում է Լուսինե Ստեփանյանը:

Արտաքսված հայերի հիշողություններում երկար են պահպանվում գերմանական վերջին մղձավանջային ակնթարթները, երբ ոստիկանները անակնկալ ներխուժում են հայերի տներ, հեգնում, ստորացնում նրանց ու պարտադրում լքել իրենց երկրի տարածքը: 

Եթե մի դեպքում հազարավոր ՀՀ քաղաքացիներ մեկնել են եվրոպական երկրներ և ապաստան հայցել կամ դիմել կարգավիճակ ստանալու համար, շահարկելով քաղաքական անբարենպաստ իրավիճակը, մյուս դեպքում բազմաթիվ մարդկանց համար Եվրոպան ծանր հիվանդությունից բուժվելու (տես նախորդ հոդվածը) միակ պատուհանն է մնացել։ Նաիրան ասում է, որ Գերմանիա է մեկնել, քանի որ ամուսնու մոտ հայտնաբերված քաղցկեղը բուժելու համար Հայաստանում բավականաչափ հնարավորություններ չեն եղել։

«Մեր բոլոր դիմումները մերժում էին՝ պատճառաբանելով, որ մեր երկրում սկսել են քաղցկեղով հիվանդներին բուժել, մեծ թվով հիվանդանոցներ են բացվել, իշխանությունները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, ընտիր է»,- պատմում է Նաիրան՝ անդրադառնալով իրենց արտաքսման պատմությանը։

Նույն բռնությամբ 2018-ի հունվարին վտարվել է Սիրարփիի ընտանիքը: 

Երիտասարդ կինը ավելի քան մեկ տարի անց հուզմունքից դողացող ձայնով, արցունքն աչքերին է հիշում դեպորտի օրը. 

«Հունվարի 30-ին ոստիկաններն առավոտյան ժամը 6-ին շրջափակեցին մեզ: Մեր բնակարանը տանիքում էր, վերևի հարկում: Տանիքի վրա հարված զգացի, մեծ աղմուկ էր, հասկացա, որ շրջափակում են մեր տունը: Զանգը տվեցին՝ բացականչելով. «Պետությունն է, բացե՛ք դուռը»: Մենք բացեցինք, ներխուժեցին ու ասացին, որ պետք է հավաքենք իրերը: Ես ասացի, որ մենք առողջական խնդիրներ ունենք, ինչպե՞ս եք մեզ ուղարկում, գնանք այնտեղ ի՞նչ անենք, մենք անգամ տուն չունենք: Ոստիկաններից մեկն ասաց՝ չի հետաքրքրում, դուք պետք է գնաք ձեր երկիր»։ 

Այդ օրվա մղձավանջը նրա փոքր ընտանիքի համար շարունակվել է օդանավում: Մեկ տարի անց նա ծանր սրտով է հիշում՝ ինչպես էին միայն արտաքսվող հայերի համար նախատեսված օդանավում կանայք աղեկտուր լացում. անորոշ ապագան նրանց ստիպել է հռետորական հարց բարձրացնել՝ ի՞նչ են անելու, որտե՞ղ են ապրելու:

«Վիճակը սարսափելի էր. մի հիվանդ տղամարդու, որին նոր էին վիրահատել, վերքերը վիրակապած, սայլակով բերել էին օդանավակայան, առանց ճամպրուկների, կինը ողբում էր՝ ո՞ւր եմ գնալու, տուն չունեմ, ինչո՞վ եմ ապրելու, գնալու եմ փողոցում կանգնեմ: Այդ լացի ձայներից 5 ամսական երեխաս չէր կարողանում քնել»,- հիշում է Սիրարփին։

Բեռլինում փախստական հայերին թարգմանական ծառայություններ մատուցող 41-ամյա Արմինե Մինասյանը «Մեդիալաբին» ասում է, որ եթե իշխանությունները նախապես հայտնեն հայերին նրանց վտարման օրվա կամ ժամի մասին, ապա նրանք անցնում են ընդհատակ, ու նրանց գտնելը դժվարանում է, վտարման գործընթացը՝ ձգձգվում: 

