Արցախի ԱԺ հայտարարությունը Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել ենՍտեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը:

Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»: