Էսկալացիայի վտանգը չափազանց բարձր է,  պետք է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի այդ հավանականությունը նվազեցվի. Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, իշխանությունն ամենաբարձր մակարդակով շարունակում է հայտարարել, որ ադրբեջանական նոր էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Կարծում եք՝ կա՞ն օպերատիվ նման տվյալներ, ինչի հիման վրա այսպիսի հայտարարություններ են հնչեցվում։

– Օպերատիվ մակարդակի տվյալներ չպետք է ունենալ հասկանալու համար, որ, իրոք, Ադրբեջանը կարծես թե ինչ-որ գործողություններ է նախապատրաստում: Այդ մասին խոսում են ինչպես Բաքվից հնչող հայտարարությունները, այնպես էլ տարբեր վստահելի աղբյուրների տեղեկություններն այն մասին, որ առաջնագծի որոշ հատվածներում զորքերի կուտակումներ կան: Մի խոսքով, երբ համադրում ենք տարբեր տեղեկություններ, կարելի է եզրահանգել, որ էսկալացիայի վտանգը չափազանց բարձր է, բայց, իհարկե, պետք է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի առնվազն ինչ-որ ճնշում լինի Ադրբեջանի նկատմամբ, և այդ հավանականությունը նվազեցվի։ 

– Կարծում եք՝ այդ ճնշումը կնվազեցնի՞ ադրբեջանական էսկալացիայի բարձր հավանականությունը։

– Ինչ-որ չափով, եթե բոլոր կողմերը սկսեն ճնշում գործադրել։

– Եթե Ադրբեջանը որոշի էսկալացիայի գնալ նաև Արցախում, Ռուսաստանն ի՞նչ արձագանք կտա դրան։

– Ամեն ինչ կախված կլինի էսկալացիայի մասշտաբներից, եթե լայնածավալ լինի, Ռուսաստանը պարզապես արդեն ստիպված է լինելու ավելի ակտիվ քայլերի դիմել, եթե այդ գործողությունները սահմանափակ ծավալների լինեն, ռուսները երևի փորձելու են կանգնեցնել դրանք, բայց կրկին որևէ հստակ գնահատականներով հանդես չեն գա։ 

– Պարո՛ն Գրիգորյան, ըստ ձեզ՝ Ադրբեջանը պատրաստվում է դիմել էսկալացիայի, որովհետև ինչ-որ պայմանավորվածություննե՞ր են խախտվել, թե՞ այլ խնդիր կա։

– Ադրբեջանի նպատակները տարբեր են, իսկ այդ նպատակները տարբեր օրակարգերում են, բայց բոլոր օրակարգերում էլ առավելապաշտական ինչ-որ մոտեցումներ ունեն։ Պարզ է, որ հայկական կողմն այդ մոտեցումներից շատերը պարզապես ի վիճակի չէ ընդունելու, և հիմա պարզապես փորձում են ուժի կիրառման միջոցով պարտադրել այդ լուծումները։ 

Մասնավորապես՝ կարծում եմ, որ փորձում են հասնել ինչ-որ շոշափելի արդյունքների մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները, որովհետև լուրջ մտահոգություն կա, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները՝ ո՛վ է հաղթելու, ինչպե՛ս է լինելու Թուրքիայի դիրքորոշումը, եթե Էրդողանը պարտվի։ Մի խոսքով, այս ժամանակահատվածում նրանք փորձում են հասնել հնարավորինս մեծ զիջումների հայկական կողմից։ 

– Գործադիրի այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը խոսեց այն բոլոր խախտումների մասին, որ արել է Ադրբեջանը՝ շեղվելով համատեղ ստորագրված պայմանագրերից, ասաց նաև, թե չնայած Ալիևի հայտարարությանը, որ «ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու», այնուամենայնիվ, «խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։ Ի վերջո, խաղաղության պայմանագրի կնքում հնարավո՞ր է այս պայմաններում, և ո՞ր կողմի պայմանների հիման վրա է լինելու այն։

– Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիր լինելու է այն դեպքում, եթե Հայաստանը ընդունի Բաքվի այս առավելապաշտական մոտեցումները։ Այսինքն՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ու դրան զուգընթաց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջազգային մեխանիզմ չստեղծվի։ 

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում չի համաձայնի նմանատիպ մեխանիզմի ստեղծմանը, իսկ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ առանց այդ մեխանիզմի ստեղծման հնարավոր չէ որևէ փաստաթուղթ ստեղծել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմի դիրքորոշումները շատ հաճախ ռազմական ճնշման ներքո փոփոխության են ենթարկվում, այդ առումով պետք է այլ զարգացումներ ևս չբացառել, և եթե խաղաղության պայմանագիր կնքվի, կնքվելու է Բաքվի համար ընդունելի պայմաններով կամ Բաքվի պատկերացումներով։

– Միջազգային հանրության ճնշմամբ հնարավոր կլինի՞ ի վերջո Լաչինի միջանցքի ապաշրջափակում։

– Իրականում կախված է, թե ինչ աստիճանի է լինելու այդ ճնշումը, այս փուլում, կարծում եմ, աշխատանքներ են տարվում, որպեսզի հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ: 

Այստեղ ևս բարդ է լինելու ինչ-որ կոնսենսուսի հասնել, որովհետև Անվտանգության խորհրդի մշտական ու ոչ մշտական անդամների մեջ ևս տարաձայնություններ կան, որոշ երկրների նկատմամբ Ադրբեջանն ունի ազդեցություն, որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, կարող են խոչընդոտել բանաձևի կամ հայտարարության ընդունումը, բայց, եթե, օրինակ՝ այս հարցով Անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի, սա կլինի լուրջ դիվանագիտական պարտություն Ադրբեջանի համար։

– Ձեր տպավորությամբ՝ հիմա թե՛ Արցախի հարցի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով բանակցությունները փակուղայի՞ն վիճակում են։

– Բանակցությունները, ինչպես տեղեկացանք Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունից, այժմ առցանց ձևաչափով են ընթանում, այսինքն՝ կողմերը միմյանց ուղարկում են խմբագրված փաստաթղթեր, ու ինչ-որ աշխատանք կատարվում է, սակայն կարծում եմ, որ այստեղ ֆունդամենտալ հարցը հենց այն է, ինչի մասին խոսում էի՝ Բաքու-Ստեփանակերտ շփման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը, ինչի շուրջ ընդհանուր հայտարարի գալը դժվար եմ պատկերացնում: Առավել հավանական է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ կստիպի Հայաստանին ընդունել իր մոտեցումները։

– Պարո՛ն Գրիգորյան, Լավրովի վերջին հայտարարությունը Ղարաբաղի մասով, երբ բերում էր Կոսովոյի, Դոնբասի օրինակները, կարծում եք՝ Մոսկվային կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին, որ, օրինակ՝ Արցախի հարցում էլ այդ կարգի լուծում լինի։

– Չեմ կարծում։ Կարծում եմ նաև, որ այդ հայտարարության նպատակներից մեկն էլ հենց այդ էր, այսինքն՝ ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ նույնիսկ այդ առաջարկված սցենարներն ընդունելի չեն Բաքվի համար, ու այդ իսկ պատճառով առաջ քաշելով այդ տարբերակները՝ Ռուսաստանն արդեն նոր բովանդակությամբ, նոր առաջարկներով, այնուամենայնիվ, փորձում է պահպանել ստատուս քվոն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am