Ադրբեջանում Իսրայելի բազաները՝ մի անհիմն հոդվածի ու հին ելույթի հետևանք. FIP.am

Իսրայելը թույլտվություն է ստացել օգտագործել ադրբեջանական չորս ռազմաբազաները Իրանին հարվածելու համար. «5-րդ ալիք»․

Վերջին շրջանում աննախադեպ սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանի իշխանությունները բացասաբար են ընկալում Ադրբեջանի մտերիմ կապերը Իսրայելի հետ։ Այս ընթացքում հայկական լրատվական կայքերը լցվեցին Հայաստանի երկու հարևան երկրների սրված հարաբերությունների մասին տարատեսակ տեղեկություններով։

Սոցիալական ցանցերում, իսկ հետո արդեն սունկ կայքերում և լրատվականներում տարածվեց տեղեկություն, թե իբրև Իսրայելն Ադրբեջանում չորս ռազմաբազա է «ստացել»։ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը և tert.am կայքը՝ որպես այս տեղեկության աղբյուր, նշել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելին։ Նրան է հղում տվել նաև «5-րդ ալիքը» կիրակնօրյա լուրերի հաղորդման ժամանակ։

«…Իսրայելը թույլտվություն է ստացել օգտագործել ադրբեջանական չորս ռազմաբազաներն Իրանին հարվածելու համար։ Այս մասին այս շաբաթ ամերիկացի մի նախկին կոնգրեսական է հայտնել»,- ասվում է «5-րդ ալիքի» ռեպորտաժում, որտեղ մեջբերվում է Էնգելի խոսքը։

Էնգելը, սակայն, նման պնդմամբ հանդես չի եկել նախորդ շաբաթ։ «5-րդ ալիքի» «նոր» տեսանյութը, որում կոնգրեսականը, իբր, վերը նշված հայտարարությունն է արել, իրականում 2012 թվականի է։ Տեսանյութում Էնգելի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2012 թ.  դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ժամանակ արած հարցադրումն է (58:20-ից սկսած)։ 

2012 թ. դեկտեմբերի 5-ին Ներկայացուցիչների պալատում Էնգելը հարց էր տվել քննարկման մասնակիցներին՝ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Նա հետևյալն էր ասել. «Ես ուղղակի մի բան եմ ցանկանում հարցնել՝ ով էլ կկարողանա դրան պատասխանել։ Դա վերաբերում է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին։ Տեղեկություններ կան վերջին վեց ամսվա, մեկ տարվա ընթացքում, որ Ադրբեջանը համաձայնել է Իսրայելին թույլ տալ օգտագործել իր ռազմաբազաները Իրանի ատոմային կարողությունների դեմ հարվածներ իրականացնելու համար»։

Էնգելը, հավանաբար, նկատի ուներ ամերիկյան «Foreign Policy» պարբերականի կողմից նույն տարվա մարտին հրապարակված հոդվածը, որում հեղինակը նշում էր, որ չորս ամերիկյան դիվանագիտական և ռազմական հետախուզության աղբյուրներ իրեն հայտնել են, որ Իսրայելը վերջերս Ադրբեջանում գտնվող ավիաբազաների հասանելիություն է ստացել։

Ադրբեջանի և Իսրայելի սերտ ռազմական և քաղաքական հարաբերությունները գաղտնիք չեն, բայց այն ժամանակ, ինչպես և հիմա, որևէ հավելյալ տեղեկություն այս մասին չէր հրապարակվել, որը կփաստեր Ադրբեջանում Իսրայելի կողմից ռազմաբազա(ներ) «ստանալու» մասին։ Առնվազն մինչ այս պահը սա հաստատված չէ որևէ վստահելի աղբյուրի կողմից և հիմնված է ինը տարի առաջ հրապարակված հոդվածի և ԱՄՆ կոնգրեսականի հարցադրման վրա։

Այսպիսով, համացանցում և լրատվական կայքերում տարածվող տեղեկությունը, թե ամերիկացի նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելը հայտնել է Իսրայելի կողմից   ադրբեջանական չորս ռազմաբազաներից օգտվելու թույլտվություն ստանալու մասին, չի համապատասխանում իրականությանը։ 

Փաստերի ստուգման հարթակ