Ունենք առնվազն 30 տոկոս պոպուլյացիոն իմունիտետ, ինչը թույլ է տալիս, որ վարակը շատ ագրեսիվ չտարածվի․ Համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, խնդրում եմ ձեր մասնագիտական գնահատականը համաճարակային իրավիճակին։ Պաշտոնական թվերը կարծես նվազում են, այնպես չէ՞։

– Այո՛, ճիշտ եք նկատել՝ թվերը, իհարկե, նվազում են։ Եթե հիվանդացության կորագծին նայեք, ակնհայտ է դառնում, որ հիմա հասել ենք հունիս-հուլիս ամիսներին գրանցված թվերին։

Երևի կհիշեք՝ կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքի պիկում մենք ունեցանք ակտիվ դեպքերի նույն քանակը, ինչ ունենք հիմա նվազած վիճակում։ Այսօր վիճակը կարելի է կայունացում համարել։

Նման իրավիճակը միգուցե նաև պայմանավորված է նրանով, որ կա հետվարակային իմունիտետ։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք վարակվեցին, գոնե որոշ ժամանակ վարակի նկատմամբ կլինեն անընկալ, և նրանց հաշվին դեպքերի նոր ավելացում չենք ունենա։ 

– Բայց մենք նաև կրկնավարակի դեպքերի մասին ենք լսում։

– Կրկնավարակի դեպքեր, այո՛, լինում են և լինում են հիմնականում այն ժամանակ, երբ մարդիկ առաջին անգամ կորոնավիրուսով անախտանշան են վարակված եղել կամ ունեցել են թեթև վիճակ։

Այս դեպքում հակամարմինների հզորությունը բավարար չի լինում և չի բացառում կրկնավարակը։ Բայց ամեն դեպքում սա այն քանակը չէ, որը անհանգստացնող լինի։ 

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, հայտնի էր՝ պաշտոնական վիճակագրությունը իրականությունը չի ներկայացնում, քանի որ հայտնի են դեպքեր, որոնք գիտեն՝ վարակակիր են, բայց թեստավորում չեն անցել, հետևաբար չի արձանագրվել նրանց վարակակիր լինելը։ Դրա հաշվին հնարավո՞ր է պնդել, որ կա ձևավորված իմունային պատնեշը, որի մասին մասնագետները շատ են խոսել։

– Ես համաճարակաբան եմ մի հիվանդանոցում և իմ փորձից ստացված մոտավոր հաշվարկներով կարող եմ ասել, որ ունենք առնվազն 30 տոկոս պոպուլյացիոն իմունիտետ։ Սա շատ փոքր, մասնակի հետազոտության արդյունքներ եմ ձեզ ասում։

Սա արդեն այն բազան է, որը թույլ է տալիս, որ վարակը այնպես արագ ու ագրեսիվ չտարածվի, ինչը եղավ Հայաստանում ավելի վաղ, օրինակ՝ հոկտեմբերի կեսերին։ Ես ձեզ ուզում եմ մատնանշել Վրաստանի օրինակը, որոնք մեզանից ավելի առաջ են հիվանդացության մակարդակով՝ եթե մենք աշխարհում 11-րդ տեղում ենք, ապա Վրաստանը 8-րդ տեղում է, այսինքն՝ 1 մլն բնակչության հաշվարկով ավելի շատ վարակի դեպքեր ունեն արձանագրված, քան Հայաստանը։

Այնտեղ, տեսաք՝ շատ խիստ լոքդաուն տեղի ունեցավ, շատ խիստ էին պահում կանոնները, բայց լոքդաունը հանելուց հետո հիվանդացության կտրուկ բարձրացում տեղի ունեցավ։ Մեզ մոտ՝ Հայաստանում, հիվանդացության աճի տեմպերը ալիքներով եղան։

– Այսինքն՝ համաճարակի դեմ Հայաստանում կիրառված գործիքները արդյունավե՞տ էին։

– Որոշակիորեն՝ այո։ Միանշանակ չեմ կարող ասել իհարկե, կարելի էր որոշ դեպքերում ավելի արդյունավետ աշխատել։ Դա իհարկե հասկանալի է, որովհետև մենք փորձի պակաս ունեինք նման համաճարակի դիմակայելու։

Եվ բացի դրանից, մենք ունեցանք երկրորդ հումանիտար ճգնաժամը՝ պատերազմը, որը միշտ նպաստում է ցանկացած վարակիչ հիվանդացության բարձրացմանը։ Առավել ևս՝ պանդեմիայի շրջանում։

Դա խթան հանդիսացավ, որ մենք ունենանք կտրուկ բարձրացում։ Բայց աշխարհը խոսում է այն մասին, որ լոքդաուն հասկացությունը իր արդյունավետությունը չապացուցեց։

Ես օրերս մի հետազոտության արդյունքների ծանոթացա, որի համաձայն՝ լոքդաունը վերացնելուց հետո վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել է տնային տնտեսություններում, այսինքն՝ այն տեղերում, որտեղ մարդիկ երկար մնացել են, դուրս չեն եկել։

Այնպես որ, քիչ-քիչ ալիքներով հակահամաճարակային կանոնները պահելով երևի ճիշտ էր դիմակայել համավարակին։ Շահեցին կարգապահ երկրները, որոնք օրինապաշտ էին, պահպանում էին կարգուկանոնը։

– Շուտով ամանորյա տոներ են, և հայերի շրջանում ընդունված է միմյանց այցելելը։ Ի՞նչ հիմնական խորհուրդ կտաք վարակի տարածումը կանխելու համար։

– Խորհուրդները նույնն են՝ խստագույնս պետք է պահպանել կորոնավիրուսի համավարակի շրջանում շատ տարածված ու հայտնի երեք հիմնական կանոնները՝ կրել դիմակ, պահպանել հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը։

Բայց ամենակարևորը՝ եթե ունեն վարակի ակնհայտ նշաններ, պետք է խուսափեն միմյանց տներ այցելելուց։ Նույնպես պետք է խուսափել այցելություններից, եթե վարակակրի հետ կոնտակտ են ունեցել․ այսինքն՝ մարդը ինքն իր համար պետք է գնահատի ռիսկը ու հարց տա իրեն՝ միգուցե իր այցելությունը վա՞տ լինի դիմացինի համար։

Նման տիպի կանոնները պահպանելով գոնե հնարավոր կլինի կանխել ավելի մեծ ալիքի տարածումը։ Առաջիկայում մեր հույսը պետք է լինի պատվաստանյութը․ ինչքան շուտ պատվաստանյութը կիրառվի, այնքան շուտ կվերադառնանք մեր նախկին ապրելակերպին։

– Բայց մեզ մոտ կարծես գարնանից շուտ չի սպասվում պատվաստանյութի կիրառություն։

– Այո, ասում են՝ գարնանը։ Բայց, տեսեք՝ արդեն շատ երկրներում համատարած պատվաստանյութեր են կիրառվում, ու երբ նրանք աշխարհի մակարդակով ունենան իմունիտետ, գոնե մեր երկիր բերովի դեպքերը կկանխվեն։ Դա նույնպես դրական միտում կլինի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am