«Մի խումբ ուզում էր որ նախարարներին, նախագահին, վարչապետին բռնենք ու շպրտենք «Սանիթեքի» աղբամանների մեջ, բայց, փառք Աստծո, չարեցինք». Արշակ Գասպարյան

Հայաստանում կոռուպցիայի դեմ այսօր մեկնարկած պայքարը կարևոր ճանապարհ է, որը պետք է անցնել: Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է «խոշոր ձկներին» պատժի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանը:

«Մենք արդեն իսկ չկիրառեցինք վրաստանյան փորձը՝ կիրառելով «վենդետաներ չեն լինելու» գործելաոճը: Իհարկե, քաղաքացիների մի խումբ կար, որը հուզական տրամադրությունների տակ ուզում էր, որ նախարարներին, նախագահին, վարչապետին բռնենք ու ուղղակի շպրտենք «Սանիթեքի» աղբամանների մեջ, բայց, փառք Աստծո, չարեցինք: Մենք էլ արեցինք մեր ձևով: Հիմա, եթե Վրաստանի մեթոդը չենք կիրառել, այսօր սխալ կլինի բռնել ու բոլորին գլխատել, դա չի ստացվի: Հասկանալի է, որ քայլ առ քայլ պետք է իրավիճակը փոխել»,- «Մեդիալաբին» ասում է Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի քաղաքացուց ստացած իր քվեն պահպանելու խնդիր: Եվ, այո, նա չի պատժելու քրեակատարողական հիմնարկի թմրանյութ մատակարարող տեսուչին, որովհետև դա նախքան իր իշխանության գալն էլ էին անում:

«Փաշինյանը պետք է անի քայլեր, որոնք մինչ այս չեն արվել: Այսինքն՝ նա պետք է տեսանելիություն ու շոշափելիություն ապահովելու համար փորձի բռնել հնարավորինս մեծ ձկնիկների: Եվ սա բնական քայլ է: Որպեսզի մինչև արտահերթ ընտրությունները և դրանից հետո իր հեղինակությունը չկորցնի, նա պետք է այս քայլերն իրականացնի»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ կոռուպցիան երկկողմ երևույթ է: Բացի կաշառք վերցնողից, ունենք նաև կաշառք տվող, ով պատրաստ է իր ուզածին հասնելու: Հետևաբար, այս երևույթի դեմ պայքարի հարցում մենք պետք է պատրաստ լինենք սեփական զոհողության: «Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ մեր երեխան ուշ կբուժվի»,- հավելեց նա:

Արշակ Գասպարյանն անդրադառնում է նաև երկրում ստեղծված մթնոլորտին: Նրա դիտարկմամբ՝ երկրում մթնոլորտը նախքան հեղափոխությունն էր փոխվել:

«Այս հեղափոխությունն արդյունք էր արդեն իսկ փոխված մթնոլորտի: Այո, այդ նախկին իշխանության կազմում 20 մարդ էին, նրանք այն մարդիկ էին, ովքեր անում էին այն, ինչ ուզում էին՝ իրենց մի քանի ընտանիքի անդամներով ու շրջապատով: Եվ մթնոլորտը փոխվեց, դարձավ «մենք»-ի մթնոլորտ, դրա համար հնարավոր դարձավ Հանրապետության հրապարակում ունենալ 270 հազար մարդ: Բոլորի կարծիքն այն է, որ եղավ հեղափոխությունը, և Սանասարյան Դավիթի՝ «սիրում եմ ձեզ» արտահայտությունն ինչ-որ բան փոխեց: Ոչ, մենք այդ փոփոխությունը նախապատրաստել էինք, և դրա կրողը դարձան Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը»,- ասում է նա:

Հոգեբանի խոսքով՝ խնդիրների բարձրաձայնումը սկսվել էր վաղուց, երբ յուրաքանչյուրն իր տեղում խոսում էր անարդարությունների մասին, այդ պատճառով հնարավոր եղավ երկրում հեղափոխությունը անել: Իրավիճակը բերեց նրան, որ հանրությունն արդեն պատրաստ էր դուրս գալու ու փողոցը փակելու կոչին:

«Մարդիկ հասկացան, որ բոլորն սկսում են խոսել, սկսում են ներկայացնել խնդիրները: Զարգացումները բերեցին նրան, որ դու մեկ քայլ առաջ պատրաստ ես լինում նոր բան անելու, հինը մերժելու»,- նշեց մասնագետը:

Մթնոլորտը փոխվել է նաև այն առումով, որ նախկին իշխանությունների օրոք անպատժելիությունը խրախուսվում էր, այսօր՝ ոչ: Արշակ Գասպարյանի խոսքով՝ 1996 թվականից այդ մարդկանց մեջ դրվել է «ուժն է ծնում իրավունք» մտածելակերպը: Եվ այդպես էլ շարունակվել էր մինչ այս փոփոխությունները. ով ինչ ուզել՝ արել էր:

«Հիմա մի քիչ այլ է, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է ուզում, ուղղակի նախորդ և այս իշխանության ուզածները տարբեր բաներ են: Մեկը մտածում էր՝ ուզում եմ, որ իմ հաստ աղին ու ստամոքսը կուշտ լինեն, այս կառավարությունն ասում է՝ ժողովուրդ, բոլորդ պետք է կուշտ լինեք: Եվ հուսով եմ, որ այս գործելաոճը կշարունակվի մինչև իրենց կառավարման վերջին օրը»,- ասում է Արշակ Գասպարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am