Իրանն ողջունում է Բաքու-Երևան խաղաղության պայմանագիրը, սակայն զգուշացնում է օտարերկրյա միջամտության վտանգների մասին

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը՝ ընդգծելով, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Միաժամանակ նախարարությունը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմանների մոտ օտարերկրյա միջամտության հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։

Հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր են ստորագրել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Այս պայմանագիրը նպատակ ունի վերջ տալ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող զարգացումներին և շարունակում է կապի մեջ մնալ երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ»,-ասված է հայտարարությունում։

«Կասկած չկա, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերջնականեցումը և դա կարևոր քայլ է համարում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշվում է փաստաթղթում։

Միաժամանակ Իրանը «մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ, ինչը կարող է վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»։

Նախարարությունը շեշտել է նաև, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցները՝ ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Իրանի կարծիքով՝ տրանզիտային ուղիների ստեղծումը և կապի ճանապարհների ապաշրջափակումը կարող են նպաստել տարածաշրջանային երկրների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դրանք հիմնված են փոխադարձ շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա և զերծ են օտարերկրյա միջամտությունից։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իրանը պատրաստ է շարունակել կառուցողական և փոխշահավետ համագործակցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու և տնտեսական զարգացումը խթանելու համար երկկողմ և տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։