Պետությունը, եթե մտահոգված է վնաս հասցնող տեղեկությունների տարածմամբ, պետք է նպաստի բարեխիղճ լրագրության զարգացմանը. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցին, որը հղում կանի ֆեյքերին՝ անանուն աղբյուրներին: Այս փոփոխությունը որքանո՞վ է հավասար պայմաններ ստեղծում ԶԼՄ-ների ու նույն այդ անանուն աղբյուրների համար:

– Եթե այդ կարգավորումը ճիշտ և գրագետ կիրառվի, ապա դաշտում ոչ մի բան չի փոխելու, որովհետև այդ նույն իրավական նորմը մինչև այդ դրույթի առաջին ընթերցմամբ ընդունումն էլ էր գործում: Այս կարգավորումը խնդիրներ կառաջացնի, եթե իրավակիրառ պրակտիկայում այն այլ մեկնաբանություններ ստանա: 

Լրատվամիջոցների մոտ մտահոգություններ կան, որ եթե իրենք, օրինակ՝ մեջբերում են ինչ-որ բովանդակություն, որը հակասում է օրենքին, բայց այդ նույն հրապարակման մեջ տալիս են նաև այլ աղբյուր, որն այդ նույն իրադարձությունը, փաստը այլ կերպ ու օրենքին չհակասող կերպով է մեկնաբանում, ապա նույնիսկ այս դեպքում լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց նորմն այսպես չի կարող գործել: 

Լրատվամիջոցն իրավունք ունի ցանկացած լուր տարածելու, եթե նաև հայտնում է այդ լուրի նկատմամբ իր վերաբերմունքը կամ տալիս է նաև այլ աղբյուր, որը նաև հակառակ ձևով է մեկնաբանում փաստը կամ իրադարձությունը: 

Սա ընդամենը մեկ օրինակ էր, որ սխալ իրավակիրառ պրակտիկայի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, բայց եթե իրավապահ մարմինները գործեն իրավական բարեխղճության ու ողջամտության շրջանակներում, որևէ նոր բան այս դրույթը չի բերելու լրատվական դաշտում:

– Այդ դեպքում ո՞րն է այս կարգավորման ընդունման նպատակը, եթե մինչ այս էլ նման կարգավորույմ գործում էր:

– Պիտի հիշենք այս օրինագծի պատմությունը. ի սկզբանե ուզում էին արգելել որևէ անանուն, հետո փոխեցին՝ չնույնականացվող աղբյուրից մեջբերում անելը, անկախ բովանդակությունից, ինչը, միանշանակ, զավեշտային կարգավորում էր ու անընդունելի: 

Սուր քննադատություններից ու միջազգային փորձագետների գնահատականներից հետո ձևակերպումները փոխվեցին: Ողջամիտ մոտեցման պարագայում այս կարգավորումը կրկնում է արդեն գոյություն ունեցող նորմը:

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ մտավախություն չունե՞ք, որ այդ չնույնականացվող աղբյուրները, ֆեյք լուրեր տարածողները այս կարգավորման հետևանքով ավելի շատ լսարան կունենան, քան գրանցված լրատվամիջոցը:

– Դա արդեն կա, ու այդ իրողությանը մենք հանդիպում ենք ամեն օր, եթե այդ տեսանկյունից նայենք կարգավորումներին, ապա պրոֆեսիոնալ կամ ուղղակի նույնականացվող ինֆորմացիայի աղբյուրները պետք է ընդհանրապես ազատվեն որևէ տեղեկություն տարածելու համար որևէ պատասխանատվությունից, որպեսզի հավասար հնարավորություն ունենան տեղեկատվական դաշտում, այսինքն՝ պետք է բացարձակ դարձնենք խոսքի ազատությունը, ինչը չպետք է ենթադրի, որ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում զրպարտության, վիրավորանքի, ատելության, բռնության խոսքի համար միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ունեն ֆեյք աղբյուրները: Կարելի է քննարկել հարցն այս տեսանկյունից, բայց՝ չգիտեմ, թե մեզ ո՛ւր կտանի այդ քննարկումը:

– Կարո՞ղ ենք ասել, որ կոնկրետ այս կարգավորումը որոշակի առումով սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքը:

– Մենք ունենք օրենսդրական բազմաթիվ կարգավորումներ, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների աշխատանքը, քանի որ միջազգային իրավական սկզբունքները չեն ենթադրում, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք է: Այլ բան է, որ այդ սահմանափակումները պետք է ողջամիտ լինեն և ողջամիտ կիրառվեն, իսկ եթե չլինի այս հանգամանքը, պարզ է, որ ցանկացած կարգավորում կարող է լրատվամիջոցների դեմ ոտնձգությունների հիմք հանդիսանալ:

– Կոնկրետ այս կարգավորումը ողջամիտ համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

 – Իրավական նորմը, որը դրված է կարգավորման հիմքում, ըստ իս, ողջամիտ է, քանի որ գոյություն ունի բոլոր քաղաքակիրթ երկրներում, բայց կիրառումը կարող է տարբեր լինել, և կոնկրետ օրենքի ձևակերպումները կարող են հուշել, որ կա այլ մտադրություն, քան ողջամիտ ու իրավաչափ կարգավորումն է: 

– Պարո՛ն Նավասարդյան, ավելի ճիշտ չէ՞ր լինի որևէ ձևով պայքարել այդ ֆեյք աղբյուրների դեմ կամ գոնե որոշ չափով սահմանափակել նրանց հնարավորությունները, քան կարգավորումը տարածել նույնականացվող ինֆորմացիայի աղբյուրների վրա:

– Դրա ուղղությամբ բազմաթիվ միջոցներ կիրառվում են ամբողջ աշխարհում, բայց առայժմ ոչ մեկը հաջողության չի հասել, ու խիստ կասկածում եմ, որ հնարավոր է այդ ճանապարհով ինչ-որ հարց լուծել: 

Ես միշտ համարել եմ, որ պետությունը, եթե մտահոգված է վնաս հասցնող տեղեկությունների տարածմամբ, պետք է ամեն գնով նպաստի բարեխիղճ լրագրության զարգացմանը: 

Հայաստանը ինքնուրույն չի կարող պայքարել ֆեյք աղբյուրների դեմ, այս հարցում պետք է միջազգային ջանքերի մասնակից դառնա, բայց կարող է նպաստել նրան, որ մեզանում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բարեխիղճ լրատվության համար, որպեսզի վերջիններս փորձեն հնարավորինս բավարարել տեղեկատվական պահանջարկը և լսարանի ուշադրությունը շեղեն այդ ֆեյք աղբյուրներից:

– Նման քայլեր նկատո՞ւմ եք իշխանության կողմից:

– Բացարձակապես չեմ նկատում: Հիմնական մտահոգությունը հենց դա է, որ մեզ մոտ լրատվամիջոցների զարգացման ո՛չ հայեցակարգ կա, ո՛չ հստակ քաղաքականություն, ո՛չ այդ ուղղությամբ որևէ օրենք կամ կառավարության որոշում կա ընդունված տարիների ընթացքում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am