Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ալիև–Փաշինյան համատեղ հայտարարությունը հստակ ամրագրում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով «անխոչընդոտ կապի» ապահովումը։
Հայաստանի մասով, սակայն, փաստաթուղթը սահմանափակվում է միայն «փոխադարձ օգուտներ» ձևակերպմամբ՝ առանց հստակեցնելու, թե դա ենթադրում է նույնական ընթացակարգեր, երկու ուղղությամբ տեղաշարժ և մաքսային ու սահմանային վերահսկողություն։
Եթե իշխանությունների նկարագրած փոխադարձության մոդելը իրապես ամրագրված լիներ, փաստաթղթում պետք է լիներ հստակ և երկիմաստության տեղ չթողնող ձևակերպում․
«Անխոչընդոտ հաղորդակցությունը երաշխավորվում է փոխադարձ հիմունքներով, նույնական ընթացակարգերով և կողմերի սահմանապահ և մաքսային վերահսկողությամբ»։
Քանի որ նման հստակ ձևակերպում փաստաթղթում չկա, իրական պատկերը պարզ կդառնա միայն գործնականում, երբ առաջին ադրբեջանական բեռը կամ քաղաքացին Հայաստանի տարածքով կանցնի դեպի Նախիջևան, կամ երբ առաջին հայաստանի քաղաքացին կամ բեռը Նախիջևանով կանցնի դեպի Մեղրի։
Այդ ժամանակ էլ կպարզվի՝ սա հավասար պայմաններով փոխադարձ համագործակցությո՞ւն է, թե՞ ոչ։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