«Գերմանիա կատարած Հայաստանի տարբեր պաշտոնյաների այցերից հետո Հայաստանն այժմ համարվում է ապահով երկիր, իսկ, օրինակ՝ Սիրիան անապահով է: Այստեղ ապրելու հիմք պետք է ունենան, իսկ հիվանդությունը հիմք չէ: Դրա համար հիմա արտաքսման ձևերը փոխվել են՝ մի մեծ օդանավ են վարձակալում և հայերին խմբով ուղարկում»,- նշում է Արմինեն:

Նույնը կատարվել է նաև Սիրարփիի ընտանիքի հետ. «Մեր պայուսակում գումար ունեինք, ոստիկանները տուն ներխուժելուց սկսեցին զննել, տեսան գումարը, վերցրին ու մեզ առանց գումարի ուղարկեցին: Ինչքանո՞վ է դա մարդկային»: 

Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը խնդրին տեղյակ է, լսել է այդ մասին շատ արտաքսվածներից, բայց ոչինչ անել չեն կարող, քանի որ այլ երկրի իրավապահ մարմին է: 

«Մենք չենք կարող ազդել այլ երկրի իրավապահ մարմնի վրա: Բայց մենք այդ հարցը բարձրացրել ենք մեր կոլեգաների հետ հանդիպումներում՝ խնդրելով ապահովել պատշաճ վերաբերմունք արտաքսվողների նկատմամբ»,- նշում է Արմեն Ղազարյանը:

«Հայկական Կարիտասից» Լուսինե Ստեփանյանի խոսքով, Եվրոպական կարիտասների իրենց գործընկերները չեն պաշտպանում արտաքսման նման քաղաքականությունը։

«Նրանք դեմ են այդ վարքին։ Բարեսիրական կազմակերպություն են ներկայացնում և դա համարում են հակամարդասիրական: Բայց մյուս կողմից՝ նշում են, որ պետության ռեադմիսիոն պայմանագրի կետերից մեկն է՝ ընդունել ու տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիներին»,- շեշտում է Լուսինե Ստեփանյանը։ 

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, իր վարույթում եղել են գործեր, երբ Հայաստանի քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել են տվյալ երկրի իշխանությունների վատ վերաբերմունքը արտաքսման ժամանակ։ 

«Ես ունեցել եմ այդպիսի մի գործ, երբ անձին երեք անգամ դեպորտացիա են արել, երեք անգամն էլ անմարդկային պայմաններում են պահել, այդ թվում՝ կտրել են ընտանիքից՝ առանց հաշվի առնելու, որ ինքը կարող էր կարգավիճակ ունենալ։ Նման գործերը, որոնք շատ են, կարգավորվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Նրանց իրավունքների խախտումը, իհարկե, դատարանի կողմից ճանաչվել է»,- ասում է Ղազարյանը։

Նա նշում է, որ եթե անձին, օրինակ՝ կողոպտել են, ապա նա պետք է իր իրավունքները պաշտպանի այն երկրում, որտեղ դա կատարվել է՝ վարձի փաստաբան Գերմանիայում և Գերմանիայի իշխանություններից փոխհատուցում պահանջի։

 «Դա մասնավոր, քաղաքացիական հայց է, և քաղաքացին այդ հարցը պետք է վիճարկի այլ պետությունում, այսինքն՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Հայաստանից չի կարող այդ գործընթացն անել,- նշում է փաստաբանը։ – Նա առավելագույնը կարող է այստեղ վարձել փաստաբան, որպեսզի վերջինը այստեղից փորձի հետամուտ լինել, բայց դրա համար էլ փաստեր են պետք։ Շատ բարդ գործընթաց է, և կարող է դրա համար ավելի մեծ գումարներ ծախսել, քան կորցրել է»։

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am